Պատրաստ է «Սիրեցեք զմիմեանս» Արա Գեւորգյանի գործիքային ստեղծագործությունը եւ արդեն ձայնագրման փուլում է նույնանուն երգը: Երկու դեպքում էլ կատարումը տարբեր հայտնի երաժիշտներինն է, որոնցից յուրաքանչյուրն իր ազգային գործիքով է հանդես գալիս ու միմյանց հաջորդող կարճ մենակատարումները միահյուսվում ենՙ դառնալով մեկ ամբողջական հնչողություն: Դուդուկ, շվի, սիթառ, թառ, պարկապզուկ, կիթառ, դհոլ եւ այլ գործիքներ (ի դեպ, սինթեզատոր չի օգտագործվել) Արա Գեւորգյանի ստեղծագործությունում դառնում են երաժշտական ճամփորդության միջոց վենեսուելացի, շվեդ, մոլդովացի, հայ եւ այլ ազգերի երաժիշտների ձեռքում: Նպատակըՙ ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում հավաստեց Արա Գեւորգյանը, երաժշտության լեզվով սեր ու միասնականություն քարոզելն է ողջ աշխարհում: Այս երաժշտական կոչի տեսահոլովակը երկու տարբերակով նկարահանել է «Շարմ» ընկերությունըՙ առաջինը 4 րոպե 30 վայրկյան, երկրորդըՙ 8 րոպե 40 վայրկյան տեւողությամբ, որը ամբողջական տարբերակն է: Նման սահմանազատումը արվել է, նկատի առնելով հեռուստաալիքներով տեսահոլովակների ցուցադրման ստանդարտները: Տեսահոլովակները, բնականաբար, ունեն նաեւ բովանդակային տարբերություններՙ առաջինում տարբեր երկրների մշակույթներին անդրադարձ է, երկրորդումՙ կատարմանը մասնակցած երաժիշտների երկրների դրոշներն են ցուցադրվում միայն:
Գործն արված է, բայց նպատակակետին հասցնելու համար լայն հասանելիություն է անհրաժեշտ, ինչում արդեն Արա Գեւորգյանը օգնության կարիք ունի: Ներկայում «Երազ արտ» կազմակերպությունը փորձում է «Սիրեցեք զմիմեանս» գործը, որ ամբողջական նախագիծ է, ներկայացնել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը: Արդեն իսկ տարբեր ֆինանսավորմամբՙ Լիբանանում Խաչատրյան ընտանիքի, Մոլդովայում տեղի հայ համայնքի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Արա Աբրահամյանի կողմից ապահովվել է նշյալ գործը ավարտին հասցնելու 40 հազար դոլարը: Ինչպես Արա Գեւորգյանի մյուս գործերի, այնպես էլ ներկայացվածի հեղինակային իրավունքի փաստաթղթերը Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում են:
Համանուն երգը, որի խոսքերը հեղինակել է ֆինլանդուհի Ինկան եւ հանձնել այլ լեզուներով թարգմանության, կատարելու են տարբեր հայտնի երգիչներ իրենց մայրենի լեզվով: Իսկ արդեն նոյեմբերին Ավստրալիայից կմեկնարկի «Արա Գեւորգյան. Համաշխարհային խաղաղության տուր» համերգաշարը, որը կլինի Դուբայում, Լիբանանում, Ռուսաստանում, Արգենտինայում, այլ երկրներում ու կեզրափակվի Հայաստանումՙ Երեւանում 2010 թվականին, որը համերգի կազմակերպիչ ավստրալական կողմի հետ կնքած պայմանագրի վերջնաժամկետն է: «Ի վերջո պետք է աշխարհին ասել, որ Հայաստանը, անկախ որոշ երկրների որակումներից, ոչ միայն ագրեսոր չի, այլ պարզապես խաղաղության կոչ անող ժողովրդի երկիր է», նշեց Արա Գեւորգյանը:
Համերգին Հայաստանից 15 երաժիշտ է մասնակցելու, որոնք, ինչպես Արա Գեւորգյանի մյուս համերգներում, այնպես էլ հիշատակվածում հանդես կգան տվյալ երկրի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Շուտով կոմպոզիտորը հայ մարզիկներին նվիրված իր հեղինակած երգն էլ կներկայացնի հանրությանըՙ կատարելու են Լեյլա Սարիբեկյանը, Արամոն, Անդրեն եւ այլ երգիչներ: Իսկ մինչ այդ աջակցություն է անհրաժեշտ «Սիրեցեք զմիմեանս» նախագիծը հանրայնացնելու համար: Այլ ճանապարհ չգտնելու դեպքում Արա Գեւորգյանը մտադիր է այն նվիրել ՄԱԿ-ի նախագահինՙ որպես կոչ հատուկ միջոցառումներում տարածելու խնդրանքով:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ