«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2008-07-02 | #126, 2008-07-03 | #127, 2008-07-04


ԲԵՆԶԻՆ, ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔ

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «իրականությանը չհամապատասխանող» եւ «անհեթեթ» երեք մեղադրանքներին

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի «չափազանց կարեւոր» խնդիրների, որոնք «վերջին շրջանում» վերագրվում են իշխանություններին եւ որոնց նախորդ օրը խնդրել էին վարչապետին անդրադառնալ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Առաջին մեղադրանքն այն է, որ Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով ավելի ցածր են ցույց տրվում, քան իրականում է: Այսինքն, ըստ վարչապետի, դա նշանակում է, որ հազարավոր վագոններ բենզին մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է Հայաստան, եւ մենք գործ ունենք միջազգային մաքսանենգության հետ, քանի որ այդ բենզինը հատում է մի քանի պետությունների սահմանները: «Հասկանալի է, որ այս տեղեկատվությունը շատ հեռու է իրականությունից, տեսականորեն եւ պրակտիկորեն դա հնարավոր չէ», նշեց Տիգրան Սարգսյանը, հիմնավորելով այն փաստով, որ յուրաքանչյուր «մեկ փոքրիկ մեքենա` երկակի նշանակության ապրանք ունեցող, որ հատում է մեր սահմանը, դառնում է միջազգային կառույցների քննարկման առարկա»: Այսինքն, այսպիսի տեղեկատվության տարածումը, վարչապետի համոզմամբ, նպատակ ունի ոչ թե ամրապնդել մեր պետականությունը, ինչի մասին խոսում են ընդդիմադիրները, այլ «ցավ պատճառել եւ վարկաբեկել իշխանություններին»:

Տարածվող հաջորդ տեղեկատվությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստականորեն գները բարձրացվում են, որպեսզի վերնախավը հարստանա: «Ինչպես 1990-97-ին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր գնաճային ճնշումների ազդեցության ներքո, եւ մենք ունեինք հիպերինֆլյացիոն երեւույթներ, այնպես էլ այսօր, իշխանությունները շահագրգռված չեն, որ մեր երկրում լինի բարձր գնաճ, որովհետեւ առաջին հերթին դա հարվածում է իշխանությունների հեղինակությանը», ընդգծեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ աշխարհի լավագույն ուղեղները մտածում են, թե ինչպես պետք է զսպել աննախադեպ, հիմնականում վառելիքի եւ սննդամթերքի գնաճը: 12 ամսվա կտրվածքով Հայաստանում արձանագրված 9,9 տոկոս գնաճից 8 տոկոսը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների աճով: «Այսինքն, այս տեղեկատվությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը», ասաց Տիգրան Սարգսյանը:

Երրորդ խնդիրը «քաղաքական սպեկուլյացիաների եւ քաղաքական ավանտյուրաների առարկա դարձած» ոսկու վաճառքի պատմությունն է: Ըստ վարչապետի, փորձ է արվում դա դարձնելու «մեղադրական մի շտամպ» եւ տարածելու քաղաքացիների շրջանում, թե «մենք մեր երկրի ոսկու պաշարները վաճառել ենք»: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Կենտրոնական բանկի պահոցներում չպետք է լինի ոսկի, այդ քաղաքական որոշումը կայացվել է 1994-ին եւ դրան հաջորդած հետագա տարիներին ոսկու բոլոր ֆիզիկական պաշարները Հայաստանից արտահանվել են Շվեյցարիա: Փոխարենը, բացվել են մետաղական դեպոզիտային արտարժութային հաշիվներ, որոնք արտահայտված են դոլարով: 1994-ին կայացրած որոշումն, ըստ վարչապետի, ճիշտ է եղել, որովհետեւ ֆիզիկական ոսկին չէր կարող նպաստել մեր երկրում տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ էր, որ այդ ոսկին դառնա եկամտաբեր, արտարժութային ակտիվ: 2003-ին ԿԲ-ն կայացրել է որոշում դոլարով արտահայտված մետաղական հաշիվները վերածելու ֆունտ ստեռլինգով դեպոզիտային հաշիվների: «Այդ գործարքի արդյունքում մենք ստացել ենք 2 մլրդ 300 մլն իրացված մաքուր շահույթ, որն ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջե»:

«Բացի դրանից, մետաղական դեպոզիտային հաշիվների սպասարկումը 2003-ին վնասաբեր էր, որովհետեւ այդ հաշիվների սպասարկման համար մենք կատարում էինք ծախսեր, իսկ եկամտաբերությունը չնչին էր` համեմատած ֆունտ ստեռլինգի հետ, որն այդ պահին ուներ ամենաբարձր եկամտաբերությունը, եւ նրա արժեքը դոլարի հետ համեմատած շատ ավելի բարձր էր: Եղել է շահավետ գործարք մեր պետության համար», ընդգծեց Տիգրան Սարգսյանը: Նա անդրադարձավ այս առնչությամբ մեկ այլ մեղադրանքի եւս, համաձայն որի, եթե այդ գործարքը իրականացվեր ոչ թե 2003-ին, այլ 2008-ին, ապա շահույթները կարող էին լինել ավելի մեծ: «Սակայն այս տրամաբանությամբ մենք կարող ենք հիշել 1990-97 թթ. բոլոր սեփականաշնորհման գործընթացները, որ եթե մենք խելոք լինեինք եւ այդ սեփականաշնորհումը իրականացնեինք ոչ թե 1990-ին, այլ 2008-ին, հասկանալի է, թե ինչքան ավելի մեծ եկամուտներ մեր պետությունը կստանար, եթե միայն վերցնենք այն հանգամանքը, թե անշարժ գույքի 1 քմ-ն ինչ արժեր 1990-ին եւ ինչ արժե 2008-ին: Հասկանալի է, որ սա անհեթեթ մոտեցում է, երբ խոսքը ավելի մասնագիտական մոտեցումներ պահանջող խնդիրների մասին է», երեք մեղադրանքների թեման եզրափակեց վարչապետը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4