ՀՀ վճռաբեկ դատարանը 10 տարեկան է
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը հոբելյար էՙ երեկ նշեց գոյության 10-ամյակը: Միայնակ չնշեցՙ տարբեր երկրների կոլեգաների շնորհավորանքները տասնյակներով էին, ՀՀ նախագահն էլ այցելեց վճռաբեկ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ներկաներին հայտնեց, որ աշխատանքի ամփոփման, ձեռքբերումներն առանձնացնելու, անելիքներն ընդգծելու համար 10 տարին բավական ժամանակ է համարում եւ հանգիստ կարող է փաստել, որ խորհրդային համակարգից ժառանգած ոլորտին հատուկ բացասական երեւույթները հաղթահարելու, արդարադատության կուռ համակարգ ստեղծելու աշխատանքն էլ նկատելի է: «Զարգացումները անցած տարիներից բխող աշխատանքով ապացուցված են, սակայն չեմ կարող ասել, թե արդարադատության մակարդակը բավարար է, բայց գնահատողը հանրությունը պետք է լինի», փաստեց Հովհաննես Մանուկյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ շնորհավորելուց հետո անցած 10 տարին բավարար համարեց դատարանի ձեւավորման եւ նրա գործունեության կազմակերպման նկատելի աշխատանք իրականացրած լինելու համար, ինչը փաստեց եւ ընդգծեց. «Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեզ վրա է դրված Հայաստանի դատական նոր ավանդույթի ձեւավորման կարեւորագույն առաքելությունը: Պետական-իրավական մտքի կոթողային նվաճումներ ունենալով հանդերձ` մենք մեծ հաշվով չենք ունեցել մեր դատարանները: Մեր ժողովրդի համար դարեր շարունակ արդարադատություն են իրականացրել օտարները` արդարադատություն, որ շատ դեպքերում կարելի է առնել չակերտների մեջ»:
Նախագահի սահմանմամբ, արդարադատությունը պետք է հիմնված լինի օրենքի տառի, ազգային բարոյական, համամարդկային եւ եվրոպական արժեքների վրա: Սերժ Սարգսյանը պատգամների ձեւով նախանշեց. «Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթե նույնիսկ դատվողը քո ծանոթն է: Հեռու մնա՛ ամեն տեսակ անիրավ գործերից: Մեղավորին կաշառվելով չարդարացնե՛ս: Կաշառք չվերցնե՛ս, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ ավերում արդար գործերը»:
Այս իրազեկմանն էլ նախագահի խոսքում հաջորդեց դատավորի անկախության կարեւորության մասին ասելիքն ու ընդգծումը, որ այդ անկախությունը չպետք է հասնի օրենքից անկախ լինելու զգացողության ու գործելակերպի: Նա նաեւ Հայաստանի հասարակության ամենամեծ դժգոհությունը ներկայացրեց. «Դժգոհությունն է անարդարությունից, իսկ ամենամեծ պահանջը արդարությունն է: Այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարաններում: Մեր երկրում վստահության մթնոլորտի ձեւավորման գործում վճռորոշ դեր ունեն դատարաններն ընդհանրապես եւ վճռաբեկ դատարանըՙ մասնավորապես»:
Ի վերջո ՀՀ նախագահը համոզմունք հայտնեց. «Համակարգում առկա նշված եւ մյուս խնդիրները լուծելի են, եւ միջազգային ու ներպետական օրենսդրության գործնականում ճիշտ կիրառումը կդառնա աշխատանքի սկզբունք»:
Վճռաբեկ դատարանի հոբելյանի կապակցությամբ կազմակերպվել էր նաեւ «Բարձրագույն դատական ատյանների դերը արդարադատության կայացման ճանապարհին» խորագրով կոնֆերանս, իսկ երեկ երեկոյանՙ նաեւ համերգային ծրագիր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ