ՄՈՒՐԱԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Ազգ» օրաթերթի հասարակական-քաղաքական հավելվածը սկսում է ներկայացնել հրապարակումներ 20-րդ դարի սկզբում ռուսական բանակում եւ ապա Կովկասյան ռազմաճակատում մարտնչած հայազգի զորավարների մասին: Շարքի հեղինակն է պատմական գիտությունների դոկտոր Մուրադ Կարապետյանը: Առաջին հրապարակումը Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության առաջին նախարար Հովհաննես Հախվերդյանի մասին է:
Ռուսական բանակում ծառայող հայազգի զորավարների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Հախվերդովների (Հախվերդյանների)ՙ ծագումով Թիֆլիսի նահանգից տոհմիկ ազնվականների գերդաստանը: Նրանցից շատերը հայտնի էին դեռեւս 19-րդ դարի ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից: Գեներալ-մայորի կոչում ունեին Վասիլի եւ Ֆյոդոր Եսայու Հախվերդյանները: Ֆյոդոր Հախվերդյանը ռուսական բանակի հայ սպաներից առաջինն էր, որ արժանացավ Սբ. Գեորգիի շքանշանիՙ 1807 թ. թուրքերի դեմ Արփաչայի ափին մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար: 1809-1820 թթ. գեներալ-մայոր Ֆ. Հախվերդյանը եղել է Իմերեթիայի կալմիկների եւ խաղաղ չեչենների կառավարիչ, Ղզլարի զինվորական պարետ: Իսկական պետական խորհրդական Վասիլի Հախվերդյանը Պավել 1-ինի որդիների` թագաժառանգներ Միխայիլի եւ Նիկոլայի զինվորական դաստիարակն էր:
20-րդ դարի սկզբին եւ Առաջին աշխարհամարտի տարիներին Հախվերդյանների գերդաստանից աչքի ընկավ առանձնապես Հովհաննես Հախվերդյանըՙ Վասիլի Հախվերդյանի որդին:
Հովհաննես (Իվան) Վասիլի Հախվերդյանը ծնվել է 1873 թ. հուլիսի 29-ին, Պետերբուրգում: Զինվորական ծառայության Հախվերդյանն անցավ 1890 թ. սեպտեմբերի 1-ին` Պետերբուրգի 1-ին կադետական կորպուսում ռազմական գիտությունների ամբողջ կուրսն անցնելուց հետո: Պավելյան հետեւակային ուսումնարանում շարքային կոչումով յունկեր էր: 1891 թ., ստանալով պոդպորուչիկի կոչում, Հախվերդյանը նշանակվեց վաշտի հրամանատար: Մեկ տարի անց Հախվերդյանը դարձավ գումարտակի հրամանատար, ընդունվեց եւ գերազանց ավարտեց գլխավոր շտաբի Նիկոլայյան ակադեմիան: 1895 թ. օգոստոսի 5-ին նա ստացավ պորուչիկի, 1900 թ. մայիսի 6-ին` շտաբս-կապիտանի, 1902 թ. մայիսի 28-ին` կապիտանի կոչումներ: 1904 թ. փետրվարի 17-ին Հախվերդյանն ուղարկվեց Արեւելքՙ նշանակվելով 1-ին Սիբիրյան բանակային կորպուսի հատուկ հանձնարարությունների գծով սպայի պաշտոնում: Այդ կորպուսի կազմում առաջին իսկ օրերից նա ակտիվ մասնակցություն ունեցավ 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմին, աչքի ընկավ մասնավորապես Լյաոյանի, Շանհայի եւ Մուկդենի ճակատամարտերում: Մարտական ծառայությունների համար Հախվերդյանը պարգեւատրվեց Սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանովՙ «Խիզախության համար» մակագրությամբ, Սբ. Աննայի 3-րդ աստիճանիՙ սրով եւ ժապավենով, Սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանիՙ սրով եւ ժապավենով, եւ 2-րդ աստիճանիՙ սրով, Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանիՙ սրով եւ ժապավենով, շքանշաններով, եւ «Ի հիշատակ 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի» բրոնզե մեդալով:
1906 թ. ապրիլի 2-ին Հախվերդյանին շնորհվեց փոխգնդապետի զինվորական կոչում, նա ուղարկվեց Միջին Ասիա, նշանակվեց Սեմիրեչիե մարզի զորքերի շտաբի հանձնարարությունների գծով սպա, իսկ 1909 թ. հոկտեմբերի 9¬ինՙ Թուրքեստանյան զինվորական օկրուգի շտաբի ավագ համհարզ: 1910 թ. Հովհաննես Հախվերդյանին շնորհվեց գնդապետի կոչում: Մինչեւ 1913 թ. հուլիսի 23-ը Հախվերդյանը կատարում էր թուրքեստանյան կազակային դիվիզիայի շտաբի պետի պարտականությունները: Միջին Ասիայում անբասիր ծառայության համար նա պարգեւատրվեց մի շարք մեդալներով եւ Բուխարայի Ոսկե աստղ 2-րդ աստիճանի շքանշանով:
Առաջին աշխարհամարտի նախօրեին Հ. Հախվերդյանն ուղարկվեց ծառայության Պետրոգրադյան զինվորական օկրուգՙ նշանակվելով Սվեաբորգի ամրոցի զորքերի շտաբի պետ, ապաՙ 3-րդ, հետո 5-րդ հետեւակային դիվիզիաների հրամանատար: Այս պաշտոններում նա մասնակցեց Առաջին աշխարհամարտի Հյուսիս-արեւմտյան ռազմաճակատի մարտական գործողություններին եւ աչքի ընկավ մի շարք մարտերում, մասնավորապեսՙ Դնեստր, Ստրինշ եւ Սերետ գետերի շրջաններում տեղի ունեցած մարտերում: Իր սխրագործությունների համար նա պարգեւատրվեց «Ի հիշատակ Ալեքսանդր 3-րդի գահակալության եւ Նորին կայսերական մեծությունների Սուրբ թագադրության» արծաթե եւ «Ռոմանովների տան գահակալության 300-ամյակի հիշատակին» բրոնզե մեդալներով:
1916 թ. սկզբին Հախվերդյանն ուղարկվեց Կովկասյան ռազմաճակատՙ Թիֆլիս, եւ նշանակվեց, նախ` Տրապիզոնում գտնվող 127-րդ հետեւակային դիվիզիայի, ապա` Պարսկաստանում տեղաբաշխված 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի շտաբի պետ: Այստեղ նա ակտիվ մասնակցություն ունեցավ Կովկասյան ճակատում թուրքական զորքերի դեմ մղված մարտական գործողություններին, Արեւմտյան Հայաստանի տարածքների ազատագրմանը: 1916 թ. հոկտեմբերի 22-ին Հովհաննես Հախվերդյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում:
1917 թ. վերջինՙ ռուսական Կովկասյան բանակի փլուզումից հետո, Հախվերդյանը Կովկասյան ռազմաճակատի հրամանատարներ, գեներալներ Պրժեւալսկու եւ Լեբեդինսկու հետ մասնակցեց հայկական ազգային զորամասերիՙ մասնավորապես Հայկական բանակային կորպուսի կազմավորմանը, համագործակցելով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամներ Ա. Ահարոնյանի, Հ. Քաջազնունու, Հայկական բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկյանի, կորպուսի շտաբի պետ, գեներալ Ե. Վիշինսկու եւ այլոց հետ:
1918 թ. հուլիսին, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, Հախվերդյանն ընդգրկվեց Հայաստանի առաջին կառավարության կազմումՙ որպես զինվորական նախարար: Նրա նշանակման մասին հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության թվով երրորդ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը գրել է. «Զինվորական գործը զինվորական գիտության վրա կազմակերպելու... նպատակով զինվորական նախարարի պաշտոնին կանչվեց մասնագետ Հախվերդյանը, որ հմուտ էր զինվորական գործի մեջ եւ ոչ մի հոսանքի էր պատկանում... Նա բառի բուն իմաստով զինվորական էր, հոգով, մտքով, պատրաստությամբ, եւ նա բոլորի աջակցությամբ կազմակերպում է զինվորական գործը իր ուզածի նմանՙ համապաստախան ռուսական զինվորական գիտելիքների»:
Հ. Հախվերդյանի անմիջական ջանքերով եւ ղեկավարությամբ, չնայած գոյություն ունեցող մի շարք լուրջ արգելքներին, մինչեւ 1918 թ. աշուն կազմավորվեց Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարություննՙ իր աշխատակազմով, ձեւավորվեցին հայկական ազգային զինված ուժերը, եւ ստեղծվեց հայկական Առանձին դիվիզիան: Նրա նախարարության ժամանակահատվածում (1918 թ. հուլիս-1919 թ. մարտ) հայկական բանակի ջանքերով Հայաստանի Հանրապետությանը միացվեցին Թուրքիայի կողմից նախկինում բռնազավթված որոշ հայկական տարածքներ, հայկական բանակի հաղթանակով ավարտվեց Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո բռնկված հայ-վրացական պատերազմը: «Հայ վրացական պատերազմի արդյունքը եղավ այն, որ Հայաստանը փաստորեն կարողացավ իր տիրապետության տակ վերցնել Վրաստանի կողմից զավթված հայկական տարածքների մեծ մասը եւ ստիպեց վրացիներին այսուհետեւ ավելի զգույշ եւ հարգալից վերաբերվել հայերին», իր հուշերում գրել է Հ. Հախվերդյանը:
1919 թ. մարտինՙ զինվորական նախարարի պաշտոնը թողնելուց հետո, Հ. Հախվերդյանը ծառայությունը շարունակեց հայկական զինված ուժերում, ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի ռազմաքաղաքական կյանքին: 1919 թ. մարտի 25-ին նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարությանն առընթեր ռազմական խորհրդի անդամ, իսկ նույն թվականի ապրիլի 25-ինՙ նաեւ ՀՀ զորքերի գլխավոր հրամանատարի (սպարապետի) շտաբի պետ: 1919 թ. մայիսի 28-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, Հախվերդյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, գեներալ Հախվերդյանը, ի թիվս հայկական բանակի հարյուրավոր սպաների, ենթարկվեց բռնաճնշումների, ձերբակալվեց եւ ուղարկվեց Բաքու: 1921 թ. բանտից ազատվելուց հետո նա երկար տարիներ Խորհրդային Հայաստանում զբաղվել է դասախոսական գործունեությամբ, աշխատել է Երեւանի բուհերում, որպես զինղեկ: Այդ տարիներին Հախվերդյանը շարադրել է իր հուշերը, որոնք մինչեւ օրս պահվում են Հայաստանի ազգային արխիվում: Այդ հուշերը, որոնցում հանգամանորեն ուրվագծված է ռազմական իրավիճակը Հայաստանում 1918-1921 թթ., նաեւ հրատարակվել են:
Ամբողջ կյանքը ազնվորեն հայրենիքին նվիրած տաղանդավոր զորավար, մեծ հայրենասեր Հովհաննես Վասիլի Հախվերդյանը 1937 թ. զոհ դարձավ ստալինյան բռնաճնշումներին: