«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԼԱԹԱՐ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄՇՈ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ

Այս տարի հունիսի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը: Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող է հանդիպել հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Հայաստանյայց եկեղեցին Հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Որոշ տվյալներով, Վարդավառը 4-5 հազար տարվա տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը: Այդ օրը հայերը, որտեղ էլ բնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր ցողելով` լողանում են գետերում եւ աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի եւ ջրհեղեղի: Ինչպես մինչեւ Տիրամոր վերափոխման տոնին կատարվող խաղողօրհնեքի արարողությունը խաղող չէին ուտում, այնպես էլ ժողովրդական տարածված սովորությամբ մինչեւ Վարդավառը խնձոր չէին ուտում: Այս սովորությունն անվանում էին «խնձորի պաս»:

Մուշի Լաթար գյուղից սերող Ռադիկ Վանունցը Վարդավառը ընկերների, ծանոթների, հյուրերի շատ մեծ շրջանակով է տոնումՙ արդեն ավանդույթ դարձած հավաքով, որ երեկ էլ տեղի ունեցավ «Լաթար» հյուրանոցաառողջարանային համալիրում: Տոնը ժողովրդական հավաք էր հիշեցնում, քանի որ հետաքրքրության ու տոնակատարության միջոցառումների երեք կենտրոն ուներ:

Մեկում համերգային ծրագիրն էին ներկայացնում Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» համույթը, «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլն ու Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որոնց ինչպես երգերին ձայնակցում էին ներկաները, այնպես էլ պարերը չէին մնում անարձագանք:

Մեկ այլ տեղում հավաքվածները հոլ ու փայտխլոցի, լնկի ու լախտա էին խաղում: Առանձին մի տեղ էլ փահլեւանն էր հավաքվածներին ուրախություն պատճառում:

Մնացյալ ամեն ինչում եւս ավանդականն ու գեղեցիկն էր պահպանված. մինչեւ եկեղեցու սպասավորի օրհնություն տալն ու Վարդավառի տոնի խորհուրդը ներկայացնելը ջուրը լցրեցին վարդի բազում թերթիկներ, «խնձորի պասից» դուրս եկան հենց ծառից պտուղներ քաղելով, իսկ օրհնության ավարտին տոնի մասնակիցներին ներկայացավ նուրին` էշին նստած, որ ավանդույթի համաձայն պիտի անցներ «սար ու ձոր ու ջուր ցողեր` երաշտ տարուց խուսափելու համար»:

Տոնակատարության ավարտին «Լաթարի» մի քանի բավականին մեծ ջրավազանները Վարդավառի տոնի ամենահայտնի մասն իրագործելու լայն հնարավորություն էին տալիս, որը եւ հանդիսությանը ներկա բազմաթիվ երեխաների հիմնական ուրախությունը դարձավ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4