ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի դատախազությունում հուլիսի 9-ին հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու եւ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Էջմիածին քաղաքի բնակիչ Չարքյազ Ավդոյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Մարտիրոսյանը 2008 թ.-ի հուլիսի 9-ին հաղորդում են ներկայացրել Արմավիրի մարզի դատախազություն, որ քաղաքացի Հովակիմ Բաբայանը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով իրենցից վերցրել է 11 հազ. ԱՄՆ դոլար` Չ. Ավդոյանի անչափահաս որդուն` ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող Բ. Ավդոյանին, դատարանի դահլիճից ազատելու նպատակով Արմավիրի մարզի դատախազության աշխատակիցներին եւ դատավորին կաշառք տալու համար, եւ հափշտակել այն:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հաղորդմանն անմիջապես օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, ստուգվել են մատնանշված հանգամանքները, նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերի հատկանիշներով, եւ գործն ուղարկվել է ոստիկանության քննչական բաժին նախաքննություն կատարելու համար: Ձեռնարկված միջոցառումներով Հ. Բաբայանը հայտնաբերվել է եւ ձերբակալվել:
Պարզվել է նաեւ, որ Հ. Բաբայանը նախկինում դատվել է զենքի հափշտակության համար, իսկ ներկայումս հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության կողմից խարդախություն կատարելու մեղադրանքով: