«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ

Ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի 85-ամյակի առիթով

Ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի (1923-99) անունն անբաժանելի է թե՛ Բյուրականի աստղադիտարանի ու աստղաֆիզիկայի զարգացման, թե՛ Հայաստանի ողջ գիտության պատմությունից: Մայիսի 1-ին լրացավ այդ անվանի գիտնականի ու առաքինի մարդու ծննդյան 85-ամյակը, եւ մենք մեր արժանի տուրքն ենք մատուցում նրա կյանքին ու գործին:

... Լյուդվիկ Միրզոյանի մասին իմ առաջին տպավորությունները 35 տարուց ավելի վաղեմություն ունեն. 1972-ին թե 73-ին գիտնականը մեր տուն հյուր էր եկել Փարիզում (հայրս դիվանագետ էր, աշխատում էր Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությունում), եւ հիշողությանս մեջ մինչեւ հիմա մնացել է Միրզոյանի խորհուրդըՙ խորապես ուսումնասիրել մայրենին, կատարելապես տիրապետել հայերենին: Հետո էլ ինձՙ դպրոցականիս առավել մատչելի ձեւով պատմում էր աստղագիտությունից, պատմում էր այդ գիտության ամենակարեւոր հարցերը:

Հետագայում նրա հետ բազմիցս շփվել եմ Երեւանում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Բյուրականում, միշտ հիշելով իրենից ստացած մայրենիի դասը...

Ակադեմիկոս Միրզոյանի կենսագրության մեջ արտացոլվել է իր ապրած հակասական ժամանակը, ուր վեհի կողքին ողբերգականն էր:

1935-ին իրեն, որպես ուսման գերազանցիկի, հնարավորություն է ընձեռվում օդանավով թռիչք կատարելու Երեւանի վրայով եւ օդից տեսնելու մայրաքաղաքը:

Երջանիկ մանկությունն ընդհատվում է 1930-ին, երբ ներքգործժողկոմատը ձերբակալում է, դատապարտում ու գնդակահարում հորը, Մակուից գաղթած Վասիլի Միրզոյանին, որը մրգերի խանութ ուներ, իսկ խորհրդայնացումից հետո պահածոների տրեստի մթերող էր: Տարիներ անց Իրանի օգտին լրտեսության անհեթեթ մեղադրանքը համարվելու է անհիմն եւ հայրը հետմահու արդարացվելու է: Իսկ մինչ այդ «ժողովրդի թշնամու» զավակ Լյուդվիկը պիտի անցներ դժոխքի ուղիներով: Հորը կալանավորելու իսկ օրը գերազանցիկ աշակերտին ազատում են դասարանի ավագի պարտականություններից:

15 տարեկան պատանին մնում է ընտանիքի միակ տղամարդը, որը պիտի հոգար մոր ու երկու քույրերի ապրուստը: Սակայն ուսման ծարավն այնքան մեծ էր, որ Միրզոյանն ավարտելով դպրոցը, միաժամանակ բանվորություն անելով ընդունվում է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: Չվստահելով, նրան անգամ չեն թողնում ռազմաճակատ մեկնել, եւ նա գնում է աշխատանքային գումարտակ, հունգարացի ու գերմանացի ռազմագերիների հետ մասնակցում «Հաղթանակ» կամրջի շինարարությանը, հիշում է քույրըՙ Նինա Ղարիբջանյան-Միրզոյանը:

Պատերազմից հետո էքստեռն կարգով հանձնելով քննությունները բաց թողած տարիների համար, 1947-ին ավարտում է համալսարանը: Նույն թվականին աշխատանքի է ընդունվում նոր-նոր ստեղծվող Բյուրականի աստղադիտարանում, որին անմնացորդ նվիրում է իր հետագա կյանքն ու գիտակազմակերպական գործունեությունը: 1953-59-ին վարել է աստղադիտարանի գիտական քարտուղարի, իսկ 1959-86 թթ.ՙ 27 տարի անընդմեջՙ համաշխարհային համբավ ունեցող այդ հաստատության փոխտնօրենի պաշտոնները, միաժամանակ 1965-86 թթ. ղեկավարելով աստղերի միգամածությունների ֆիզիկայի բաժինը: Գործընկերների վկայությամբ, ավելի քան քառորդ դար Բյուրականի աստղադիտարանի գիտական առօրյան, բազմաթիվ ու բազմաբնույթ գիտաժողովների, գիտական այլ հավաքների բարեհաջող ընթացքը զգալիորեն պայմանավորված էր ակադեմիկոս Լ. Միրզոյանի բազմաբեղուն գործունեությամբ: Մասնավորապես նրա անմիջական ղեկավարությամբ տեղադրվել եւ շահագործվել են Շմիդտի մեկ մետրանոց եւ 2,6 մետր տրամագծով մեծ աստղադիտակները:

Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանը զգալի ավանդ է ներդրել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Մանկավարժական գործունեությունն սկսելով ԵՊՀ-ում 1949-ին, 1970-ին դառնում է մայր բուհի պրոֆեսոր: Ժամանակակից աստղաֆիզիկայի տարբեր ոլորտներին վերաբերող իր չափազանց հետաքրքրական դասախոսությունները կլանված լսել է հայ աստղագետների մի քանի սերունդ:

Միջազգային աստղագիտական միության ու ԽՍՀՄ ԳԱ Աստղագիտական խորհրդի անդամ Լ. Միրզոյանը գործուն մասնակցություն է ունեցել «Աստղաֆիզիկա» միջազգային գիտական հանդեսի կազմակերպման եւ լույսընծայման գործընթացինՙ սկզբում իբրեւ գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետեւՙ գլխավոր խմբագիր: Նրա անխոնջ ջանքերով է, որ էներգետիկ ճգնաժամի տարիներին այդ հեղինակավոր պարբերականը շարունակում է լույս տեսնել:

Զավակներըՙ Նունեն, Անահիտը եւ Արան, հիշում են իրենց շատ բարի ու հոգատար, բայց եւ խիստ ծնողի մասին: Սիրել է դասական երաժշտություն, հետաքրքրվել է լեզվաբանության խնդիրներով, որպես Հայաստանի տերմինաբանական կոմիտեի անդամ հայերենի է վերածել աստղաֆիզիկային, ֆիզիկային եւ մաթեմատիկային վերաբերող բազմաթիվ հասկացություններ: Ընկերական շրջապատում իրավամբ ունեցել է լավ թամադայի համբավ: Երբ ընտրվեց Ֆրանսիայի աստղագնացության ակադեմիայի անդամ (ընդ որում ԽՍՀՄ-ից առաջինը) եւ Փարիզի ասղաֆիզիկայի ինստիտուտի խորհրդական, երեք ամսում սովորեց ֆրանսերեն: Աստղերից բացի, սիրել է հողը, այս զգացմունքն արտահայտելով իր բյուրականյան այգում:

Համարյա 9 տարի է անցել անվանի գիտնականի ու արժանավոր քաղաքացու մահվան օրվանից: Թվում է, որ ժամանակն է ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի անվամբ անվանակոչելու մեկական փողոց Երեւանում եւ Բյուրականում: Արդարացի կլինի, որ հայրենասեր մտավորականի անունը նաեւ ֆիզիկապես ներկա լինի երկու այդ բնակավայրերում, ուր նրա ոգեղեն ներկայությունը չի մարում մինչեւ օրս:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4