Ինչպե՞ս է ուրախանում մարդը, երբ անդրանիկ թոռն է ծնվում: Աշխարհով մեկ է լինում, վայելում պապիկ դառնալու բերկրանքը, իր անունով կնքված թոռան պարգեւած երջանկությունը: Արամայիս Ալոյանն էլ է այդպես վայելում իր ուրախությունը, բայց հատկապես իր հարազատ-բարեկամների հետ:
Նա Նորքի տուն-ինտերնատի տնօրենն է, կնշանակիՙ բարեկամների շարքը համալրված է տուն-ինտերնատի 235 բնակիչներով: Անսովո՞ր կթվա շատ տնօրենների ականջին, բայց ոչ` Արամայիս Ալոյանի: Նա մինչ թոռան ծնունդն էլ ձեւավորել էր ավանդույթ` պապիկ-տատիկներից ոմանց (առավել առողջներին ու կազմակերպվածներին) ամռան շոգ օրերին տանում էր քաղաքից դուրս հանգստանալու: Այս անգամ «Ազգը» եւս հրավեր ստացավ միանալու հանգստի գերադասելի այդ ձեւին:
Սակայն որքան էլ հրաշալի էին սարերն ու նրանց պարուրող ամպերը, անմահական էր աղբյուրի սառնորակ ջուրը, մաքուր օդն ու բազմերանգ ծաղիկները, առավել ազդեցիկ էին տարեցների հույզերն ու մտերմիկ զրույցը իրենց տնօրենի հետ: Պարոն Ալոյանն այս գեղեցիկ ավանդույթին մասնակից է դարձնում նաեւ տուն-ինտերնատի աշխատակիցներին, որոնք ոչ միայն հիանում են բնության գեղատեսիլ տեսարաններով, այլեւ ճաշի սեղանն են պատրաստում` տեղը տեղին, ինչպես ընտանիքներում է ընդունված: Հայկական ավանդական գառան խաշլաման ու տարատեսակ խորովածները լրացրին մաքուր օդում, սարի գագաթին բացված սեղանը: Կենացներ են հնչում, որոնց մեջ լսում եմՙ «Մեր երեխաների կարոտը ձեզնից ենք առնում, Արամայիս ջան, ջահելներ ջան», «Թող Աստված երկար կյանք տա Ձեզ դաստիարակած ծնողներին», «Ձեր ուշադրությունը մեզ երիտասարդացնում է, ուժ է տալիս», «Դուք իմ հարազատ բալիկներն եք, անձնակազմի սիրելի աղջիկներ», խոստովանություններն ու գնահատանքի, օրհնանքի հարյուրավոր խոսքեր: Տարեցներն առանձին-առանձին մոտենում են մեզ ու ամեն մեկը խնդրում է իր կարծիքը տպել իրենց տնօրենի մասին, որ ոչ միայն տնօրեն է, այլեւ սեփական որդու պես հարազատ հոգի:
Արամայիս Ալոյանի տարիքը իրենց ծնողներին տուն-ինտերնատ բերած որդիներից շատերի տարիքից փոքր է, փոխարենը արժեքներն ու նպատակներն են այլ, պատասխանատվության զգացողությունն է այլ: Տարեց մարդկանց աչքերում ուրախություն տեսնելը Ա. Ալոյանի համար հոգեկան անբացատրելի բերկրանք է, նրանց մասին ազնվորեն հոգ տանելը` ոչ միայն աշխատանք, այլեւ հոգու պահանջ եւ խղճի առաջ պատասխանատվություն: Փոքրուց հարազատ պապի հետ ընկերություն արած տնօրենը հիմա բազմաթիվ պապիկների է բերում այն վայրն, ուր ինքն իր պապի հետ մանուկ տարիներին մեղու էր պահում: «Սա է դրախտը», համոզված ասում է տնօրենը եւ չի դադարում հիանալ ծաղիկներով ու ամպերով, որ կարծես գնահատելով մարդկանց ժամանցը, այդպես էլ չանձրեւեցին:
Իսկ վերադարձին նորաթուխ պապիկը մտմտում էր նոր այցելությունների մասին, որոնց շատ շուտով մասնակցելու են նաեւ Արամայիս Ալոյան կրտսերն ու բազմաթիվ ծերունիներ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ