Երեկ Ավան համայնքումՙ Բուսաբանական այգու հարեւանությամբ կառուցվող բազմաբնակարան համալիրի շինարարության հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ համալիր կառույցի շահառուները:
Բնակարանաշինության այս ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը:
261 շահառուների համար նախատեսված 10 հարկանի շենքը կունենա 4 մասնաշենք, 6 շքամուտք եւ 4 սենյականոց բնակարաններ, որոնք տեղակայված կլինեն շենքի 9 բնակելի հարկերում: Ի տարբերություն Երեւանում գործող շուկայական գների` 900-1300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1 քմ բնակմակերեսի դիմաց, համալսարանականները 1 քմ-ի համար կվճարեն 170000 դրամ:
Շենքն ի վիճակի կլինի դիմակայելու մինչեւ 9 բալանոց երկրաշարժի: Ճարտարապետ Դավիթ Միրզոյանի մատուցմամբ` Հայաստանում կառուցվող շենքերը համապատասխան են 9 բալին: Շենքը կառուցվում է նորմատիվ պահանջներին համապատասխան, պահպանվելու են շենքի ջերմակայունության, սեյսմակայունության, ջրահեռացման, լուսավորության սկզբունքները: Յուրաքանչյուր մուտքում կլինի 2 վերելակ` մարդատար եւ բեռնատար, բնակարանները կունենան ներքին հարդարանք: Նախատեսված է 181 մեքենաների ստորգետնյա ավտոկայանատեղի: Համալիրին կից տարածքում ստեղծվելու են կանաչ գոտի եւ խաղահրապարակ:
«Բնակարանները տրվել են վիճակահանությամբ: Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվում է այսօր: 24 ամիս հետո մասնակցելու ենք շենքի հանձնման արարողությանը: Մենք ունեցել ենք մոտ 481 շահառուներ, 261 շահառուների բավարարել ենք, մոտ 200 շահառուների խնդիր համալսարանում դեռեւս անլուծելի է մնացել», լրագրողներին տեղեկացրեց ԵՊՀ պրոռեկտոր, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը:
Արսեն Քարամյանը հավաքվածների ներկայությամբ ընթերցեց ապագա սերունդներին ուղղված ուղերձը, այնուհետեւ այն տեղադրվեց պարկուճի մեջ, որը քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ԵՊՀ ռեկտորը դրեցին համալիրի հիմքում:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ