Գեղանկարիչ Արթուր Խաչատրյանը (Խաչ Ար) ստեղծագործում է 1996-ից: Կտավների մեծ մասը նվիրված են հայրենի բնապատկերներին ու լեռնաշխարհին, ժպտացող ու արեւի պես այրող երանգներն էլ բացահայտում են նկարչի մելամաղձոտ, քնարական էությունը: Խաչ Արի գունապնակը հարուստ է ու վառվռուն: Կտավներում զուգորդվում են մանուշակագույնը, վարդագույնը, դեղինն ու կապույտի երանգներըՙ ներկայացնելով բնության գեղեցկությունը նկարչի ընկալմամբ:
«Մանկությունս անցել է գյուղում, թերեւս դա է պատճառը, որ սիրում եմ բնապատկերներ նկարել: Ոգեշնչվում եմ հայրենի բնաշխարհի գեղեցկությունից», ասում է նկարիչը:
Երեկ «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվեց Խաչ Արի չորրորդ անհատական ցուցահանդեսը: Մեծ թիվ էին կազմում Արեւմտյան Հայաստանին նվիրված ստեղծագործությունները: Նկարիչը նախնիների հայրենիքում երբեք չի եղել, սակայն երեւակայությամբ պատկերել է իրենց հոգեհարազատ բնապատկերները, ճարտարապետական կոթողները, Ղարսի Առաքելոց եկեղեցին: «Արտերկրում ցուցադրություններ չեմ ունեցել, բայց կցանկանայի կտավները ներկայացնել սփյուռքի հայաշատ վայրերում, որպեսզի տեղի երիտասարդները ծանոթանան հայրենի բնաշխարհին ու եկեղեցիներին», ասաց նկարիչը:
«Խաչ Արի բնանկարների միջոցով մերձենում ենք հայրենի բնությանը: Ասում ենՙ որքան ավելի ես ձգտում բնությանը, այնքան մոտենում ես Աստծուն: Այս կտավները հիշեցնում են, որ բնություն սիրելն ու փայփայելը վերերկրային զգացում է: Նկարչի հույզերի ու կտավների գույների միջոցով մերձենում ենք բնությանը, եւ ավելի է իմաստավորվում մարդ-բնություն կապը», ասաց «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:
Հ. Հ.