«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Ադրբեջանը երկրորդն էր ԱՊՀ երկրների մեջ (Ղազախստանից հետո), որտեղ պաշտոնական այցով եղավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Եվ եթե նկատի ունենանք, որ ուղեւորության մեջ մտցված են նաեւ Թուրքմենստանն ու նորեն Ղազախստանը, ապա պարզ է դառնում, որ ծրագրի անկյունաքարը էներգակիրներն են, գլխավորապես գազը, դրա պաշարներն ու արտահանումը:

Ըստ ռուս փորձագետների, Ռուսաստանը չէր կարող անտարբեր մնալ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկելու ամերիկացիների ակնարկներին: Բացի այդ, ժամանակն է իրապես հակազդելու էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով արտահանելու Արեւմուտքի նախագծերին: Իր հերթին Ադրբեջանը ձգտում է հավասարակշռել հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ինչպես հօգուտ իր քաղաքական ու տնտեսական շահերի, այնպես էլ ընդդեմ Հայաստանի:

Պատահական չէ, որ ստորագրված բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հռչակագրում ընդգծված է Ղարաբաղի խնդրի կարգավորման կարեւորությունը պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության պահպանման պայմանով:

Մինչեւ 2007-ն Ադրբեջանն ինքն էր գազ գնում Ռուսաստանից: «Գազպրոմը» բարձրացրեց գները եւ Բաքուն հրաժարվեց գնումներից: Սակայն նկատի ունենալով համաշխարհային էներգետիկայի գլոբալացման գործընթացները, ռուսները խոստանում են այսուհետեւ գազ ձեռք բերելիս առաջնորդվել եվրոպական գներով եւ դրանով հրապուրել Ադրբեջանին ու միջինասիական հանրապետություններին:

Ելնելով Մեդվեդեւի եւ Ալիեւի լավատեսական հայտարարություններից, կարելի է կռահել, որ սկզբունքային համաձայնություններ ձեռք են բերվել: «Գազպրոմի» նախագահ Միլլերի ասելով, բանակցությունները կսկսվեն արդեն երկնագույն հեղուկի գնման պայմանների շուրջը: Եվ սա արդեն համարվում է ճեղքում տվյալ բնագավառում:

Բնական է, հայերիս պիտի հետաքրքրի ռուս-ադրբեջանական ներկա պայմանավորվածությունների ազդեցությունը Ղարաբաղի խնդրի վրա: Բանն այն է, որ նավթի ու գազի նշանակությունը համաշխարհային տնտեսությունում հիրավի այնքան հրատապ է, որ տարածաշրջանային կոնֆլիկտներն անգամ խամրում են դրա առջեւ: Այստեղ գտնում են, որ ադրբեջանցիներն իրենց «համաձայնությունների» դիմաց զիջումներ պիտի պահանջեն Մոսկվայից, բայց թե ինչ չափով, բնական է, մնում է գաղտնի: Ընդգծվում է նաեւ, որ ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանին զգուշացվում է նատոյամետ եւ առհասարակ արեւմտամետ ընդգծված քայլեր անելու մտադրություններից: Նշվում է նաեւ, որ Ալիեւը հաջողությամբ է իրագործում Հայաստանի բարեկամների հետ էլ ավելի բարեկամական հարաբերություններ հաստատելու իր քաղաքականությունը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4