«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2008-07-10 | #132, 2008-07-11 | #133, 2008-07-12


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՆՆԵՅԱՆԸ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հովհաննես Պեննեյանը (Պնեյան) ծնվել է Վանում: Աշակերտել է Խրիմյան Հայրիկին ու Փորթուգալյանին:

1896թ. թողնելով ծննդավայրը, տեղափոխվում է Կովկաս: Կարճատեւ թափառելով Ռուսաստանում, հասնում, մինչեւ Հարավային Ամերիկա եւ Չիլի:

Չիլիում բախտը նրան ժպտում է, եւ մեծ հարստություն է դիզում: Մայրաքաղաք Սանտյագոյում տասնյակ միլիոնների արժողության կալվածքներ է գնում: Այստեղ նրան սկսում են կոչել Դոն Խուան Պեննե: Շուտով ամուսնանում է մի չիլիացի աղջկա հետ եւ ունենում բազմաթիվ զավակներ:

Չնայած օտարության մեջ ապրելուն եւ հսկայական հարստությանը, Դոն Խուանը հոգով շարունակում է մնալ վանեցի հայ: Որքան միլիոնները ավելանում են, այնքան նրա մեջ սաստկանում է հայրենաբաղձությունն ու թախիծը: Միայնակ մնալով տասնյակ հազարավոր մղոններ հեռու իր ծննդավայրից, նա շարունակում է ապրել իր Վանով ու հայությամբ:

Եվ, մի օր էլ հայտարարություն է տալիս Չիլիի թերթերում. «100 պեսո կտամ մեկին, ով մոտս բերի մի հայի»: Շուտով նրան է ներկայանում մի մարդ, խոսում հայերեն ու պահանջում իր 100 պեսոն:

Միլիոնատերը հետագայում պատմել է. «Պիտի խենթանայի: Ամբողջ օրը հետը անցուցի, հյուրասիրեցի ու հայերեն խոսեցա, կարոտս առի, բայց վերջը պարզվեցավ, որ մարդը ...ասորի է»:

Հայտնի չէ, թե նա այդ մարդուն ի վերջո տվե՞լ է խոստացած 100 պեսոն, թե՞ ոչ:

Ինչպես ժողովուրդն է ասում, «Ջրի բերածը ջուրն էլ տանում է»:

Դոն Խուանը, ինչ-ինչ հանգամանքներում, կորցնում է իր ողջ կարողությունը: Հարստության հետ կորցնում է նաեւ խելքը եւ խենթի պես ամիսներով թափառում Սանտյագոյի փողոցներում:

Մի օր էլ փողոցում հանդիպում է երկու ոտքից զրկված մի մարդու, որը փոքրիկ սայլակի վրա նստած, զվարթ երգելով առաջ էր շարժվում` սայլակը ձեռքով մղելով: Այդ մարդու կենսուրախությունը այնքան է ազդում Դոն Խուանի վրա որ մեկեն խենթությունն անցնում է ու նորից խելքը գլուխն է գալիս:

1899թ. նա վանեցու հնարամտությամբ ու համառությամբ, հավաքում է ընտանիքին` կնոջն ու չորս աղջիկներին եւ ճամփա ընկնում դեպի Հարավային Աֆրիկայի Տրանսվաալ բուրական հանրապետություն` ադամանդ որոնելու: Սակայն, դեռ ճանապարհին, իր չար բախտից, սկսվում է Անգլո-բուրական պատերազմը (1899-1902), որը հօդս է ցնդեցնում նրա «ադամանդե» երազները:

Այդ բոլորին գումարվում է նաեւ այն, որ նավի վրա նրա ընտանիքի անդամների թիվը ավելանում է եւս մեկ աղջկանով:

Տեսնելով, որ ադամանդից բան դուրս չեկավ, Դոն Խուանը տեղափոխվում է Արգենտինա եւ հաստատվում Բուենոս Այրեսում:

Այստեղ բախտը նորից է ժպտում նրան: Սկսում է կարապի աղվամազից բարձիկներ պատրաստել, որոնցով կանայք դեմքերին բրնձափոշի էին քսում: Այդ ձեռներեցության շնորհիվ արագորեն հարստանալով, շուտով կրկին տիրանում է մեծ կարողության:

1918-20թթ., Հայաստանի Հանրապետության շրջանում, Դոն Խուանը որոշում է գալ Անկախ Հայաստան: Սակայն վերահաս աղետը` խորհրդայնացումը, խափանում է նրա պլանները: Այդ ծանր օրերին նա այնպես է ազդվում, որ քիչ է մնում նորից խելագարվի:

Ֆրանսիայի վարչապետ Ռայմոն Պուանկարեին հղած երկու հեռագրերում նա պահանջում է անմիջապես օգնել Հայաստանին` թոթափելու բոլշեւիկյան լուծը, այլապես սպառնացել է նա, որ Ֆրանսիան էլ Հայաստանի օրը կընկնի:

Եվ երբ իր հեռագրերը արդյունք չեն տալիս, անիծում է Պուանկարեին, որ նա մեռնի, իսկ ինքն էլ այլեւս երբեք ոտք չի դնի Ֆրանսիայի հողի վրա:

Հետագայում գոհունակությամբ ասել է. «Եվ տեսա՞ր, Պուանկարեն մեռավ: Ու ես ալ ոտք պիտի չդնեմ այդ ազգի հողի վրա»: Նա, իրոք, այդպես էլ մեռավ, առանց Ֆրանսիայի հողի վրա ոտք դնելու: Ֆրանսիան էլ հասավ Հայաստանի օրին` գրավվեց ֆաշիստների կողմից: Եթե ողջ մնար, երեւի կասեր. «Տեսա՞ք, անեծքս կատարվեց»:

1937թ. արդեն ուներ տասներեք աղջիկ, մեկ տղա, հսկայական հարստություն եւ մեծ համբավ:

Քառասուն տարի օտարության մեջ ապրելով, նա զարմանալիորեն չէր փոխվել: Հոգով եւ մտքով շարունակել է մնալ ազգասեր հայ, իսկ լեզվից առատորեն բուրել է Վանը:

Իր միակ ցավը եղել է այն, որ կյանքի եւ աշխատանքի արդյունքը կորած է համարել հայության համար:

Որդին` Նարցիս Պեննեն (Ներսես Հովհաննեսի Պեննեյան, կամ Պնեյան, 1884թ. ծնվ.) եղել է անվանի գրականագետ, Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր, Արգենտինայի փայլուն մտավորականներից մեկը:

10 դուստրերը աշխատել են իրենց հոր «Անուշահոտության գործարանում»:

Որդին եւ տասներեք դուստրերը հայերեն չեն իմացել եւ հայության հետ ոչ մի կապ չեն ունեցել: Սակայն, ծերունին ասել է. «Ես այնպես ըրած եմ, որ զավակներս մինչեւ մահ հիշեն իրենց հայկական ծագումը»: Բոլորին «նվիրել» էր հայկական քթեր ու աչքեր եւ կնքել հայկական անուններով` Արաքսի, Արշակուհի, Զարուհի, Էլիզաբեթ, Թագուհի, Հայկուհի, Մանուշակ, Մարգարիտա (գործարանատեր, 1875թ. ծնվ.), Շուշան, Վարդանուշ Պնեյաններ:

Մի անգամ, Դոն Խուանը «Հայրենիք» ամսագրին խոստանում է 30 000 ֆրանկ մրցանակ տալ, գրաբար հայերեն երգի համար, պայմանով, որ երգի մեջ չլինեին «ձ», «ղ», «խ» եւ նման այլ «վատահնչուն» տառեր: Երբ Սիմոն Վրացյանն (քաղաքական, պետական գործիչ, 1882-1969) ու Ռուբեն Վարդանյանը (Ռեն, գրող, խմբագիր, 1893-1958) նրան համոզում են հետ կանգնել այդ անհեթեթ մտքից եւ գումարը հատկացնել սովորական երգի ու երաժշտության համար, նա համառորեն հակառակվում է: Միաժամանակ զարմանում է, թե մի՞թե հայերի մեջ գրաբար գիտցողներ չկան: Նրա համար գրաբարից դուրս հայերեն գրական լեզու գոյություն չուներ: Նա երգը համարում էր ազգի բարձրացման գլխավոր ազդակ: Թերեւս ճիշտ էր ասում Ռենը. «Այս խորամանկ վանեցին մեզ ձեռ է առնում. մտքում ոչ թե դրամ տալն է, այլ իր մասին խոսեցնելը»:

Դոն Խուան Պեննեն մեռավ, ու 30 000 ֆրանկն էլ հետը գնաց, եւ ամբողջ հարստությունն էլ կորավ հայության համար:

Հայության համար կորան նաեւ հայկական մեծ քթերով ու գեղեցիկ անուններով նրա 14 զավակները ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4