Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հունիսի 25-27-ը կազմակերպեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով Հանրապետական երիտասարդական երրորդ համաժողովը: Համաժողովի նպատակն էր բարձրացնել երիտասարդական հասարակական դաշտի մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական ՀԿ-պետություն, ՀԿ-միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ՀԿ կապերը եւ համագործակցությունը, վեր հանել երիտասարդությանն առնչվող արդիական խնդիրները եւ քննարկել դրանց լուծման ուղիները:
Համաժողովն ընթացավ երկու մասով` թեմատիկ քննարկում-աշխատանքային խմբեր եւ «Մտքերի տոնավաճառ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ եւ Ջավախքի երիտասարդական ՀԿ-ներ, երիտասարդական ոլորտում գործունեություն իրականացնող ՀԿ-ներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ:
Ցուցահանդեսում այս անգամ ներկայացված էր նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ):
Մասնակիցներին տրամադրվել էին տաղավարներ, որտեղ նրանք ցուցադրում էին իրենց ծրագրերի մասին պատմող տպագիր նյութերը:
Նման նախաձեռնությունը լավ հնարավորություն էր ներկայացնելու կազմակերպության իրականացրած ծրագրերը, աշխատանքային առաջնահերթությունները, հեռանկարները:
Խորհրդաժողովի վերջում մասնակից կազմակերպությունները, այդ թվում նաեւ ՀՀԿ ԵԿԱ-ն պարգեւատրվեցին շնորհակալագրերով:
Լիահույս ենք, որ համաժողովի շնորհիվ ձեռք բերված նոր կապերն ու համատեղ աշխատելու ցանկությունն արդեն իսկ մոտ ապագայում կտան սպասվող արդյունքները:
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահ