«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԹԵՎԵԿՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ, ԺԱՄԱՆԱԿՈՎ ԹԵԼԱԴՐՎԱԾ ԳԱԶ ՈՒ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ...

Մեգապոլիսի բոլոր հատկանիշները Երեւանն աստիճանաբար սեփականացնում է: Եվ այդ սթրեսածին իրականությունում աննկատ չէ կանոնազուրկ երթեւեկի դերակատարությունը: Ու որքան էլ հակասական է, սակայն երեւանյան ամբիցիոզ երթեւեկը բացառում է կանոններով երթեւեկող վարորդի ապահովությունը, հետեւաբարՙ ուղեւորի ու հետիոտնի: Անպատկերացնելի խուսավարումները մեր առօրյա երթեւեկի, եւ ոչ միայն, անքակտելի մաս են դարձել: Իսկ Երեւանին հատուկ եղանակային կտրուկ փոփոխություններն ու անակնկալ դրսեւորումները, որքան էլ դիտարժան, այնուամենայնիվ, խնդրահարույց են: Նման դեպքերում լիովին կաթվածահար է լինում մայրաքաղաքի տրանսպորտային կյանքը: Անհնար է դառնում հասարակական տրանսպորտից օգտվելը, քանի որ պարզապես դադարում են երթուղի դուրս գալ ե՛ւ տեխնիկապես ոչ այնքան վատ վիճակում գտնվող, ե՛ւ անհուսորեն մաշված երթուղային տաքսիները: Էլ ուր մնացՙ ձյան ու կարկուտի դեպքում: Դա մի խնդիր է, որ առանձնապես չի հուզում գծատերերին: Քաղաքապետարանն էլ իր հերթին որոշակի բացատրություն է ներկայացնում ու հուսադրում, որ պատկերը կտրականապես կփոխվի ստորգետնյա անցումների բացումից հետո:

Իսկ մինչ այդ պատկերի անհավատալի կտրական փոփոխությունը եղանակային նորմալ պայմաններում ամեն քայլափոխի հանդիպող տաքսիները դրանց բացակայության դեպքում գերադասում են չքանալՙ պատվիրելու դեպքում տեղ չեն հասնում, քանի որ ի սկզբանե չէին էլ պատրաստվում, չնայած օպերատորի պնդումներին, թե դա րոպեի հարց է, պատահելու դեպքում էլ աշխատում են այլՙ անտրամաբանական գնացուցակով: Եվ փաստն այդ վարորդների կարծիքով արժանի չէ դժգոհության: Բացատրություն էլ ունեն, որ ներկայացնում են ամենայն հանգստությամբ. «Դե, անձրեւին... աշխատում ենք, ապե կամ քուր ջան», կամ «Ժամը ուշ ա, բա ի՞նչ ասեմ», ու պահանջում է առնվազն կրկնակի ուղեվարձ: Մնացյալն արդեն ըստ հայեցողության... Այդ տրամաբանությամբ կարելի է պնդել, որ անձրեւոտ եղանակին չափման միավորները փոփոխության են ենթարկվում, իսկ գազ ու բենզինի գներն աճում են նաեւ օրվա ժամին համապատասխան:

Սա էլ մի այլ խնդիր է, որ առանձնապես չի հուզում տաքսի ծառայությունների տերերին:

Եվ այսպես, ոչ սեփական մեքենայով երթեւեկող երեւանաբնակը պարտադրված դրսեւորում է ամբիցիաների մի տեսականիՙ տաքսիստի, վերջինսՙ պետավտոտեսուչի անհարկի շորթմանը չարժանանալու համար եւ երեւանաբնակը երթեւեկության 3 դերակատարություններիցՙ վարորդ, ուղեւոր, հետիոտն, որն էլ ստանձնած լինի, չի մտածում ո՛չ կանոնի, ո՛չ էլ զիջման մասին: Անպատժելիությունն ու ամբիցիաներն են կառավարում երեւանյան երթեւեկը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4