«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2008-07-08 | #130, 2008-07-09 | #131, 2008-07-10


ՄՐՑՈՒՅԹ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում հայտարարում են բիզնեսի համագործակցության աջակցման դրամաշնորհային մրցույթ: «Նովոստի-Արմենիա» գործակալության մամուլի սրահում հյուրընկալված Բագրատ Ենգիբարյանը, որ ներկայացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, տեղեկացրեց, որ այդօրինակ մրցույթ անցկացվում է երկրորդ անգամ:

Անցյալ տարի իրականացված մրցույթն, ըստ էության, փորձնական է եղել` որոշակիացնելու, թե ինչ արդյունք կարելի է ակնկալել եւ ինչպիսի մոտեցումներ կիրառել: Ենգիբարյանի խոսքերով, Հայաստանում վերջին 5 տարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ցույց է տալիս, որ առկա է նաեւ գիտական տարր պարունակող արտադրանք ստանալու համար անհրաժեշտ ներուժ: Ուստի մրցույթը ուղղված է խթանելու մասնավոր ընկերությունների եւ տեխնոլոգիական թիմերի գործընկերությունը գիտահետազոտական ոլորտում:

Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի միջոցով մրցույթի հաղթողները կստանան դրամաշնորհներ, որոնց ծրագրերի առավելագույն ժամկետը 12 ամիս է, իսկ յուրաքանչյուր հաղթողի կտրամադրվի 10.000 ԱՄՆ դոլար: Դրամաշնորհային ծրագրերի առանցքում պետք է գտնվի գիտահետազոտական տեխնոլոգիական աշխատանքը տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ընդ որում, ծրագրերը պետք է ներառեն շուկայի նախնական գնահատում, հաճախորդների կարիքների վերլուծություն եւ բիզնեսի զարգացման բաղադրիչներ:

Լավագույն հայտերը կորոշվեն տեխնիկական եւ գործարար մասնագետներից կազմված փորձագիտական խմբի կողմից եւ կանցնեն կիսաեզրափակիչ փուլ: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, այս փուլ անցած մասնակիցներին էլ հնարավորություն կտրվի վենչուրային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա այդուհետեւ, ներկայացնելու իրենց առաջարկած տեխնոլոգիան, արտադրանքը, ծառայությունը տեղական ձեռնարկությունների, բիզնեսի զարգացման գործակալությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովին:

Ենգիբարյանը կայանալիք մրցույթը կարեւորեց երկու տեսանկյունից: Նախ, որ այն պետք է համագործակցություն լինի տեխնոլոգիական թիմերի եւ մասնավոր ընկերությունների միջեւ, եւ որ այդ մրցույթի արդյունքները հնարավոր կլինի ներկայացնել վենչուրային կոնֆերանսում, որին մասնակից կլինեն հիմնականում ամերիկյան ներդնողներ, թեեւՙ Ենգիբարյանի խոսքերով կաշխատեն ներգրավել նաեւ եվրոպական ներդնողների:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4