«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2008-07-10 | #132, 2008-07-11 | #133, 2008-07-12


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎՆ ԷՐ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԷ

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները նշանակալի բարեփոխումներով են առանձնանում ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով. «Մենք իսկապես լավ նախագահ ենք ունեցել»: Նույն տարիներին բացթողումը եղել է քաղաքական համակարգի անկատարությունը: Իսկ այսօր, բանախոսը գտնում է, որ կառավարությունը «հսկայական գործ է փորձում անել» ժողովրդի կյանքը բարելավելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ արդյունքներ լինելու են, թեեւ հասարակության մի մասը դրանք համառորեն չի նկատելու»: ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը համակարծիք է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մարտի մեկի իրադարձություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերակատարության գնահատման հարցում: Մարտի մեկին տեղի ունեցածի կանխումը կարող էր ապահովել, բայց միտումնավոր չարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ ՄԱԱ-ում կարծիք հայտնեց Աղվան Վարդանյանը: Նա գտնում է, որ չարտոնված հանրահավաքների շարունակականությունը տեղի ունեցածին կհանգեցներ. «Եթե չեմ սխալվում, կարծեմ լրագրողներին հայտարարեցՙ ես շատ հանգիստ խղճով քնեցի այդ գիշեր: Եթե շարունակվեին չարտոնված հանրահավաքները, ի վերջո, նման մի բան տեղի էր ունենալու, որովհետեւ քաղաքական այդ ուժի կամ ուժի չասեմ, քաղաքական այդ մտայնության ղեկավարի հիմնական նպատակն այս էր»: Այդուհանդերձ Աղվան Վարդանյանը ողջունելի կհամարի, եթե վերջին շրջանում անընդհատ շրջանառվող 3-րդ ուժ ձեւավորվիՙ դրա համար դաշտ կա: Քաղաքական համակարգի կայացման համար գաղափարներ, ծրագրեր ունեցող, միմյանց հետ մրցող 3-4 ուժերի գոյությունը ուղղակի անհրաժեշտություն է. «Բայց հաճախ քաղաքական ուժերը ձեւավորվել են մեկ անձի շուրջը, իրավիճակային խնդիր լուծելու համար: Մեկ տարվա գործունեություն են ունեցել եւ բացարձակապես չեն նպաստել քաղաքական համակարգի կայացմանը»:

Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ Հայաստանի արտաքին մարտահրավերներին: Դրանցից գլխավորը Հայաստանի միջազգային վարկի վերականգնումն ու ամրապնդումն է, բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնումը, նաեւ աջակցությունը այն ծրագրերին ու նպատակներին, որոնք քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունների շարքում են: «Գաղտնիք չէ, որ այս առումով այսօր խնդիրներ ունենք: Ինձ թվում է` դրանց զգալի մասը աղբյուր է արմատական ընդդիմության ոչ ադեկվատ գործողությունների ու մոտեցումների: Խորապես համոզված եմ, որ այս քաղաքական ուժերը, որոնք այսօր իշխանություն են, ունեն քաղաքական կամք` խնդիրները լուծելու եւ երկիրը զարգացման որակապես նոր փուլ դուրս բերելու գործողություններ են ծավալում»: Ղարաբաղի հիմնախնդիրն ու Ղարաբաղում կատարվող որակական փոփոխությունները, ըստ Աղվան Վարդանյանի, դուրս են մնացել հանրության ուշադրությունից: Մինչդեռ բանախոսը վստահ է, զգալիորեն բարձրացել է ժողովրդի վստահությունը Արցախի իշխանությունների նկատմամբ, փոքր տարածքում լուրջ ծրագրեր են իրականացվում, պետության որակական նոր մոդել է ձեւավորվում:

Հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության առնչությամբ Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ-ականները եկել են այն համոզման, որ նախագահը Հայոց ցեղասպանության հարցը վիճարկելի չի համարում: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ էլ բանախոսը կարծիք հայտնեց, որ հենց Թուրքիան է Հայաստանի հետ նախապայմաններով խոսում, պաշտպանում Ադրբեջանին. «Այդքանից հետո Թուրքիայի նախագահն ինչպե՞ս է որոշելու գալ մի երկիր (ֆուտբոլ դիտելու), որի հանդեպ իրենք նման մոտեցումներ ունեն»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4