«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան ելույթին արձագանքում է թուրքական մամուլը

Հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ թուրքական հարաբերություններին: Նա ասել էր. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Գյուլին Երեւանՙ միասին դիտելու Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը»:

Հայ-թուրքական հանձնաժողովի մասին նախագահ Սարգսյանի խոսքերը ենթադրելի է, որ իրարամերժ արձագանքներ գտնեն Հայաստանում եւ շահարկվեն: Թուրքական շրջանակներն էլ արձագանքել են Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Նրանց արձագանքները, սակայն, ոչ այնքան շահարկելու, որքան հրավերի նպատակահարմարությունը քննարկելու ենթատեքստ ունեն, ինչպես նաեւ նախագահ Գյուլին խրախուսելու միտում:

Քննարկման պարագայում խոսքը Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջիի մասին է: Նա միեւնույն ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի հունիսի 27-ի համարում նախ մանրամասն շարադրում է ՌԴ նախագահի եւ վարչապետի Դաշնային խորհրդի եւ Պետդումայի նախագահների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում բարձրացված հարցերը, ապա եւ անդրադառնում է հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ նրա ունեցած ելույթի բովանդակությանը:

Դեւեջին գրում է. «Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սարգսյանն արտահայտեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը, ապա եւ «21-րդ դարում չեն կարող փակ լինել հարեւան երկրների սահմանները» խոսքերով կրկնեց պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին իր պայմանական աջակցությունը: Ինչպես հայտնի է, աշխարհի ֆուտբոլի առաջնության մրցաշարի առաջին հանդիպումը 2008-ի սեպտեմբերի 6-ին անցկացվելու է Հայաստանում, իսկ վերջինըՙ 2009-ի սեպտեմբերի 14-ին, Թուրքիայում: Առ այսօր ճշտված չէ հանդիպումների անցկացման կարգը, քանի որ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ: Այս հանգամանքն ուշագրավ է դարձնում այդ երկրների խնդիրների կարգավորմանը Սարգսյանի հրավերի ազդեցությունը: Սակայն այդ հրավերը որպես նախաձեռնություն որքան էլ տարբերվի նախորդ նախաձեռնություններից, այնուամենայնիվ, հարցականներ է առաջացնում: 2007-ի հունիսին Ստամբուլում գումարված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառաբանությամբ չէր մասնակցել նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլ ուղարկել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Մինչդեռ նույն պատճառաբանությունը վերաբերում էր նաեւ Օսկանյանին: Հետեւաբար նախագահ Գյուլին Երեւան հրավիրելու Սերժ Սարգսյանի ձեռնարկումը պետք է հակասի իր երկրի վերոհիշյալ պատճառաբանությամբ պայմանավորված նախորդ դիրքորոշմանը: Ավելին, դեռեւս պաշտոնական բնույթ չստացած այդ հրավերին հայկական սփյուռքի հակազդեցությունը հաշվի առնելու դեպքում չի բացառվում ՀՀ նախագահի հրավերից հրաժարվելու հավանականությունը»:

Ինչ վերաբերում է հրավերի առումով Թուրքիայի նախագահին խրախուսելու հանգամանքին, ապա դրան էլ նույն օրվա համարում ձեռնամուխ է եղել «Թարաֆը», նշելով. «Ֆուտբոլային հանդիպման համար նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրելու նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը որոշ ժամանակից ի վեր հայ-թուրքական հարաբերություններում նոր էջ բացելու նպատակով կատարվող տրամադրությունների փոխադարձ շոշափման ամենացայտուն արտահայտությունն է: Երանի՜ հրավերն ընդունի մեր նախագահը, որը դեռեւս արտգործնախարարի կարգավիճակում հակված էր արեւելյան հարեւանի հետ մերձեցմանը եւ դրական ազդանշաններ էր հաղորդել 2005-ի «Բիլգի» համալսարանի աղմկահարույց «Հայկական գիտաժողովին»:

Խաղից առաջ ինչ քայլեր կկատարվե՞ն, թե՞ ոչ, չգիտենք, սակայն դժվար չէ կռահել, որ սահմանների բացմանն առնչվող խնդիրները քննարկվում են: Ինչո՞ւ հիմա: Թուրքիայի գլխավոր մտավախությունն այն է, որ ընտրություններում դեմոկրատ թեկնածուի հաղթանակի դեպքում անհնար է լինելու կանխել ԱՄՆ-ի Կոնգրեսում բազմիցս քննարկված Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացումը: Եթե Բարաք Օբաման ընտրվի եւ կատարի ցեղասպանությունը ճանաչելու խոստումը, ապա դա ակնհայտորեն երկրաշարժի ներգործություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերություններում: Մինչդեռ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում, ընդդեմ Կոնգրեսի Թուրքիային պաշտպանելն ավելի դյուրին կլինի Օբամայի համար: Իմանալով այդ մասին Անկարան այսօրվանից գործի է անցել: Դեռեւս փետրվարին նախագահական ընտրությունների հաղթանակից հետո, որը խարդախության պատճառաբանությամբ կասկածի տակ էր դրվել, Սարգսյանին առաջիններից մեկը շնորհավորողների ցանկում Գյուլի հայտնվելը նոր ռազմավարության առաջին նախանշանն էր: Իսկ ժողովուրդները պատրա՞ստ են դրան: Մեր կարծիքով, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանումՙ այո: Գուցե տարօրինակ թվա, բայց հայաստանցի ֆուտբոլասերները Գերմանիայի հետ խաղում պաշտպանում էին Թուրքիայի հավաքականին: Ցավոք, քաղաքական որոշ ուժեր սկսել են խառնել իրավիճակը: Նախընտրական պայքարի ընթացքում «Թուրքիայի հետ հարաբերությունները ես եմ կարգավորելու» բացականչություններով հանդես եկող ՀՀ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին մեղմ վերաբերվելու համար սկսեց «ցեղասպանությունը մերժելու» մեջ մեղադրել Սերժ Սարգսյանին»:

«Թարաֆ» թերթին հունիսի 28-ի համարում «Գյուլը Երեւան կգնա» կանխատեսումով լրացրել է «Հյուրիեթը»ՙ շարունակելով. «Անկարան հրավերին դրական է մոտենում: Դիվանագիտական աղբյուրները թեեւ նշում են, որ դեռեւս պաշտոնական հրավեր չեն ստացել, սակայն իրենց մոտեցումը հրավերին բացասական չէ»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4