«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2008-07-08 | #130, 2008-07-09 | #131, 2008-07-10


«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԹԱՓՈՎ ՍԿՍԵՆՔ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի

Գյումրիում երկրաշարժից դեռեւս անօթեւան ընտանիքների բնակապահովման ռազմավարական ուղղությունն առաջիկա տարիներին լինելու է բնակարանային շինարարությունը: ՀՀ կառավարության հունիսի 12-ի արտագնա նիստի որոշումներից բխող այս դիրքորոշումը վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին հավաստեց երեկ Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի ժամանակ նրան ուղեկցում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակը քաղաքում բնակարանաշինության համար առաջարկվող տարածքներին ծանոթանալն ու դրանց ճիշտ ընտրության ապահովումն էր: Մինչ այդ կառավարական պատվիրակությունը այցելեց հարեւան Ախուրյան, որտեղ մասնավոր ընկերության կողմից բնակարանաշինական փորձնական ծրագիր է իրականացվում: Ծրագրի հաջողության դեպքում այստեղ կկառուցվի 320 բնակարան:

Գյումրիում վարչապետի գլխավորած պատվիրակության ուշադրության կենտրոնում էին նախ երկրաշարժից հետո կառուցված «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերը, որոնցից առաջինում հավանական է, որ կկառուցվի 1400-1600, իսկ երկրորդում` 400-500 բնակարան: Ընդհանուր առմամբ քաղաքի անօթեւանների համար կառուցվելու է 3000 բնակարան, նախատեսվում է դրանց մի մասը կառուցել քաղաքի բուն տարածքում: Բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը հասնելու է մոտ 80 մլրդ դրամի:

«Շինարարությունը մենք պետք է թափով սկսենք 2009 թվականին, հենց որ սեզոնը բացվի,- նշեց Տիգրան Սարգսյանը:- Դա նշանակում է, որ 2008 թվականին մենք պետք է լուծենք հողահատկացումների, նախապատրաստական աշխատանքների, ենթակառուցվածքների հարցերը, նախագծերը, նախահաշվային բոլոր սխեմաները հաստատենք»: Նշված տարածքներից ծայրամասային «Մուշ» թաղամասն այժմ էլ բազմաթիվ խնդիրներ ունի, եւ այսքան տարի տնակներում դիմացած անօթեւան ընտանիքներն, ինչ խոսք, կցանկանային քաղաքի բուն տարածքում կամ հակառակ պարագայում գոնե «Անի» թաղամասում բնակարան ունենալ: Սակայն այս տարիների ընթացքում քաղաքի շատ տարածքներ տրամադրվել են մասնավոր կառուցապատողներին` խանութներ, սպասարկման օբյեկտներ կառուցելու համար: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ «Մուշում» այդքան բնակարանի կառուցումը թաղամասին նոր շունչ կհաղորդի, կբերի նոր մշակույթ, միջավայր ու կենսունակություն:

2009-12 թվականների ընթացքում քաղաքում պետական միջոցներով կառուցվելիք բնակարանների մեկ քառ. մետրի ինքնարժեքը նշված ժամանակամիջոցում նախնական հաշվումներով կկազմի 150-200 հազար դրամ: 2003 թվականից հետո, երբ Գյումրիում դադարեցվեցին պետական բնակարանաշինական ծրագրերը, այդ ինքնարժեքն անհամեմատ ցածր էր: Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Կարեւոր է, որ պետությունն այժմ լիարժեք ստանձնում է իր պատասխանատվությունն այս հարցում եւ տեր է կանգնում ընդունված որոշումներին:

Շրջայցի ավարտին վարչապետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4