(XVII դ. սկիզբ - XVIII դ. առաջին կես)
1618-ին Ամերիկա մուտք գործեց առաջին հայըՙ Ջոն Մարտինը
Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով:
Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված վերաբնակիչների թվում էին նաեւ առաջին սակավաթիվ հայերը: Բրիտանական գաղութատիրության այդ ժամանակաշրջանում Ամերիկա մեկնած հայերի մասին պահպանվել են շատ քիչ, հաճախ նաեւ պատմական հավաստման կարոտ կցկտուր տեղեկություններ: Այսպես, ըստ ամերիկացի պատմաբան Լուիս Ադամիքի, 1607 թ. Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության Ամերիկայի հյուսիսումՙ Ջեյմսթաունում հիմնած Վիրջինիայի գաղութը նույն թվականին բնակեցվել է լեհ, գերմանացի եւ հայ աշխատավորներով, որոնք եկել էին գաղութի «պատվար ու փրկիչ» քսանյոթամյա կապիտան Ջոն Սմիթի հետՙ նրա հրամանատարությամբ չորս տարի Հունգարիայում թուրքերի դեմ կռվելուց հետո: Ամերիկյան սկզբնաղբյուրները հիշատակում են. «Լեհերը, գերմանացիները եւ հայերը գաղութի աշխատավորներն ու արհեստավորներն էին եւ, ի տարբերություն գաղութատերերի, որոնք խորշում էին աշխատանքից, սովոր էին ծանր ու երկարատեւ աշխատանքի»: «Կոպիտ շարժուձեւեր» ունեցող այդ մարդիկ հմտացել էին ձյութի, կուպրի, օճառի փոշու, ապակյա համրիչների եւ էժան զարդերի արտադրության մեջ, որոնցով առեւտուր էր կատարվում հնդկացիների հետ, ինչպես նաեւ մասնակցել են նրանց դեմ գաղութատերերի մղած կռիվներինՙ նպաստելով նորաստեղծ Վիրջինիայի գաղութի թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական առաջընթացին:
Չնայած վերոհիշյալ իրողությանը, տասներկու տարի շարունակ հայերն ու նրանց հետ ժամանած մյուս աշխատավորները գտնվել են ստրկանման վիճակում եւ անգլիացիների աչքում դիտվել իբրեւ «ստորակարգ օտարականներ»ՙ զուրկ քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական իրավունքներից: Ահա թե ինչու, 1619-ին Ջեյմսթաունում հայերը լեհ, գերմանացի եւ իռլանդացի աշխատավորների հետ մասնակցել են «Ամերիկայում հասարակ մարդկանց իրավունքների ընդարձակմանն ուղղված քաղաքական գիտակցված առաջին ըմբոստությանը», որը միաժամանակ Նոր աշխարհում մարդկային իրավունքների ոտնահարման դեմ մղվող պայքարում տարբեր ազգերի ներկայացուցիչների միասնականության դրսեւորման փայլուն օրինակ է: Հայտնի է, որ ապստամբությունն ունեցել է «բարեհաջող ավարտ», քանի որ նույն թվին Ամերիկայում ստեղծված առաջին ներկայացուցչական ժողովըՙ Ջեյմսթաունի Քաղաքացիների տունը, որոշել է, որ «նրանք (ապստամբած աշխատավորները - Ք. Ա.) պետք է ազատ արձակվեն եւ լինեն ազատ այնպես, ինչպես այդտեղի ամեն մի բնակիչ»:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ, որոշ աղբյուրների համաձայն, Վիրջինիայի գաղութի 1620 թ. ննջեցյալների ցանկում պահպանվել են Զորոբաբել (հավանաբարՙ Զոհրապ Աբել) եւ Ստեփան անունները, ինչպես նաեւՙ Ջեյմսթաուն քաղաքի գերեզմանատանըՙ օտար, հավանաբար հայերեն գրերով գրված մի տապանաքար, սակայն դրանց հայկական ծագումը ենթադրական է:
Հետագա տարիներին ամերիկյան այդ շրջան ոտք դրած հաջորդ հայի մասին տեղեկանում ենք Անգլիայի Ջեյմս I թագավորի կողմից գաղութային Ամերիկայի հարավային մասում տնտեսական, քաղաքական եւ առեւտրական նպատակներով վերաբնակելի տարածք հռչակված Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության մեզ հասած որոշ փաստաթղթերից, որոնցում մի քանի անգամ հիշատակվում են «Մարտին Հայ» կամ «Ջոն Մարտին Պարսիկ» անունները (հավանաբար նկատի է առնվել XVII դ. սկզբին Շահ Աբբասի օրոք նրա ստացած պարսկահպատակությունը):
Դեպի Նոր աշխարհ Ջոն Մարտինի ուղեւորության դրդապատճառների մասին բավարար տեղեկություններ չկան: Պահպանված կցկտուր տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ Մարտին Հայն Ամերիկա էր գնացել 1618 կամ 1619 թվականներինՙ որպես արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագրով Ջեյմսթաուն ժամանած Վիրջինիայի կառավարիչ Ջորջ Յարդլիի սպասավոր, քանի որ գաղութային ժամանակաշրջանի Ամերիկայում «ոչ մի գնով հմուտ ձեռքեր չկային», բացի այդ, Նոր երկրի հարստություններն իրացնելու նպատակով ամեն կերպ խրախուսվում էր աշխատավոր ուժի մուտքն այդտեղ: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ Ջոն Մարտինը Ջ. Յարդլիի վստահությունը վայելող համեմատաբար հին սպասավորներից էր, որը Եվրոպա էր գաղթել հավանաբար 1610-1612 թթ.:
Շատ չանցածՙ 1619-ին, Ջոն Մարտինը հազարից ավելի բնակիչ ունեցող Վիրջինիայում ստանում է բրիտանական հպատակությունՙ դառնալով գաղութային ժամանակաշրջանի «առաջին հպատակագրված (naturalized - Ք.Ա.) մարդն ամերիկյան մայր ցամաքում»: Նա, որպես ազատ մարդ, դառնում է 95 ակր (1 ակրը = 4.060 մ2) հողի տեր եւ զբաղվում Վիրջինիայում տարածված ծխախոտի մշակությամբ:
Կարելի է եզրակացնել, որ ազատ գործելու արտոնությունները, որոնցից օգտվել է նաեւ Ջոն Մարտինը, հնարավոր էին դարձել շնորհիվ նույնՙ 1619 թ. Ջեյմսթաունում մի խումբ օտար աշխատավորների իրականացրած ըմբոստ ելույթի, որի շնորհիվ ձեռք էին բերվել որոշակի տնտեսական ու քաղաքական իրավունքներ:
Ջոն Մարտինը, Ամերիկայում շուրջ չորս տարի զբաղվելով ծխախոտագործությամբ, 1622-ին իր աճեցրած «ծխախոտի ծանրոցով» վերադարձել է Անգլիա, որտեղ մաքսատանը նրանից օտարերկրացու կրկնակի հարկ է պահանջվել: Այդ կապակցությամբ Ջոն Մարտինը դիմել է «Վիրջինիա» ընկերության դատարան: Պահպանվել է վերահարկավորման մասին դատարան նրա ներկայացրած 1622 թ. մայիսի 8-ի թվակիր խնդրագիրը, որից մեջբերում ենք մի հատված. «Ջոն Մարտին Պարսիկը համեստ խնդրագիր է ներկայացնում ընկերության բարեհաճությանըՙ դիմելով մաքսատուրքի իր ընկեր հողագործներինՙ իրեն ազատելու կրկնակի հարկ վճարելուց, ինչը նրանք իրենից պահանջում էին որպես օտարականից, չնայած նա դարձել էր ազատ մարդ Վիրջինիայում այն ժամանակվա կառավարիչ Սըր Ջորջ Յարդլիի տվածՙ գաղութի կնիքը կրող վկայականով»:
Ջոն Մարտինին հաջողվում է շահել դատը. նրան թույլատրվում է Անգլիայի քաղաքացիների վրա դրվող սովորական հարկով իր ծխախոտի բաժինը ներմուծել մայր երկիր: Այսպիսով, Ջոն Մարտինի գործով անգլիական դատարանը առաջին անգամ հստակեցրել է մայր երկրի եւ «օտար» գաղութաբնակների միջեւ տնտեսական հարաբերություններն ընդհանրապեսՙ խթանելով առեւտրի հետագա զարգացումը:
Ջոն Մարտինը, կրկին վավերացվելով որպես բրիտանական քաղաքացի, ունեցել է դիրքի հետագա առաջընթաց. նա դարձել է Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության մշտական կոմիտեի անդամ եւ քվեարկելու իրավունքով մասնակցել նրա բազմաթիվ կարեւոր նիստերին: Այսպես, 1623-ի հոկտեմբերի 20-ին եւ նոյեմբերի 12-ին, 1624-ի հունվարի 14-ին տեղի ունեցած «արտակարգ» եւ կարեւոր հանդիպումների արձանագրություններում նա հիշատակվում է որպես «Մարտին Հայ»: Հայտնի է նաեւ, որ նա մի ոմն լորդ Արգալի եւ յոթ այլոց հետ քվեարկել է ընկերության խնդրագիրը թագավորին հանձնելու հարցի օգտին: Ալ. Բրաունն իր «Առաջին հանրապետությունն Ամերիկայում» գրքում գրում է, որ Ջոն Մարտինի իրական անունը հայկական հնչողությամբ Հովհաննես Մարթյան պիտի եղած լինի: Կարծում ենք, հնարավոր է նաեւ Հովհաննես Մարտիրոսյան տարբերակը:
1624 թ. Ջեյմս I թագավորի կողմից Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության լուծարումից հետո դադարել են նաեւ Ջոն Մարտինի մասին տեղեկությունները:
Հետագայումՙ 1653-ին Ամերիկա են գալիս երկու շերամաբույծ հայերՙ վերականգնելու ժամանակաշրջանի համար պետական ու առեւտրական կարեւոր նշանակություն ունեցող, սակայն անհաջողության մատնված, Վիրջինիայի գաղութի շերամաբուծությունը եւ իրենց հմտությունները հաղորդելու տեղաբնիկներին: Այդ երկու հայերը, որոնք իրենց հմտության ու փորձի համար հայրենի երկրում մեծ հեղինակություն էին վայելում, Ամերիկա էին բերվել Օսմանյան կայսրությունից (հավանաբար Զմյուռնիայից) Վիրջինիայի գաղութի երեւելի ղեկավար Էդուարդ Դիգգեսի անձնական ջանքերով ու նյութական միջոցներով: Նա, զբաղվելով մետաքսի առեւտրով, շերամաբուծության ասպարեզում հայերի ունեցած հաջողությունների մասին տեղեկացել էր ժամանակին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոն վարած իր հորից: Հայտնի է, որ շերամի հունդը Ռուսաստան էր մուտք գործում մեծ մասամբ Փոքր Ասիայի հայերի միջոցով: Այդ երկու հայերը խնամքով հետեւել են Էդ.Դիգգեսի շերամաբուծական տարածքումՙ Դենբիգի, Բելֆիդի (այժմՙ Ուլիմսբերգ) եւ Ջեյմս գետի շրջակայքում, բոժոժների հասունացման համար անհրաժեշտ թթենիների աճին:
Հայերից մեկիՙ «Ջորջ Հայի» մասին տեղեկանում ենք 1656-ի դեկտեմբերին Վիրջինիայի խորհրդի կայացրած որոշումից, որտեղ ասված է. «...Ջորջ Հայը, մետաքսի արհեստում իր ցուցաբերած աջակցության եւ նույնը շարունակելու նպատակով երկրում մնալու համար, խորհրդի կողմից պարգեւատրվել է չորս հազար ֆունտ ծխախոտով»: Նշենք, որ, հակառակ գործադրած ջանքերին, սկզբնական շրջանում զգալի արդյունքների չհասած հուսահատված հայերը նույնիսկ ցանկացել են վերադառնալ: Սակայն շուտով շերամապահական գործն ապշեցուցիչ հաջողության է հասել, դրան «փութաջանորեն նպաստող» անգլիացի շերամապահ Ջոն Ֆերրարը 173 տողերից բաղկացած երկարաշունչ մի ներբող է հյուսելՙ «Ամենաազնիվ Դիգգեսինՙ Թուրքիայից Վիրջինիա նրա երկու հայերի ժամանման կապակցությամբ» վերնագրով: Ահա մի հատված.
Սակայն ազնիվ Դիգգեսը Հաղթանակ տարավ.
Նրա երկու հայերը Թուրքիայից բերված
Այժմ իր քաջ ձեռնարկով են մեծապես զբաղված,
Եվ ունի նա բավական պաշար հաջորդ տարվան.
Տաս հազար ֆունտ մետաքս այնժամ ի հայտ կգա,
Եվ երկինք կբարձրանա նրա գործն արժանավայել:
Շերամաբուծության զարգացումը մեծ կարեւորություն է ներկայացրել բրիտանական իշխանությունների համար: «Վիրջինիան մատակարարեց Չարլզ Ա-ի թագադրության պատմուճանը: Իսկ Չարլզ Բ-ի մետաքսե զգեստը անտարակույս իր Վիրջինիայի տիրապետության մեջ մշակված խոզակներեն պատրաստված էր: Տիկս անունով պարոն մը հայեր բերել տվավ Վիրջինիայի իր խոզակի արտադրության համար», գրել է Էդ. Էգգլեսթոնն անցյալ դարի վերջին:
Այսպիսով, ինչպես նշում է Մուշեղ եպիսկոպոս Սերոբյանն իր «Ամերիկահայ տարեցույցում» (Ա տարի, Բոստոն, 1912), Վիրջինիայում «Հայ միտքն ու ճարտարութիւնը կրցած է սատարել իր կազմութեան խանձարուրքին մէջ եղող Ամերիկեան մետաքսագործական ճարտարուեստին»ՙ դառնալով Նոր աշխարհում շերամաբուծության ու մետաքսագործության առաջնեկ:
Հետագա տարիներին Ամերիկա եկած հայերի մասին պահպանվել են շատ սակավ, հաճախ ենթադրական տեղեկություններ: XVII-XVIII դդ. ընդգրկող այդ ժամանակաշրջանում հայերը հիմնականում եկել են Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական առավել գործուն հարաբերություններ ունեցող եվրոպական որոշ երկրներից (հատկապեսՙ Հոլանդիայից), ինչպես նաեւ Հնդկաստանից, եւ վերաբնակվել ամերիկյան նորաստեղծ տարբեր գաղութներում. Վիրջինիայից բացի, նաեւՙ Մասսաչուսեթսում (1682 թ.ՙ ծագումով հունգարահայ գիտնական Ստեփան Զադորին, հավանաբարՙ հայկական Զադուրյան, Ասատուրյան կամ Աստվածատուրյան ազգանունների տարբերակը), Հարավային Կարոլինայում (1719 թ.ՙ քարոզիչ արժանապատիվ Փիթր Թուսթյանը, հավանաբարՙ Պետրոս Դուստրյան, եւ նրա թեմի անդամ Ջեքըբ Սադուրը, հավանաբարՙ Հակոբ Սադուրյան, Ասատուրյան կամ Աստվածատուրյան), Ջորջիայում (1738 թ.ՙ հողագործ Ստեփան Թարրյանը, կամՙ Թերյեն, Թարրյեն, հավանաբարՙ Տերյան):
Բրիտանական գաղութատիրության տվյալ ժամանակահատվածում Ամերիկա մուտք գործած հայերի ստույգ թիվը դժվար է որոշել, քանի որ ընդհուպ 1820 թ. նորեկների, այդ թվում նաեւ հայերի գրանցման վերաբերյալ փաստաթղթեր չեն պահպանվել:
Սակայն պատմական տվյալ ժամանակաշրջանում Ամերիկա մուտք գործած վերոհիշյալ առաջին հայերով չի պայմանավորվել հետագա տարիներին հայկական տարբեր տարածքներից դեպի ԱՄՆ նպատակաուղղված տեղաշարժը. նրանք սոսկ գաղթականության հիմնական հոսքից դուրս գտնվող անհատներ էին:
Ի մի բերելով բրիտանական գաղութատիրության շրջանում Ամերիկա մեկնած առաջին սակավաթիվ անհատ հայերի մասին մեզ հասած կցկտուր տեղեկությունները, կարելի է եզրակացնել, որ նրանց մեծ մասը տնտեսական ու պատմական հանգամանքների բերումով եվրոպական տարբեր երկրներում ցրված հայեր էին կամ նրանց օտարացած սերունդները, որոնք առեւտրական եւ այլ հանգամանքների բերումով առնչվելով Մեծ Բրիտանիայի հետ, միմյանցից տարբեր, հիմնականում անհատական դրդապատճառներով անցել էին նոր վերաբնակվող գաղութ եւ ներգրավվել նրա տնտեսական ու հոգեւոր կյանքի տարբեր բնագավառներում: Ահա թե ինչու նրանք մեծ մասամբ կրել են օտարացած անուններ, ինչպես նաեւ պատկանել քրիստոնեական հավատի այլ դավանանքների: Այսուհանդերձ, ամերիկյան գաղութային պաշտոնական փաստաթղթերում նրանց հայկական ծագման մասին երբեմն հանդիպող ակնարկները հավաստիացնում են այդ ժամանակաշրջանում Նոր երկրում օտար վերաբնակիչների ազգային պատկանելության նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունըՙ դրանով իսկ ձեռք բերելով ազգային ու պատմական որոշակի արժեք:
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու