Քաջ գիտակցելով, որ մի բան է հանձնաժողովի մասին արտահայտվել հայ համայնքի առջեւ, բոլորովին այլ բան «Ուոլ սթրիթ ջոռնլում»
Թուրքական թերթերը ուշի-ուշով հետեւում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարություններին: Նրանք նախ արձագանքեցին նախագահի հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթին, ապա Աստանայում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ նրա կարճատեւ զրույցին: Այնուհետեւ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց «Ուոլ սթրիթ ջոռնլի» հուլիսի 9-ի համարում «Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ» վերնագրով հրապարակված Սերժ Սարգսյանի հոդվածը:
«Ուոլ սթրիթ ջոռնլը» խոսափողի դեր է կատարում «Նոր պահպանողականների» համար, իսկ վերջիններս վերահսկում են պաշտոնական Վաշինգտոնի գործունեությունը: Այսինքն, այս հանդեսում հոդվածները պատահական չեն հրապարակվում: Դրա համար, ըստ երեւույթին, անհրաժեշտ է, որ հոդվածի բովանդակությունն արժանանա նաեւ Վաշինգտոնի հավանությանը:
Այս հանգամանքը, ինչ խոսք, գաղտնիք չի կարող լինել թուրքերի համար: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ նախագահի «Ուոլ սթրիթ ջոռնլում» հրապարակված հոդվածին թուրքական կենտրոնական թերթերը առանձնահատուկ նշանակություն են տալիս: Թերեւս այդ նշանակությունն է պատճառը, որ «Ռադիկալը» ՀՀ նախագահի հոդվածը թարգմանաբար հուլիսի 10-ի համարումՙ հրապարակման հաջորդ օրը, մասնակի կրճատումներով ներկայացրել է թուրք ընթերցողի ուշադրությանը:
Նույն օրվա համարներում Սերժ Սարգսյանի հոդվածին են անդրադարձել կառավարամետ «Ենի շաֆաքն» ու «Վաթանը», իսկ հուլիսի 11-ին, «Սաբահի» գլխավորությամբ, նաեւ այլ թերթեր:
ՀՀ նախագահի հոդվածին արձագանքելու պարագայում թուրքական թերթերին հատկապես հետաքրքրում է հանձնաժողովի ձեւավորմանը վերաբերող հատվածը: Ակնհայտ է, որ մի բան է հանձնաժողով ձեւավորելու մասին արտահայտվել Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, բոլորովին այլ բան պաշտոնական Վաշինգտոնի գործունեությունը վերահսկող «Նոր պահպանողականների» խոսափող «Ուոլ սթրիթ ջոռնլի» էջերում:
Ամենայն հավանականությամբ, հոդվածում ընդգծելով, թե «բնականոն քաղաքական հարաբերությունների ստեղծումը մեզ հնարավորություն կտա ձեւավորելու հանձնաժողովՙ քննարկելու Հայաստանին ու Թուրքիային վերաբերող բոլոր խրթին հարցերը», Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումը, այլ ոչ թե պատմաբանների:
Ի դեպ, 2005-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» առաջարկին ՀՀ նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր «միջկառավարական հանձնաժողով ստեղծելու» առաջարկով, իհարկե, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:
Միջկառավարական հանձնաժողովի ստեղծման դեպքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, թուրքական ժխտողականության դիրքերի սպառումը, կամ որպես փոխվստահության վերականգնման միջոց Ցեղասպանության հետեւանքների վերացումը: Քանի որ սրանք ոչ թե պատմական, այլ քաղաքական խնդիրներ են, ուստի քննարկումները կասկածի տակ չեն դնի Հայոց ցեղասպանության փաստը: Այսպիսով, ի չիք կդառնան Ցեղասպանությունը վիճարկման ոլորտ ներքաշելու փորձերը:
Կարելի է ստեղծել նաեւ պատմաբանների հանձնաժողով, եթե հայ եւ թուրք գիտնականները համատեղ քննարկեն հետեւյալ հարցը. «Ինչո՞ւ Օսմանյան կայսրությունը որպես «Հայկական հարցի» լուծման միջոց նախընտրեց կիրառել հայ ժողովրդի բնաջնջման տարբերակը, երբ այլ տարբերակի կիրառումը նրան տալիս էր Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ