Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին փոխանցեց պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման երկրի նախագահի հանձնարարականը եւ դրա կատարման նպատակով համապատասխան մարմիններին հանձնարարականներ տվեց:
Հիշեցնելով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը, վարչապետը նշեց, որ համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի ծրագրային այդ դրույթն իրականացվի: «Քաղաքացիներից գործադիր իշխանության մարմիններին հասցեագրված դիմում-բողոքների ծավալը, կրկնվող դիմումների քանակը վկայում են, որ պետական պաշտոնյաների կողմից դրանք ոչ միշտ են արժանանում անհրաժեշտ ուշադրության», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինների ղեկավարներն անձամբ իրազեկ լինեն քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, դրանք դառնան ըստ էության քննարկման առարկա եւ լուծվեն օրենքով սահմանված կարգով, «ինչը կամրապնդի հասարակության վստահությունը եւ կբարձրացնի իշխանության ներկայացուցիչների հեղինակությունը»:
Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց բոլոր նախարարներին, գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին եւ օրենքով ստեղծված մշտապես գործող պետական մարմինների ղեկավարներինՙ «տասնօրյա ժամկետում ընդունել համապատասխան իրավական ակտեր քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի վերաբերյալ», ինչպես նաեւ «անձամբ ընդունելություն իրականացնել առնվազն ամիսը մեկ անգամ», ընդունելության կազմակերպման կարգի մասին իրազեկել հանրությանը, իսկ ընդունելության կազմակերպման կարգը սահմանող իրավական ակտի պատճենը եւ ընդունելության օրերի ու ժամկետների մասին տեղեկատվությունը տեղադրել քաղաքացիների համար հասու վայրում:
Ա. Մ.