«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2008-07-09 | #131, 2008-07-10 | #132, 2008-07-11


ՆՈՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏԻՆ

Կրթական ոլորտում սերմնացանության եւ բերքահավաքի ժամանակ է` ոմանք ընդունվում են բուհ, ոմանք` ավարտում եւ գնում կյանքի արդեն խորդուբորդ ճանապարհով, որ պայքար է կոչվում (ինչքան արժեզրկվեց այս բառը վերջերս):

Երեկ Տուրիզմի հայկական ինստիտուտի 20 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին իրենց սիրելի բուհին ու դասախոսական կազմին, սակայն արդեն աշխատավայրում հանդիպելու ակնկալիքով: Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը հպարտությամբ նշեց, որ իրենց 23 շրջանավարտներից 16-ն արդեն աշխատում են: Շրջանավարտներից ոմանց նաեւ առաջադիմության համար պատվոգրեր հանձնեցին: Ուշագրավ է, որ բուհի ռեկտորը հետամուտ է իր ուսանողների մասնագիտական բարձր որակավորմանը, ինչպես նաեւ հոգատար է այն աստիճան, որ գիտի, թե հանդիսությանը բացակայող 3 շրջանավարտներից որն ինչ պատճառաբանությամբ է անմասն օրվա ուրախությունից:

ՌԴ պետական հավաստագրում ունեցող Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը մեծ ձեռքբերում է համարում Ռուսաստանի կրթության նախարարության քննական հանձնաժողովի նախագահի ընտրությունը բուհի ավարտական քննություններն անցկացնելու համար: Ռ. Մինասյանը նպատակ ունի, որ իր բուհի ուսանողները մինչեւ շրջանավարտ դառնալն արդեն աշխատանք ունենան: Ի դեպ, այդ առթիվ մտահոգվելու կարիք չկա, քանի որ տուրիզմի ոլորտը նոր զարգացող եւ մեծ հեռանկար ունեցող է Հայաստանում, կնշանակի եւ մասնագետի պահանջարկ կա, եւ աշխատանքի մեծ շուկա: Այնպես որ, ռեկտորի «կանաչ ճանապարհ» մաղթանքը նորաթուխ մասնագետների համար բավականին իրատեսական է հնչում:

Ինչ մնում է ուսանողներին, նրանք բավականին ինքնավստահ են պատասխանում «Ազգի» հարցերին, վստահեցնելով, որ իրենք կարող են զբաղվել ե՛ւ ներգնա, ե՛ւ արտագնա տուրիզմի կազմակերպչական աշխատանքներով: Այդ մասին իր անվերապահ համաձայնությունը հայտնեց նաեւ նրանց սիրելի դասախոսը` «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի նախագահ Ռուբեն Գրիգորյանը. «5 ուսանող ինձ մոտ են աշխատել: Մեկը ֆիզարձակուրդ է գնացել, մյուսը դասավանդում է, մյուս երեքը շարունակում են աշխատել: Նրանք ինձ մոտ պրակտիկա են անցել եւ վերապատրաստվել են: Ավելին ասեմ, ես հիմնականում անգլիական թագուհու դեր եմ կատարում, հիմնական խաղացողներն իրենք են: Ինձ որպես կազմակերպության նախագահի արդեն քչերն են դիմում, քանի որ այս երիտասարդ մենեջերներն առավել մանրակրկիտ կերպով են տիրապետում տուրիզմի ոլորտի մանրամասներին», անկեղծ հպարտությամբ շեշտեց դասախոսը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4