Հայոց ուժի եւ տոկունության չափանիշ Շուշին գրողների 4-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին Քարին Տակի ճամփաբաժանին աղուհացով, թթու օղիով, դհոլ-զուռնայով դիմավորեց: Շուշիի մշակույթի պալատում շարունակվեցին համաժողովի աշխատանքները Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի ողջույնի խոսքից հետո: Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը ներկաներին հետաքրքիր դրվագներ պատմեց Շուշիի ազատագրման պատմությունից եւ փաստեց, որ Շուշին հայության համար ավելին է, քան քաղաք, ժամանակին եղել է մշակույթի կենտրոն իր բազմահազար հայ բնակչությամբ, յոթ եկեղեցիներով, երեք թատրոններով, 18 թերթերով, պետք է դառնա այդպիսին, եւ դեռ զարգանա: Արդեն մշակվել է 20 մլրդ դրամ ներդրում պահանջող Շուշիի գլխավոր հատակագիծը, որի իրականացումը պահանջում է բոլորիս հոգածությունը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի ելույթին հաջորդեցին հայ գրողների ստեղծագործությունների քննարկումն ու ներկայացումը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց նաեւ համերգային ծրագիր: Գրողները այցելեցին նաեւ Գանձասար ու մասնակցեցին տերունական աղոթքին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Շուշի