Հուլիսի 4-ի դրությամբ նախաքննության մեջ գտնվող գործերով կալանավորված անձինք 17-ն են: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Փոփոխություն է կրել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի մեղադրանքի ծավալը` ապօրինի զենք կրելու մեղադրանքի փոխարեն առաջադրվել է իշխանության յուրացման մեղադրանք: Վերջին հոդվածով մեղադրվում է նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով մեղադրանք է առաջադրված ՆԳՆ քրեական գործերով պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ: Նույնատիպ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀՇ անդամ Վարդգես (Վահագն) Հայոցյանի դեմ: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվում են Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Գաբրիել Գաբրիելյանը, Գնել Թովմասյանը եւ Շանթ Հարությունյանը: Վերջինիս դեմ մեղադրանք է առաջադրված նաեւ երկու այլ հոդվածներով` իշխանության յուրացում եւ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ: Նույն հոդվածներով մեղադրվում են նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Վրեժ Նիկոլյանը: Ս. Միքայելյանը մեղադրվում է նաեւ զանգվածային անկարգություններին անմիջականորեն մասնակցելու մեջ: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեղադրվում է իշխանության յուրացման եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով` 300 հոդվածի առաջին մաս եւ 235 հոդվածի առաջին մաս: Իշխանության յուրացման մեղադրանք է առաջադրվել նաեւ Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին: Երկու հոդվածներով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը) մեղադրվում է «Մատենադարանի» փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: