«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2008-07-03 | #127, 2008-07-04 | #128, 2008-07-05


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Վերջին 6 ամիսներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 48 սմ-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ կոմիտեի նախագահիՙ ջրի մակարդակն այժմ կազմում է 1899,27 մետր, ինչը 27 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս տարի խորհրդարանի որոշմամբ թույլատրվել է Սեւանա լճից բաց թողնել 250 մլն խմ ջուր, նախորդ տարիներին թույլատրվող ծավալը կազմում էր 150 մլն խմ: Անդրանիկ Անդրեասյանը Սեւանից այս տարի ավելի շատ ջուր վերցնելը պատճառաբանեց նրանով, որ ոռոգման սեզոնն ավելի շուտ էր սկսվել եւ հնարավոր չի եղել անհրաժեշտ քանակով ջուր կուտակել ջրամբարներում հետագա ամիսների համար: Ներկայումս Սեւանա լճից ոռոգման նպատակով արդեն բաց է թողնվել 117 մլն խմ ջուր: Սակայն, չնայած դրան, ջրային տնտեսության կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ այս տարի եւս լճի մակարդակի բարձրացման վերջին մի քանի տարիների տեմպերը կպահպանվեն:

Ջրային տնտեսության կոմիտեի նախագահը երեկ անդրադարձավ նաեւ ֆրանսիական «Սաուր» ընկերության կողմից «Հայջրմուղկոյուղու» վարձակալության ժամկետի երկարացման հնարավորությանը, ասելով, որ այս տարվա հոկտեմբերին լրանում է կառավարման 4-ամյա ժամկետը եւ պայմանագրով հնարավորություն է տրված եւս 2 տարով երկարացնելու: Ըստ Անդրանիկ Անդրեասյանի, Համաշխարհային բանկի լրացուցիչ վարկային ծրագրի հաստատման դեպքում, ինչի նախնական համաձայնությունն արդեն կա, հավանական է, որ վարձակալման պայմանագիրը երկարացվի եւս երկու տարով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4