«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ

ՀՀ կառավարության 2008-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, նախատեսվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցությամբ լուծել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած Լոռու մարզի Վանաձոր քաղաքումՙ 30, Ստեփանավան քաղաքում` 11 անձանց բնակարանների խնդիրները:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հունիսի 27-ի այցը Արագածոտնի եւ Լոռու մարզ` կառավարության հաստատած ծրագրով հեռավոր գյուղերում կրթական օբյեկտների եւ մշակութային կենտրոնների կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար էր: Նախարարը սկզբում եղավ Արագածոտնի մարզի 125 ընտանիք ունեցող Լեռնապար համայնքում, որտեղ պետական բյուջեից 150 մլն դրամ է հատկացվել տեղի համայնքային կենտրոնի հիմնանորոգմանը: Շինարարական աշխատանքներին մասնակցող 25-30 աշխատողներից յուրաքանչյուրի միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազար դրամ:

2009-ի միջնաժամկետ ծախսային ծրագրով 5-6 մլրդ դրամ ավելի գումար է նախատեսված հատկապես կրթական ոլորտի օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքների համար:

«Արշալույս» արտադրական կոոպերատիվի գլխավոր ինժեներ Տիգրան Այվազյանը ծանոթացրեց Լեռնապարում 180 աշակերտի համար կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին: Այս տարի 58 մլն դրամ է հատկացվել դպրոցի 1-ին հարկի պատերի եւ տանիքի ծածկի համար: Վանաձորում Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղում քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ 2008-ին 90 մլն դրամ էլ հատկացվել է բուհի վերանորոգմանը: Վանաձորի 1176 աշակերտական տեղով Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցում հատակի, տանիքների վերանորոգմանն էլ հատկացվել է 57 մլն 670 հազար դրամ: Դպրոցի տնօրենը նախարար Վարդանյանին ներկայացրեց կրթական համալիրի առջեւ ծառացած խնդիրները: Դպրոցի մարզադահլիճը վերջին անգամ վերանորոգվել էր 97-ին եւ անմխիթար վիճակում էր, որի վերանորոգման համար էլ նախարարը խոստացավ տրամադրել 10-12 մլն դրամ:

Ըստ նախարարի, ԲԳՎ ծրագրի միջոցով բնակարանային խնդիրների լուծմանը տրամադրվել է 1 մլրդ 730 մլն դրամ, իսկ 2008-ինՙ 2 մլրդ 630 մլն դրամ:

«Ծրագիրը շարունակական բնույթ ունի: ՀՀ նախագահի հանձնարարությամբ միջոցառումներ են ձեռնարկվում մինչեւ 2013-ը երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներին ապահովելու բնակարանային պայմաններով», հավելեց նախարարը:

Ըստ նախարարի, 500 ընտանիքներ արդեն իսկ ապահովվել են բնակարաններով, իսկ հետագայում նախատեսվում է բնակարաններով ապահովել եւս 6985 ընտանիքի: Իսկ սոցիալապես անապահով մյուս ընտանիքների համար առանձին ծրագիր է ընդունվելու: Ձեռնարկվելու են համապատասխան միջոցառումներ կառավարությունում հարցը բարձրացնելու համար:

Քաղաքաշինության նախարարի վերջին կանգառը Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 18 դպրոցի նախկին տեղում մարզադահլիճի կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար էր: Այստեղ էլ պետբյուջեից հատկացվել էր 102 մլն 380 հազար դրամՙ շինարարական աշխատանքների համար:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-Լոռի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4