«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Հիշատակ մեռելոցը, որ հաջորդում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին եւ մեզանում ընդունված է իբրեւ գերեզմանատների այցի եւ հանգուցյալ ազգականներին հարգանքի տուրք մատուցելու օր, այս տարի առաջին անգամ ոչ աշխատանքային հայտարարվեց: Ինչպես կառավարության նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս որոշումն ընդունվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի առաջարկով: Այս հայտարարությունը առիթ դարձավ, որ ներկայացնենք այն խոհերն ու մտահոգությունները, որ ունի Տիգրան Սարգսյանը Հայ եկեղեցու եւ քրիստոնեության պատմության վերաբերյալ: Զրույցը տեղի է ունեցել նրա վարչապետ նշանակվելուց մի քանի օր առաջ, սակայն, կարծում ենք, այսօր հրապարակելն առավել հետաքրքրական է:

1384 թվականից Ջենովայի Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում է պահվում Քրիստոսի եզակի դիմանկարը, որ ստեղծվել է Ամենափրկչի կենդանության օրոք` Աբգար թագավորի պատվերով: Դաստառակը մինչ այս հանգրվանը Եդեսիայից անցել է Կոստանդնուպոլիս, ապա Ջենովայի հայկական եկեղեցի, հետո Ֆրանսիա ու կրկին Ջենովայի նույն եկեղեցի: Սակայն այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, որ դաստառակն այնտեղ դեռ երկար կմնա: Իտալական հոգեւոր իշխանության քաղաքականությունն այլ նպատակներ է հետապնդում:

Հայ առաքելական եկեղեցու օրացույցով դեկտեմբերին նշվում է Ս. Աբգար նախավկայի` Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրը: Նա պարթեւ Արշակունի Արշամի որդին է: Աբգարին «ավագ այր» են անվանել, որովհետեւ բոլորից իմաստուն եւ հանճարեղ էր: Այս թագավորի մասին են գրել պատմահայր Մովսես Խորենացին, ասորի պատմիչ Լաբուբնիա Եդեսացին, հույն Պրոկոպիոս եւ Եվսեբիոս պատմիչները: Նրա կյանքի ու գործունեության ամենանշանավոր դրվագներից են Հիսուս Քրիստոսի հետ ունեցած նամակագրությունը եւ Քրիստոսի պատկերով դաստառակի պատմությունը: Ըստ պատմիչների, Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների եւ սքանչելագործությունների մասին, հավատում է Հիսուս Քրիստոսին եւ իր պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկում Երուսաղեմ, որպեսզի Փրկիչը գա եւ բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապում էր չարաչար ցավերով: Քրիստոսի պատասխան թղթում ասվում է, որ ինքը դեռ գործեր ունի Երուսաղեմում, բայց անպայման իր աշակերտներից մեկին կուղարկի, որը եւ կբժշկի նրան: Եդեսիայի Աբգար թագավորն իր նկարիչ Անանիային ուղարկում է Հիսուս Քրիստոսի մոտ եւ հանձնարարում նրա դիմանկարն անել: Երբ Քրիստոսը տեսնում է, որ Անանիան չի կարողանում նկարել իրեն, դեմքը լվանում է ջրով եւ դաստառակը դնում դեմքին, ինչից հետո միայն Անանիան ջրի հետքերով կարողանում է Ամենափրկչի պատկերը ստանալ: Պատմիչների վկայությամբ, Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեւոս առաքյալը գալիս է Եդեսիա, բժշկում Աբգարին ու քաղաքի բոլոր հիվանդներին եւ քարոզում Ավետարանը:

944 թվականին դաստառակը Եդեսիայի էմիրի եւ բյուզանդացի կայսր Կոնստանտին VIII-ի բանակցություններով Եդեսիայից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Այս տեղափոխությունն այնքան է կարեւորվել, որ հիշելու եւ տոնելու համար եկեղեցական ծես է հաստատվել:

1362 թվականին, երբ Բյուզանդական կայսրության անկումը լրջորեն վտանգված էր թուրքերի մուտքով, ջենովացի նավապետ Լեոնարդո Մոնտալդոն կայսր Ջոն V-ին մատուցած ռազմական աջակցության համար իբրեւ նվեր ստացած դաստառակը Կոստանդնուպոլսից իր հետ տանում է: 1384-ին Մոնտալդոն դաստառակը տեղափոխեց Ջենովա եւ տվեց 1308-ին հայերի կառուցած Ս. Բարդուղիմեոս եկեղեցուն, որի մոտ իր ընտանիքը տներ եւ հարստություններ ուներ:

Դաստառակի հաջորդ հանգրվանը Ֆրանսիան էր, որտեղ հայտնվում է 1507-ին` Ֆրանսիայի թագավոր Լուի XII-ի կողմից Ջենովայի գրավման հետեւանքով, սակայն մի քանի ամիս հետո դեսպանների, հարուստ մեկենասների եւ ջենովացի բանկիրների միջամտությամբ մասունքը վերադառնում է Ջենովա:

«Սա հայ ժողովրդի պատմության ամենափայլուն էջերից մեկն է, որը, ցավոք, սովետական 70 տարիների ընթացքում մեր բոլոր պատմաբաններն անուշադրության են մատնել, իսկ մենք շարունակում ենք այդ ժամանակների ժառանգությունը` կարծես Սուրբ Աբգարի պատմությունը եւ նրա նամակագրությունը Քրիստոսի հետ առասպել է, ոչ թե պատմություն: Ցավով պետք է նշեմ, որ այդ մոտեցումը դեռեւս շարունակվում է», ասում է Տիգրան Սարգսյանը: Երբ տարիներ առաջ Նավասարդ սրբազանի հետ որոշել են ուխտագնացություն կազմակերպել դեպի Ս. Բարդուղիմեոսի եկեղեցի` տեսնելու դաստառակը, ոչ միայն Վատիկանի, այլեւ կաթողիկե եկեղեցու առաջնորդները փորձել են վստահեցնել, որ այդ եկեղեցին վաղուց գոյություն չունի, դաստառակը` առավել եւս, որ այն ավելի շատ հորինվածք, քան իրականություն է: Չկարողանալով ոչ մի պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերել` նախաձեռնության հեղինակները հույսը դրել են բախտի եւ մի քանի հասցեագրքերում նշված տեղեկությունների վրա եւ ճանապարհվել դեպի Ջենովա: «Ջենովայում հայտնվելն այդքան էլ բարդ չէր, ավելի բարդ էր հայկական հրապարակում հայկական եկեղեցին գտնելը, պատմում է Տիգրան Սարգսյանը: Գնացինք այն հասցեով, որ գտել էինք հասցեագրքերում: Հայտնվեցինք բավական փոքրիկ հայկական հրապարակում: Մեջտեղում կանգնած` հայտնի այդ եկեղեցին չէինք գտնում: Մեր աջ կողմում մի բնակելի շենք էր` կանաչ մեծ դռներով: Այդ մուտքի բնակիչներից որոշեցինք պարզել, թե որտեղ է եկեղեցին: Սակայն երբ մուտքի դռները բացեցինք, միանգամից հայտնվեցինք Ս. Բարդուղիմեոս եկեղեցու բակում: Դա մի մեծ, հիասքանչ եկեղեցի էր` հայկական խաչքարերով եւ շատ գեղեցիկ վիտրաժներով: Այդ բոլոր պատկերները Սուրբ Աբգարի պատմությունն էին ներկայացնում` թե ինչպես է նա նամակ գրում Քրիստոսին, պատվիրակություն ուղարկում Քրիստոսի մոտ, ինչպես է այդ պատվիրակությունը փորձում նկարել Քրիստոսին, հետո` նրանց վերադարձը, Աբգարի բուժումը հիվանդությունից եւ քրիստոնեության ընդունումը: Դաստառակն ապշեցուցիչ մի բան էր, շարունակում է Տ. Սարգսյանը: Երբ նայում եք Քրիստոսի պատկերին, տեսնում եք մի տղամարդու, որի տարիքն անհասկանալի է: Միեւնույն ժամանակ այդ նկարից ահռելի ուժ եւ էներգիա է հաղորդվում: Դա աննկարագրելի բան է: Կարծում եմ` ամեն հայ պետք է տեսնի շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող այդ դաստառակը»:

Հայտնի է, որ հայերը Ջենովայում բնակվել են 11-րդ դարից սկսած եւ երկար ժամանակ վստահություն ու հեղինակություն են վայելել առեւտրական այս կենտրոնում: Իսկ վստահությունը պայմանավորված էր համայնքային օրենքներով, որոնց համաձայն հակաքրիստոնեական վարքը` սուտն ու գողությունը, խստագույնս պատժվում էր համայնքից վտարումով: Այսպիսով հայերը բարգավաճում էին Ջենովայում: Հայերի կառուցած Ս. Բարդուղիմեոսի եկեղեցին էլ հայկական համայնքի ակտիվ դերակատարության եւս մեկ ապացույց է: Այսօր, սակայն, ամեն ինչ այնքան է փոխվել, որ նույնիսկ եկեղեցին ու դաստառակը գտնելու նպատակով Ջենովա հասած ուխտագնացները դժվարությամբ են այն հայտնաբերել: «Հետաքրքրական է, որ նախկինում, երբ դեռեւս հայկական համայնքն ակտիվ էր Ջենովայում, դաստառակը հազվադեպ էին ցուցադրում եւ թույլ տալիս, որ ուխտագնացները տեսնեն, պատմում է Տիգրան Սարգսյանը: Այնպիսի տպավորություն է, որ իտալական իշխանությունները ձգտում են այդ դաստառակի պատմությունը մոռացության մատնել»: Ուխտագնացներին պատմել են, որ դաստառակը սկզբում պահվում էր 7 բանալիների տակ, ցուցադրելու համար ամիսը 1 օր քաղաքի 7 պատգամավորները հավաքվում էին, յուրաքանչյուն իր բանալիով բացում էր պատյանը եւ այսպիսով միայն հնարավորություն տալիս այդ պահին ներկա եղողներին դիտելու մասունքը: Կամաց-կամաց այդ քաղաքականությունը հանգեցրել է ուխտագնացների թվի կրճատման եւ եկեղեցու դերի նվազման:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4