«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2008-07-09 | #131, 2008-07-10 | #132, 2008-07-11


ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՌԱՅՍԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՏԱՆԵԼ ԻՐ ՀԵՏ

Ռայսի Վրաստան այցի համատեքստում. օ՜, քաղաքականություն, օ՜, շահեր

«Վրաստանի ապագան ՆԱՏՕ-ի կազմում է», Վրաստան երկօրյա այցելության ժամանակ երեկ Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Ըստ տիկին պետքարտուղարի, Անհատական գործընկերության եւ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրերը բնավ էլ ինքնաբերաբար անդամակցություն չեն ենթադրում, բայց Միացյալ Նահանգները հանդես է գալիս հօգուտ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության:

Ռայսի հետ համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է դեկտեմբերին հարցի քննարկման ժամանակ ԱՄՆ աջակցությունը:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ պետքարտուղարի Վրաստան այցելության հիմնական նպատակ էր նշվում հակամարտությունների կարգավորման խնդրի քննարկումը, մինչդեռ լրահոսից կարելի է հասկանալ, որ Ռայսին հետաքրքրել է գրեթե ամեն հարց, ինչով հնարավոր է հետաքրքրվել Վրաստանում: Ամեն դեպքում, Սաակաշվիլու հետ համատեղ ասուլիսում բազմաթիվ հարցերի շարքում Ռայսն անգամ անդրադարձել է Սոչիում 2012 թվականին օլիմպիադայի անցկացման առնչությամբ ռուսաստանյան ազդեցության խնդրին:

Վրաստանի նախագահը, խոսելով վերջին շրջանի իրադարձություններից եւ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, նշել է, թե Սոչիում օլիմպիական խաղերի անվտանգ անցկացման համար պետք է ռուս-վրացական հանձնաժողով ստեղծել:

Նման առաջարկությունը ռուսաստանյան իշխանությունների համար հատկապես հետաքրքրական է Ռայսի այցելության ֆոնին, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն էլ է բազմիցս ընդգծել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Ավելին, Ռայսի խոսքերը, թե օլիմպիադան պետք է կայանա Սոչիում, հավելում ունեն այն իմաստով, թե դրա համար հարկ է տարածաշրջանում դադարեցնել բռնությունները:

Ռայսի խոսքերով, ԱՄՆ-ը հպարտանում է Վրաստանի հետ բարեկամությամբ ու կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Այս համատեքստում էլ ինչպես Ռայսը, այնպես էլ Սաակաշվիլին համատեղ ասուլիսում Ռուսաստանին զսպվածության եւ միջազգային պայմանավորվածություններն ու նորմերը պահպանելու կոչ են արել:

Սաակաշվիլին հիշատակել է օրերս վրացական իշխանությունների տարածած այն հայտարարությունը, թե ռուսական կործանիչները խախտել են վրացական օդային տարածքը, ավելացնելով, թե Վրաստանի ղեկավարությունն ամեն դեպքում կողմ է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Ռայսը չի մեկնաբանել Վրաստանի օդային տարածքի խախտման առնչությամբ տեղեկությունը, ընդգծելով, որ, ամեն դեպքում, նախկինում նման միջադեպեր եղել են: Ռայսը դատապարտել է դեռեւս ՌԴ նախագահ եղած ժամանակ Վլադիմիր Պուտինի` Աբխազիային եւ Հարավային Օսիային առարկայական օգնություն ցույց տալու հրամանագիրը, որը հետեւեց Աբխազիայի նկատմամբ տնտեսական սահմանափակումները հանելու որոշմանը:

«Ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մոտիվների, այլ գործողությունների մասին: Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի բարեկամ երկրների խմբի անդամ է ու պետք է գործի միջազգային նորմերին համապատասխան, իր ներդրումն ունենալով հակամարտությունների կարգավորման հարցում», նշել է պետքարտուղարը:

Ռայսը Վրաստանում հանդիպել է վրաց ղեկավարության, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, նաեւ ներկայումս քաղաքական դաշտում որեւէ պաշտոն չզբաղեցնող վրաց խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որ ղեկավարում է իր իսկ հիմնած Վրաստանի ժողովրդավարական զարգացման հիմնադրամը: Հետաքրքրական է, որ Բուրջանաձեի հետ հանդիպման մասին այնուհետեւ խոսել է միայն ինքը` Բուրջանաձեն, ընդ որում, հանդիպումն էլ տեղի է ունեցել երես առ երես:

Վրաստանի քաղաքական գործիչների, այդ թվումՙ ընդդիմադիրների հետ Ռայսի հանդիպմանը յուրօրինակ խնդրանքով նրան է դիմել վրաց ընդդիմադիրներից Շալվա Նաթելաշվիլին, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու էր: Նա Ռայսին խնդրել է Միացյալ Նահանգներ տանել Միխեիլ Սաակաշվիլուն:

Ընդդիմադիրների հետ հանդիպմանը Ռայսը նշել է, թե Վաշինգտոնը լավ է հասկանում Վրաստանում ժողովրդավարության կառուցման բարդությունը: Թերեւս ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը այդքան կողմ արտահայտվող ԱՄՆ-ի այսօրինակ լավատեսությունն ու բարեհոգությունն ավելի շուտ նավթագազային հիմքեր ունեն այն պատճառաբանությամբ, որ փորձագետների գնահատականը խոսում է կենտրոնասիական գազային ավազանների հետ Վրաստանի վրայով կապի հնարավորության մասին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4