«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ

Սահմանադրության օրը շատ ազգեր նշում են իբրեւ տոն: Հայաստանում եւս Սահմանադրության օրը տոն է: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, այսօր նշում է այդ տոնը, հրավիրյալներով, ֆուրշեթի սեղանով եւ սահմանադրության հիմունքների մասին ասված մի ճարտար ճառով: Մի հետաքրքրական զուգորդությամբ ամերիկացիք երեկ նշում էին Անկախության օրը, որը բացի սեփական երկրում ճոխ-ճոխ տոնելուց, նշում են նաեւ այլ երկրներում` ռեզիդենտ կառույցների միջոցով, ու տվյալ երկրների բարձրաստիճանները գնում են մասնակցելու այդ տոնի կատարմանը, ասենք, ամերիկյան դեսպանատներում: Բացառություն չէ Հայաստանը, որտեղ երկրի նախագահի մակարդակով մասնակցություն է ապահովվում ամերիկյան Անկախության օրվա խորհրդին: Ու ստացվում է, որ ամերիկյան տոնն ավելի լավ ենք նշում Հայաստանում, քան մեր Սահմանադրության օրը: Զուգադրելով ասենք, որ մենք դեռեւս չենք գիտակցում մեր սահմանադրության արժեքը, դրա իմաստավորումը հայերիս համար դեռեւս չի դարձել կենցաղի անբաժան մաս, մեր սեղաններին բաժակ չենք բարձրացնում հանուն այդ օրվա խորհրդի: Գուցե դա նրանից է, որ մեր երկրում ամեն պահ ոտնահարվում է սահմանադրությունը: Ես չեմ տեսել մեր երկրում առավել ոտնահարվող մի բան, քան երկրի սահմանադրությունն է: Երկրի սահմանադրությունը ոտնահարում է ե՛ւ պաշտոնյան, ե՛ւ հասարակ մարդը, ե՛ւ առավել եւս` օլիգարխը, ու ոչ ոք դա առանձնապես մեծ մեղք չի համարում իր համար: Ես չեմ հիշում մի դեպք, որ որեւէ մեկի նկատմամբ դատական գործընթաց սկսվի Հայաստանի սահմանադրությունը խախտելու համար: Չեմ հիշում, որ որեւէ պաշտոնյայի գործունեությունը կամ գործունեության մի հատվածը, որ ոչ պրոֆեսիոնալ է ու նյութապես կամ բարոյապես վնասել է երկրին, հակասահմանադրական համարվեն: Բայց ամեն քայլափոխում տեսանելի են սահմանադրության ոտնահարումներ, եւ դա մեր կենսակերպն է դարձել: Օրինակ` ԱԺ պատգամավորին սահմանադրությունն ու օրենքներն արգելում են բիզնեսով զբաղվել, սակայն մեր Ազգային ժողովում մատների վրա կարելի է համրել բիզնես չունեցող պատգամավորներին:

Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի աշխատելու իրավունքը, բայց, օրինակ, 40-ն անց քանի՞ կին կարող է իրացնել իր այդ սահմանադրական իրավունքը Հայաստանում: Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ միայն մարդուն կարելի է ձերբակալել, բայց մերոնք երբ ուզենան եւ ում ուզենան կձերբակալեն` հիմնավորումն էլ հետո կամ կլինի, կամ` ոչ: Սահմանադրությամբ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով, բայց հենց «02» հաղորդաշարով ամեն անգամ խախտվում է անմեղության կանխավարկածը` առանց դատավճռի գոյության կալանվածներին որպես հանցագործներ ցուցադրելով ու մեղադրական տոնով բնորոշումներ տալով:

Սահմանադրությունն արգելում է խոշտանգումներն ու նվաստացնող վերաբերմունքը, իսկ մենք խոշտանգումների հետեւանքով անհասկանալի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյան ունենք: Ամեն օր խախտվում է մեր տեղեկացված լինելու իրավունքը` հենց լրատվամիջոցների կեղծ ու ապատեղեկացնող լրատվությամբ:

Կամ` արդյոք պետությունը սպառողների շահերի երաշխավո՞րն է, երբ ամեն օր ու ամենքիս սպառողական շահերն են ոտնահարվում: Ու այս բոլորը ոչ թե վատ սահմանադրությունից է, այլ հենց մեզանից, մեր տնավարությունից, սահմանադրությունը որպես արժեք դիտելու ավանդույթի չձեւավորումից, օրենքով ապրելու մեր ներքին վերակառուցումը հետաձգելու ամենքիս տնավարությունից ու ծուլությունից:

Մի վառ օրինակ. հենց ընդդիմությունը կարող էր, չէ՞, իր հանրահավաքը երկրի Սահմանադրության օրն անել, Տեր-Պետրոսյանի օրոք էլ ընդունված Սահմանադրության օր է, մի երկու խոսք էլ սահմանադրության կարեւորության մասին կխոսեին, բայց չէ, օտարամոլությունը նստած է մեջներս, Նահանգների անկախության օրն էլ վատ տոն չէ հանրահավաք ծավալելու, անդրօվկիանոսյան պատրոններն էլ գուցե գոհ մնան, մեր Սահմանադրության օրվա հերն էլ անիծած:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4