Հուլիսի 13-ին մեկնարկող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, թերեւս լավագույն միջոցառումներից կարելի է համարել իտալացի նշանավոր ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերի ցուցադրությունն ու նրա հիշատակին նվիրված ցերեկույթները:
Փառատոնի օրերին կցուցադրվի «Միքելանջելոյի հետ», «Գիշեր» «Ամպերից այն կողմ», «Կարմիր անապատը» եւ այլ բազմաթիվ ֆիլմեր, որոնք բացահայտում են Անտոնիոնի արվեստագետ-մտավորականի ամբողջական էությունը:
Երեկ «Երեւան» հյուրանոցում Միքելանջելո Անտոնիոնիի հետ կապված բազմաթիվ հուշեր ու հիշողություններ պատմեցին ռեժիսորի կինըՙ Էնրիկան, Անտոնիոնի ֆոնդի տնօրեն Կլաուդիո Գաբրիելեն եւ լուսանկարիչ, Անտոնիոնիի լուսանկարների հեղինակ Պիերո Մարսիլին: «Տարիներ առաջ ֆիլմ նկարահանելու նպատակով Անտոնիոնին եկել էր Հայաստան, սակայն այդպես էլ վայր չընտրեց եւ խոստացավ վերադառնալ: Ցավոք, երկրորդ հանդիպումը չստացվեց: Մեծ հանճարը կյանքից հեռացավ: Անտոնիոնիի հիշողությունները, Տոնինո Գուերայի միջնորդությունն ու Հայաստանը տեսնելու ցանկությունը Էնրիկայինՙ ռեժիսորի այրուն բերել են Երեւան, որ ամուսնու մահից հետո որեւէ փառատոնի կամ մրցանակաբաշխության չէր մասնակցել եւ սա, թերեւս առաջին դեպքերից է, որ օտար վայրում ներկայացնում է իտալացի վարպետին», ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:
Էնրիկան 18 տարեկան էր, երբ հանդիպեց Անտոնիոնիին, տեսել էր ռեժիսորի նկարահանած ընդամենը երկու ֆիլմ: Հետագայում փոքրիկ դերով նկարահանվեց «Ամպերից այն կողմ» ստեղծագործությունում, դարձավ նրա բազմաթիվ ֆիլմերի պրոդյուսերն ու համառեժիսորը: «Շատ ուրախ եմ, որ Հայաստան եմ այցելել: Միքելանջելոն հաճախ էր խոսում ձեր երկրի հարուստ մշակույթի մասին: Միքելանջելոյի ֆիլմերն առանձնանում են երիտասարդական շնչով ու մտքի պայծառությամբ: Այսօր ամբողջ աշխարհում մահվան տարելիցի կապակցությամբ շատերն են ցանկանում նրա ֆիլմերի ռեսպեկտիվան ցուցադրել: Երջանիկ եմ, որ նոր սերունդը հաճույքով է դիտում Անտոնիոնիի ֆիլմերը: Ժամանակի ընթացքում նրա հանդիսատեսը բազմանում է եւ Անտոնիոնին ֆիլմերի շնորհիվ փոխանցում է իր ցանկություններն ու ձգտումները», ասաց Էնրիկա Անտոնիոնին:
Հուլիսի 13-ին Ազգային պատկերասրահում կբացվի Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը, նաեւ վարպետի լուսանկարների ցուցադրությունը, որոնց հեղինակն է լուսանկարիչ Պիերո Մարսիլին:
«18 տարեկան էի, երբ Անտոնիոնիի «Բլու ափ» ֆիլմը դիտելուց հետո հագնվեցի հերոսի պես եւ երազում էի դառնալ լուսանկարիչ: Միլանում էի, երբ բարում հարբած ճապոնացուց վերցրի լուսանկարչական սարքն ու իմ երազանքի մի մասն իրականացավ: Տարիներ անց Հռոմի անհատական ցուցահանդեսի ժամանակ իտալացի ռեժիսոր Մայկո Ֆրելինի հետ հանդիպեցի Անտոնիոնիին: Երկու օր անց Միքելանջելոն ինձ հրավիրեց ընթրիքի եւ լուսանկարչական ապարատ նվիրեց: Եվ մենք ընկերացանք», հիշում է Պիերո Մարսիլին:
Անտոնիոնին մտավորական էր, փիլիսոփա, նկարիչ: Կյանքի վերջին տարիներին հաճախ էր նկարում, սիրում էր գույները: Էնրիկան հիշում է, որ նկարներով էլ էր բացահայտում մարդու ներաշխարհն ու էությունը: Հուլիսի 13-ինՙ փառատոնի բացման արարողության ժամանակ Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը հետմահու Պատվո մրցանակ կհանձնի Անտոնիոնիին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ