«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2008-07-09 | #131, 2008-07-10 | #132, 2008-07-11


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ ՄԱՄՈՒԼԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Այդ մասին երեկ կայքէջում տեղեկացրել է NTVMSNBC-ի թուրքերեն տարբերակը: Ըստ տեղեկության, «Ակօսի» հանգուցյալ խմբագիր Հրանտ Դինքի դիմանկարը, որն արդեն Ստամբուլում Մամուլի թանգարանի թուրքական լրագրության պատմության բաժնի ցուցանմուշներից է, յուղաներկ է:

Թանգարանում Դինքի դիմանկարի տեղադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հանգուցյալի այրինՙ Ռաքել Դինքը, ազգականները, ինչպես նաեւ Թուրքիայի լրագրողների միության անդամներն ու մտավորականներ: Միության նախագահ Օրհան Էրինչը ելույթում նշել է, որ Հրանտ Դինքը վերջին լրագրողն էր, որի կյանքը դավադրաբար խլեցին, ապա ավելացրել է. «Մեզ համար ցավալի է, որ Հրանտ Դինքի դիմանկարը սպանված մյուս լրագրողների դիմանկարների կողքին ստիպված տեղադրում ենք Մամուլի թանգարանում: Նա դարձավ մեր բոլորի թերացումների զոհը: Որքան էլ չկասկածենք, որ սպանության բուն կազմակերպիչները կհայտնաբերվեն եւ կկանգնեն դատաստանի առջեւ, դա բոլորովին չի կարող գոհացնել մեզ, որովհետեւ Թուրքիայում հետզհետե վտանգավոր է դառնում լրագրողի մասնագիտությունը»:

Արարողության ընթացքում Ռաքել Դինքը, ըստ վերոհիշյալ աղբյուրի, խիստ հուզված է եղել եւ ասել է. «Սպանության փաստը պետք է ցավալի լինի հենց երկրի համար: Պետք է ստեղծվեն ոչ թե խոսքով, այլ խոսքի իրական ազատության նախադրյալները: Ոչ թե խոսքով, այլ գործով արդարություն եմ ցանկանում»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4