«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2008-06-28 | #124, 2008-07-01 | #125, 2008-07-02


ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄ

Սյունյաց աշխարհի մեծ զավակ Ակսել Բակունցը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի եւ վիպակի դասական նմուշներով, ազգային-գեղարվեստական մտածողությունն արտահայտվող ոճով: Նրա լեզուն հայ գրական լեզվի բարձրագույն որակ է:

Հանճարեղ գրողը լավագույնս բանաձեւել է այն.

«Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը եւ մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը:

... Այդքան գեղեցիկ եւ հնչեղ էր Կյորեսի լեզուն»:

Հիրավի դասականների ստեղծագործությունները ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց ուժն ու նշանակությունը: Եվ այսօր էլ մեր մեջ կրում ենք Բակունցի լույսը:

Ակսել Բակունցի տուն-թանգարանում հունիսի 13-ին մեծ շուքով նշվեց գրողի ծննդյան 109 եւ թանգարանի հիմնադրման 40-ամյակը: Հայաստանի գեղատեսիլ Գորիս քաղաքում 20-րդ դարի հայ գրականության դասական գրող, մեծատաղանդ Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968-ի հունիսին, մեկ հյուրասենյակով ու ցուցասրահով, հանդիսավորությամբ բացվել է 1970-ի սեպտեմբերին:

1976 թվականից Բակունցի տուն-թանգարանը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղն է եւ գործում է հանրապետության մշակութային առաջատար այդ հաստատության նյութական, գիտամեթոդական աջակցությամբ: Մայր թանգարանի տնօրեն բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը իր խոսքում նշեց. «Այսօր մենք արժանին մատուցեցինք մեծ գրողին, որն իր բոլոր արժանիքներով ապրում է ժողովրդի հիշողության մեջ եւ նրա սրտում, հուսով եմ, որ Բակունցի 110-ամյակը կնշենք վերանորոգված թանգարանում»:

Թանգարանի հիմնադիր վարիչ, բանաստեղծ Քաջիկ Միքայելյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով այդ օրը բացվեց նաեւ Բակունցի հուշաքարը:

Հուշաքարի հանդիսավոր բացումը կատարեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա նշեց, որ այս տունը վաղուց արդեն դարձել է սրբատեղի եւ հիմա այստեղ են կրկին հիշելու, մեծարելու Ակսել Բակունցին: Հանդիսությանը ներկա էին հյուրեր, արվեստագետներ, գրականագետներ` Կիմ Աղաբեկյանը, Դավիթ Գասպարյանը, Ղարաբաղի գրողների միության նախագահ` Վարդան Հակոբյանը: Նրանք խոսեցին Ակսել Բակունց մեծ գրողի, առեղծվածային մարդու, ստեղծագործողի մասին, գնահատեցին նրա մեծ վաստակն ու ներդրումը գրական կյանքում: Իսկ արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանն իր գնահատանքի խոսքը ցավով եզրափակեց. «Մենք հանճարներ ծնել գիտենք, բայց հանճարներ պահել չգիտենք»:

1989 թ. մշակույթի այս օջախը տոհմիկ գորիսեցի Բակունցների քառակուսի շենքի նախնական տեսքով, բնակելի տարածքով, ընդարձակ պարտեզով ամբողջացվել է, դարձել բազում այցելուների համար հյուրընկալ, ուշագրավ հուշահամալիր: Այստեղ խնամքով պահպանվում, ցուցադրվում են Մեծ գորիսեցու` Ակսել Բակունցի անձնական իրերը, գրքերը, գրապարագաները, լուսանկարները, Բակունցների կենցաղային առարկաները, կահույքը, Մ. Սարյանի, Մ. Ասլամազյանի եւ այլոց գեղարվեստական կտավները: Տուն-թանգարանում անցկացվող էքսկուրսիաների, դասախոսությունների ընթացքում այցելուները հարստանում են անզուգական, մշտահմա երկերի հեղինակի` Ակսել Բակունցի կյանքի, գրական գործունեության համակողմանի իմացությամբ, ճանաչողությամբ, վայելում գեղագիտական հաճույք: Այդ են վկայում տպավորությունների մատյաններում բազում այցելուների գրառումները եւ հատկապես թանգարանի նվիրյալ` Քաջիկ Միքայելյանի երկյուղած սերը դեպի իր գործը, դեպի Ակսել Բակունցը:

ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4