«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2008-07-09 | #131, 2008-07-10 | #132, 2008-07-11


«ՉԵ՞Ս ՊԱՐԻ ԻՆՁ ՀԵՏ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

«Բազմաթիվ անգամներ եմ խաղացել Սարոյանի պիեսներում: Արմենն էլ է մեծ հաճույքով խաղում ու բեմադրում: Սարոյանին հանդիպեցինք եւ սիրահարվեցինք, որովհետեւ նա հոգեւոր գրող, մտավորական, փիլիսոփա է, իսկ դա այսօր մեզ մոտ բացակայում է», ասում է դերասանուհի Աննա Էլբակյանը: Մի քանի օր առաջ Աննա եւ Արմեն Էլբակյանները վերադարձել են Պրահայում կայացած «Ապոստրոֆ» միջազգային փառատոնից, որտեղ Սարոյանի ստեղծագործությունների ծաղկաքաղի հիման վրա պատրաստված «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումն արժանացել էր հանդիսականների բուռն ընդունելությանն ու ողջույններին, ներկայացման ավարտից հետո էլ` ավելի քան 15 րոպե դահլիճը ծափահարում էր` հայազգի հրաշալի դերասանական զույգի խաղից հիացած:

«Փայլուն հանդիսատես էր: Վաղուց չէի տեսել այդքան մտավորականություն մի տեղ հավաքված: Արձագանքները հոյակապ էին: Ներկայացումից հետո ինձ եւ Արմենին մոտենում էին ու շնորհակալություն հայտնում թատերական զարթոնքի համար, որ փոխեցինք իրենց պատկերացումները թատրոնի մասին», ասում է դերասանուհին:

«Ապոստրոֆի» նպատակն էր, որպեսզի տարբեր ազգերի ռեժիսորները, դերասանները շփվեն միմյանց հետո, ծանոթանան տարբեր երկրների թատերարվեստին ու դերասանական վարպետությանը:

«Թատրոնը ամբիոն է, որը պետք է խորհուրդ փոխանցի հանդիսատեսին: Իսկ մարդիկ այսօր, ներեցեք արտահայտությանս, ավելի շատ ընկել են ձեւականությունների հետեւից` կորցնելով, մոռանալով թատրոնի բուն նպատակն ու իմաստը», նշում է նա` կարեւորելով փառատոների դերը:

Դերասանուհու խոսքերով, պայմանները շատ դժվար էին եւ Սարոյան խաղալու համար պետք էր նոր բեմ պատրաստել: Բայց մի քանի օրվա ընթացքում պատրաստեցին թե՛ լուսավորությունը, թե՛ դեկորները:

«Նրանք զարմացել էին մեր միաբանության, թիմային աշխատանքի վրա: Մեր ուժը միասնականության մեջ է եւ դա հերթական անգամ ապացուցվեց հատկապես օտարության մեջ: Կարծում եմ, որ մեր զորությունը մեր համախմբվածությունն էր»:

Այժմ Աննա Էլբակյանը դերասանական բուռն գործունեություն է ծավալում: Մի քանի օր առաջ տեղի ունեցավ «Կարմիր լապտերներ» ներկայացման պրեմիերան, որտեղ դերասանուհին մարմնավորում էր փողոցային կնոջ, որը թեեւ ֆիզիկական մեծ ուժ ունի, բայց հոգու խորքում թույլ ու փխրուն անձնավորություն է: Դերասանուհին ստացել է մի շարք առաջարկներ եւ խոստանում է հետաքրքիր անակնկալ պարգեւել իր հանդիսատեսին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4