«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2008-07-09 | #131, 2008-07-10 | #132, 2008-07-11


«ԳՆԱՄ ԲԵՐԵՄ` ԾԱՌԸ ԿՏՐԵՄ»

Կամ` կրկին ներտնային սպասարկման վճար կոչվող օրինականացված թալանի մասին

Գյումրու գազասպառող բնակիչ-բաժանորդներից երեւի շատերն են այս օրերին ահեղ մի նախազգուշացում-գրություն ստացել «Հայռուսգազարդից»: Ահա այդ գրության մի օրինակն ամբողջությամբ: «Բնական գազի մատակարարման պայմանագրի հավելված 3-ի 4 կետի համաձայն,- ասվում է նրանում,- Դուք պարտավոր եք համապատասխան վճարում կատարել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց: Սակայն Դուք սիստեմատիկաբար խախտել եք պայմանագրային պարտավորությունը եւ մինչեւ 3.07.2008 թ. ներտնային տեխնիկական սպասարկման դիմաց պարտք եք մնացել 3000 դրամ: Առաջարկվում է Ձեզ 3 օրվա ընթացքում ցանկացած փոստային կամ խնայբանկի բաժանմունքներում մուծել պարտքի գումարը ամբողջությամբ` հակառակ դեպքում, համաձայն պայմանագրի 7.1 կետի ե ենթակետի, կդադարեցվի Ձեր բնակարանի գազամատակարարումը: Այն կվերականգնվի պարտքի գումարը լրիվ վճարելուց եւ գազամատակարարման վերականգնման համար բոլոր ծախսերը հատուցելուց հետո: Սույն գրությունը ստանալու պահից համարվում է պաշտոնական զգուշացում»: Գրությունը ստորագրել են Գյումրու գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) տնօրենն ու իրավաբանը:

Ո՞վ է, ի վերջո, հորինել այս անհասկանալի, արհեստական վճարը, եւ ինչո՞ւ է տեղից վեր կացողն ուզած ժամանակ այսպես ահաբեկում, դիցուք, իր սպառած գազի դիմաց հազիվհազ վճարող պարտաճանաչ բաժանորդ-թոշակառուին: Ինչո՞ւ պիտի վերջինս մատակարարի ներկայացուցչի կամ այլ մեկի` տարին երկու անգամ «ճիտ» անելու համար, որպիսին է գազասարքերի միացումների ու ծխատար ուղիների արտաքին զննումը, վճարի էլի ինչ-որ գումար, այն էլ` 6-7 հազար դրամ եւ դեռ «ուշացնելու» դեպքում էլ գազազրկվի: Եղբայր, եթե դու մատակարարն ես, իսկ ես էլ քեզնից ստացածի դիմաց կանոնավոր վճարում եմ ու քո շահույթներն ավելացնում, ապա ինքդ էլ բարի եղիր առանձին ջանք չպահանջող այդ ստուգումն իրականացնել ինչպես առաջՙ անվճար: Գազի գրասենյակի տեսուչները, որոնք ամբողջ օրը թաղերում են, կարող են տարին երկու անգամ նաեւ ստուգել գազօգտագործման անվտանգությունն ու համապատասխան հրահանգավորում տալ սպառողին: Իսկ կարգաբերման, նորոգման որոշ աշխատանքների համար, որոնք այժմ էլ առանձին վճար են պահանջում եւ զարմանալիորեն չեն մտնում սպասարկման նշված գումարի մեջ, թեկուզ թող էլի լինի վճար:

Ասվածին գուցե կարելի է առարկել նաեւ, թե չէ՞ որ գազասպառող բնակիչ-բաժանորդը ստորագրել է համապատասխան երկկողմ պայմանագիրն ու ներտնային տեխնիկական սպասարկման համաձայնագիրը: Իսկ մի՞թե նա այլընտրանք ուներ:

Սույն ծառայության կարգն ու դրա համար վճարը սահմանվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: Թվում է` անհրաժեշտ է, որ հանրապետության կառավարությունը քննարկի այս հարցը, վերացնի քաղաքացիների շահերը ոտնահարող այդ կամայական վճարը կամ գոնե սահմանի «խաղի» այլ կանոններ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4