«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2008-06-28 | #124, 2008-07-01 | #125, 2008-07-02


ԷՐԳՐԻ ՄԱՐԴԻԿ

Դու միշտ մեզ հետ ես

Գաղթը, կոտորածը, պատերազմները ո՞ր հայ ընտանիքը չեն բզկտել, տեղահանել, զրկել իր բնօրրանից: Ոչ դու, ոչ ես Էրգրում չենք ծնվել, Ռոբերտ, բայց միշտ քեզ Բյուրակն է կանչել, Խնուսա բերդն ու հայրական Խոզլի գյուղը, որը Խնուսի (Հարք գավառի) 38 գյուղերից մեկն էր, օսմանցի վայրի թուրքը ու քուրդ բեկերը 1915-ին սրի քաշեցին:

Դու ծնվել ես, Ռոբերտ, 1931-ի հուլիսի 1-ին Գյումրիում, Բագրատ եւ Հեղուշ ծնողներից: Հայրդ եւ հորեղբայրներդ միշտ Էրգիրն էին երազել: Ու թեեւ մայրդ բնիկ գյումրեցի էր, հայրդ` խնուսցի, բայց նրանց Էն հողն ու ջուրն էին կանչում: 1934-ին ձեր ընտանիքը տեղափոխվեց Երեւան: Այստեղ դու փայլուն առաջադիմությամբ ավարտեցիր Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը, հետո ընդունվեցիր մայրաքաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մասնաբաժինը (ֆակուլտետը): 1958-ին, սիրելի Ռոբերտ, շինարար դարձար, սկզբում աշխղեկ էիր, այնուհետեւ` ինժեներ, գլխավոր ինժեներ, շինվարչության պետ, աշխատեցիր «Երեւանշին», «Հայգյուղշին», «Հայքիմշին» տրեստների համակարգում ... Եվ սիրվեցիր ամենուր: Քայլում էինք միասին Երեւանում: Երբ 3-րդ մասի կողմերն էինք գնում, ցույց էիր տալիս այն շենքերը, կառույցները, որոնց վրա դու քրտինք էիր թափել, սիրելի Ռոբերտ, ես որպես երիտասարդ բանաստեղծ, իսկ դու` ինժեներ-շինարար:

Մեզ ավելի մտերմացրին մեր մեծերը` խնուսցի-լենինականցի, սիրված ժողովրդական արտիստ Ժան Էլոյանը, մշեցի-սասունցի բանաստեղծներ Սողոմոն Տարոնցին ու Խաչիկ Դաշտենցը: Նրանք մեզ Գեւորգ Չաուշից ու Անդրանիկից, Արաբոյից ու Հրայրից էին պատմում: Ապա մեր մեծ ապոն` Եղիշե Մելիքյանը, «Խնուս կամ Հարք գավառ» գրքի հեղինակը: Դու այնպես կլանված էիր լսում նրան: Ու քանի-քանի անգամ մեզ նրա հետ այսուայնուր տարար: Եվ որքան մեծ եղավ իմ ուրախությունը, խնուսցի Ռոբերտ, երբ իմացա, որ դու աշխատանքային ընկերուհուս, Հայպետհրատի խմբագիր եւ թարգմանիչ, արմատներով կարսեցի Վալյա Վարոսյանի հետ ես ամուսնացել: Ամեն-ամեն անգամ Թալին գնալուց հայրական տանս, Սասնո բարբառով մերոնց հետ զրուցելիս, աչքերդ լցվում էին: «Երնեկ քեզ, որ ձեր բարբառը, Սասնո նիստն ու կացը պահպանել եք: Սասնա պարը, անգամ հայհոյանքը ձեր գյուղին ուրիշ համ ու հոտ են տալիս: Ո՞ւր է, թե խնուսցիներն էլ մի տեղ հավաքված լինեին», ասում էիր դու եւ բռնած քո փոքրիկ Նարինե դստեր ձեռքը շրջում ինձ հետ Ն. Սասնաշենում:

Տարիները գլորվեցին: Էրգրի կարոտից վառված լաճերս, որ Էրգիր չէինք տեսել, ուզում էինք գոնե որպես զբոսաշրջիկ գնալ Մուշ, Սասուն, Խնուս: Դու ուզում էիր, որ մեքենայով գնանք, քեզ հետ լինեն Մոսկվայում բնակվող Նարինե դուստրդ եւ իր Վարդան Ազատյան ամուսինը, քեզ հետ լինեն Վաղարշակ եւ Բագրատ թոռներդ, որոնք իրենց պապերի անուններն են կրում: Բազում ծրագրեր ունեինք:

Ցավոք, ճակատագիրը դաժան գտնվեց: 2008-ի մարտի 29-ին նա կարճեց քո կյանքը: Այսօր դու չկաս եւ կյանքում առաջին անգամ մենք քո ծննդյան օրը` հուլիսի 1-ը, նշեցինք առանց քեզ: Ֆիզիկապես բաժանվեցիր, Ռոբերտ: Քո առաջին մեռելոցն է: Քո նուրբ, հայրենասեր, բարի, մարդամոտ եւ հյուրընկալ, ազգամեծար եւ ընտանեպաշտ վարքագիծը ապրողներիս հուշում է, որ այսօր քեզ հետ ոչ թե սեղանի շուրջը բաժակ բարձրացնենք, այլ քո շիրիմին խունկ եւ մոմ ծխացնենք, մտոք կրկնելով.

- Դու միշտ ապրողաց հետ ես: Խոնարհվում ենք քո անունի, վաստակի եւ նվիրումի առջեւ:

ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4