«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ղարաբաղյան գործընկեր գերատեսչությունում ներդրել է աշխատանք փնտրողների ու գործատուների հաշվառման, հաշմանդամների հաշվառման, աշխատանքի տեսչության եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգեր, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ` Ստեփանակերտի կայազորային սպայի տան դահլիճում: Շնորհանդեսի կազմակերպիչների համոզմամբ, համակարգի ներդրումը մեծապես կնպաստի պետական ծառայությունների որակին, պետական քաղաքականության թափանցիկության ապահովմանն ու կառավարման ընթացակարգերի կատարելագործմանը:

Կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի պարզաբանմամբ, համակարգերի ներդրումը հնարավորություն կտա քաղաքացիներին հասանելի լինելու տեղեկատվական հոսքին: Բացի այդ, նրանք այսուհետեւ կազատվեն տեղեկանքներ ներկայացնելու անիմաստ քաշքշուկից, ինչպես նաեւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ուղղակի ստանալ կայքի միջոցով:

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սոցիալական ապահովության նախարարությունում քննարկվել եւ հավանության են արժանացել այն բոլոր ծրագրերը, որոնք կապված են, մասնավորապես, գերատեսչության էլեկտրոնային կայքէջի ստեղծման եւ անձնակազմի կառավարման տեղեկատվական համակարգի ձեւավորման հետ: Համաձայնություններ են ձեռք բերվել նաեւ հետագա համագործակցության վերաբերյալ: Ասել է թե` գործընթացը շարունակման նպատակադրություն ունի, եւ «Նորք» կենտրոնը ակտիվ մասնակցություն կունենա դրանում:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ԼՂՀ սոցապ նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանը, արդեն իսկ վաղվանից բոլոր հաշմանդամների տվյալները տեղադրված կլինեն բազայում:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4