IBF-ի վարկածով թեթեւ քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վախթանգ Դարչինյանի եւ Դմիտրի Կիրիլովի մենամարտը տեղի կունենա օգոստոսի 2-ին Սիեթլի մոտակայքում գտնվող Տակոմա քաղաքում: Վախթանգ Դարչինյանն առաջին անգամ կմենամարտի ԱՄՆ-ում:
Դմիտրի Կիրիլովը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2007-ի հոկտեմբերին` Մոսկվայում հաղթելով ամերիկացի Խոսե Նավարոյին: Այս տարվա փետրվարին նա մեքսիկացի Սեսիլիո Սանթոսի հետ մենամարտն ավարտել էր ոչ-ոքի եւ պահպանել ուժեղագույնի տիտղոսը:
Վախթանգ Դարչինյանը 2004-2007-ին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնն էր IBF-ի վարկածով: Ֆիլիպինցի Նոնիտո Դոներից նոկաուտի ենթարկվելուց եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսից զրկվելուց հետո Վախթանգը տեղափոխվեց ավելի ծանր քաշ եւ այժմ պատրաստվում է Կիրիլովի հետ մենամարտին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ