«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


«ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»

Կոչ են անում ՀՄԽ-ի սաները

Էջմիածնի Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը գործում է 1990 թ.-ից: Նպատակն է լիարժեք մանկություն ապահովել մասնավորապես ծնողազուրկ երեխաներին, բացահայտել ու զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները, նպաստել անհատականության դրսեւորմանն ու պատրաստել երկրի համար պատասխանատու քաղաքացիներ ու ապագայի կերտողներ: Տարիների ընթացքում ՀՄԽ-ն իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր: ՀՄԽ-ն աջակցում է ավելի քան 300 երեխայիՙ սովորեցնելով գորգագործություն, գոբելեն, նկարչություն: Ասել է թե, կրթել արվեստի միջոցով: ՀՄԽ-ն լուրջ ուշադրություն է դարձնում թատերարվեստի զարգացմանը: 4 տարվա վաղեմությամբ թատերախումբը հաճախակի կազմակերպում է ներկայացումներ հանրապետության մանկատների համար: Վերջերս էլ թատերախումբը հյուրախաղերով մեկնել էր Թեհրան: Մի քանի ամիս առաջ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի հովանավորությամբ ՀՄԽ-ում ստեղծվել էր ստուդիա, որտեղ նկարահանված ֆիլմերի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս: Միջոցառումը կոչվում էր «Հնի եւ նորի հաշտեցում»: Նպատակն էր պարզել, թե հասարակության տարբեր շերտեր ու տարբեր մասնագիտության տեր մարդիկ ինչպես են արձագանքում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Ներկայացված յոթ սոցիալական ֆիլմՙ «Մի՛ լքիր քո բնօրրանը», «Մաքուր պահենք մեր երկիրը», բարձրաձայնում են արդիական հարցեր:

«Բազմազան սերիալները տալու են իրենց պտուղը: Ունենալու ենք սերունդ, որ հայերեն չի խոսի ու չի ունենա ազգային մտածելակերպ: Մեզ անհրաժեշտ է աշխարհաճանաչ սերունդ, որպեսզի վաղվա Հայաստանն իսկապես լավը լինի: Մեքենաների արագությամբ ու ճոխությամբ չէ, որ ազգը պետք է զարթոնք ապրի: Ազգային վերածնունդը մշակույթի, գիտության զարթոնքն է, մարդկային հարաբերությունների մեղմացումը», ասում է ՀՄԽ-ի նախագահ Գրիգոր Բաբախանյանը: Նաեւ հավելում, որ ՀՄԽ-ի կայունության գրավականը նրա գաղափարական ամուր հիմքն է եւ հավատը սեփական գործի նկատմամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4