«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2008-07-12 | #134, 2008-07-15 | #135, 2008-07-16


Ի՞ՆՉՆ Է ԼԱՎՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՎԱՏԸ

Զարգացող երկրների երկարաժամկետ տնտեսական առաջընթացի առնչությամբ ահա այսպիսի հարցի է փորձում պատասխանել Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Մայքլ Սփենսի (Michael Spence) գլխավորած փորձագետների խումբը: Տարբեր երկրներ ներկայացնող ճանաչված մասնագետները վերլուծել են 118 զարգացող երկրների փորձը եւ ներկայացրել համապատասխան առաջարկներ: Թեեւ հեղինակները չէին հետապնդում համընդհանուր դեղատոմսերի մշակման նպատակը, սակայն ներկայացված եզրակացությունները, ըստ իրենց, կարող են օգտակար լինել զարգացող երկրներում սոցիալ-տնտեսական բարենորոգումների մշակման եւ իրագործման առումներով: Այս հետազոտության իրականացման համար պահանջվել էին երկու տարվա աշխատանք եւ չորս միլիոն ԱՄՆ դոլար, որը տրամադրել էին մի շարք զարգացած երկրների կառավարություններ եւ մասնավոր հաստատություններ: Ծավալուն զեկույցը դարձել էր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի համապատասխան ատյանների քննարկումների առարկա:


Այս հոդվածում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել հիշյալ հետազոտության առանցքային դրույթները: Կարծում եմ` զարգացման հարցերով հետաքրքրված ընթերցողը կգտնի դրանցում որոշ հարցերի պատասխաններ կամ ներկայացված գաղափարներն առնվազն առիթ կդառնան սեփական մտորումների եւ եզրահանգումների համար:

Հետազոտության հիմնական եզրակացություններից մեկը բավականին պարզ է հնչում. տնտեսական աճը կարեւոր է, այն նախադրյալ է, սակայն ոչ բավարար պայմանՙ հասարակական զարգացման այլ խնդիրների լուծման համար: Որքան աղքատ է երկիրը, այնքան ավելի մեծ կենսական նշանակություն ունի տնտեսական աճը, քանի որ վերջինիս բացակայությունը կամ անբավարար մակարդակն ինքնին ի չիք է դարձնում մնացած խնդիրների լուծումը:

Հետազոտության եզրակացությունները հիմնականում չեն հակասում «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հայեցակարգին, որը 1980-ականների վերջից տեսական հիմք դարձավ զանազան զարգացող երկրների տնտեսական բարեփոխումների իրականացման համար: Զեկույցը հաստատում է մակրոտնտեսական կայունության, առեւտրի ու շուկաների դերի կարեւորությունը տնտեսական զարգացման համար: Այնուամենայնիվ, այնպիսի հարցերի շեշտադրումները, ինչպիսիք են պետական ունեցվածքի սեփականաշնորհումը, առեւտրի եւ կապիտալի շուկայի ազատականացումը, փոքր-ինչ տարբերվում են հիշյալ հայեցակարգի հիմնադրույթներից: Զեկույցում ընդգծվում է, որ թվարկված միջոցառումների իրականացումից հետո անգամ կառավարության դերը տնտեսական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հարցում որեւէ կերպ չի սահմանափակվում: Ավելին, կառավարումը ձեռք է բերում նոր բնույթՙ պահանջելով ներազդման ավելի բարդ ու կատարելագործված մեթոդներ եւ գործիքներ:

Զեկույցն արժեւորվում է նրանով, որ ներկայացված են նաեւ թվային տվյալներ պարունակող որոշ առաջարկություններ: Այսպես, ենթադրվում է, որ սոցիալական խնդիրների պատշաճ մակարդակի իրականացումը պահանջում է տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանում առնվազն 15-20 տարիների ընթացքում: Ներդրումների մակարդակը պետք է կազմի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 25 տոկոսը, որից 5-7 տոկոսը պետք է ուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը: Առողջապահության եւ կրթության կարիքների համար խորհուրդ է տրվում հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 7-8 տոկոսը: Այս ծախսերի ֆինանսավորումը առաջարկվում է իրականացնել տեղական խնայողությունների հաշվին, ինչն իր հերթին կանխորոշում է դրամավարկային քաղաքականությունը: Ծայրաստիճան կարեւոր է առաջադեմ տեխնոլոգիաների ներմուծումը, մրցակցության քաջալերումը, աշխատանքի շուկայի ճկունության ապահովումը եւ բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք հիմնախնդիրների վրա, որոնց շուրջը տեսական բանավեճերը տակավին շարունակվում են: Այդպիսի հարցերից են արդյունաբերական քաղաքականության իրականացման հնարավորությունն ու նպատակահարմարությունը, տարադրամի փոխարժեքի կարգավորման ռեժիմի ընտրությունը, կապիտալի շուկայի ազատականացման աստիճանը, եւ այլն: Այս նյութի ծավալը հնարավորություն չի տալիս անդրադառնալու թվարկված բոլոր հարցերին, սակայն դրանցից մի քանիսի վրա ինձ թույլ կտամ հատուկ կանգ առնել:

Համաձայն զեկույցի հեղինակների, քաղաքական եւ տնտեսական գործոնները որոշիչ դեր են խաղում երկրի երկարաժամկետ եւ կայուն զարգացման հեռանկարների համար: Փորձագետները վերլուծել են ցուցանիշների հետեւյալ չորս խմբերը. երկրի աշխարհագրությունը, գործող ինստիտուտները, ղեկավարությունը եւ հասարակությունում առկա սոցիալական համերաշխությունը:

Նշված խմբերից ամենաշոշափելին, անշուշտ, երկրի աշխարհագրությունն է, որը պարունակում է այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնական ռեսուրսների ապահովվածությունը, ելքը դեպի ծով եւ բնակչության քանակը: Նշյալ գործոնների առկայությունը, անտարակույս, բարերար ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման համար: Սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ հարուստ բնական պաշարների գոյությունը ինքնին դեռ զարգացման երաշխիք չէ: Հավասար այլ պայմանների պարագայում երկարաժամկետ զարգացման առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել սակավառեսուրս երկրները: Դա է վկայում Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի բնական պաշարներով հարուստ երկրների զարգացման արդյունքների համեմատությունը ասիական այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան, Տայվանը (ՉԺՀ) եւ Սինգապուրը: Երկրների երկրորդ խումբն է, որն ի տարբերություն առաջինի, արձանագրել է զարգացման աննախադեպ արդյունքներՙ բնական հարստությունների գրեթե իսպառ բացակայության պայմաններում:

Համաձայն վերլուծաբանների, ինստիտուցիոնալ հենքն է կանխորոշում ռեսուրսներով հարուստ երկրի կայուն զարգացման եւ տվյալ հասարակության բարեկեցության հեռանկարները: Արդյունավետ ինստիտուտները նպաստում են այնպիսի քաղաքականության իրականացմանը, որը խթանում է կայուն տնտեսական աճն ու ազգային հարստության կուտակումը: Թույլ եւ անարդյունավետ ինստիտուտները բերում են բնական պաշարների պարզ շահագործմանՙ ի շահ սեփականատերերի նեղ խմբի եւ ի վնաս երկրի տեւական զարգացման հեռանկարների: Ինստիտուտների գործունեության որակն իր հերթին որոշվում է դրանք ստեղծող անձանց աշխարհայացքով եւ ընկալումով: Զեկույցի հեղինակները վկայում են, որ զարգացող երկրների ինստիտուտների որակը հակառակ համեմատական է տվյալ երկրի վերնախավի կոռումպացվածությանը եւ ուղիղ համեմատականՙ հասարակության առջեւ նրանց պատասխանատու եւ հաշվետու լինելու մակարդակին:

Հատկանշական է, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ հետազոտվող երկրի քաղաքական համակարգի բնույթով: Տնտեսությունում, ինչպես եւ քաղաքականությունում, առավել կարեւոր է զսպումների եւ հակակշիռների առկայությունը, ինչը բնավ տվյալ պետական համակարգի ժողովրդավարականության ածանցյալը չէ: Զեկույցը չի վիճարկում, որ տնտեսապես առավել զարգացած երկրներն իրոք ավելի ժողովրդավարական են: Սակայն, որոշ ավտորիտար ռեժիմներ, համեմատած ժողովրդավարական կարգերի հետ, ունեցել են տեւական զարգացման ավելի բարձր ցուցանիշներ: Սա հաստատում է հասարակագիտության այն թեզը, որ ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ է եկամուտների բավականին բարձր մակարդակՙ մեկ շնչի համար առնվազն 6000 ԱՄՆ դոլար: Եկամուտների ավելի ցածր մակարդակի դեպքում ժողովրդավարությունն ու տնտեսական աճը բացառում են միմյանց եւ որպես հետեւանք աղքատ երկրները ուշ թե շուտ գլորվում են դեպի ավելի ավտորիտար համակարգերը:

Զեկույցը մեկ անգամ եւս հաստատում է, որ կայուն տնտեսական զարգացման ապահովման համար խիստ կարեւոր է երկրի քաղաքական ղեկավարության դերը: Տեւական տնտեսական զարգացման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ իշխանությունների բոլոր կառույցներում ընդգրկված լինեն անկողմնակալ եւ նվիրյալ ղեկավարներՙ լիդերներ: Վերջիններս պետք է ի վիճակի լինեն մշակելու ապագայի վերաբերյալ հավակնոտ եւ միաժամանակ իրատեսական գաղափարներ, ապահովել այդ գաղափարների նկատմամբ հասարակության հնարավորինս լայն զանգվածների համաձայնությունն ու համախմբումը դրանց բարեհաջող իրականացման համար: Հետազոտության արդյունքներն ընդգծում են, թե որքան կարեւոր է առաջնորդների նվիրվածությունը պետական եւ ոչ թե կուսակցական կամ անձնական շահերին: Ինչպես վկայում է զեկույցը, հաջողության հասած բոլոր երկրները կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու նպատակով պարտադիր ապահովել են ղեկավարության ու պետծառայողների բավարար, եթե չասենքՙ բարձր վարձատրությունը:

Ըստ զեկույցի, տնտեսական աճի դինամիկայի եւ որակի վրա ազդեցություն ունեցող մեկ այլ ցուցանիշներից է երկրի զարգացման ռազմավարության եւ նրա ապագայի վերաբերյալ տեսակետների նկատմամբ հասարակական կոնսենսուսի մակարդակը: Այս ցուցանիշը մասնագետները դիտում են որպես հասարակության տարբեր ընկերային խմբերի շահերի համընկնման (կոնվերգենցիայի) բնութագիր:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ ուղեղների արտահոսքը տվյալ երկրի ինստիտուտների նկատմամբ վստահության ամենահավաստի արտահայտիչն է: Նրանց կարծիքով, հատկապես բարձր վստահությունն է խթանում եւ ազատություն տալիսՙ օժտված անձանց` ունակությունների եւ տաղանդի դրսեւորման համար: Պատահական չէ, որ ուղեղների արտահոսքի բարձր մակարդակը գրանցվել է այն երկրներում, որտեղ չի հաջողվել ապահովել կայուն տնտեսական աճ:

Զեկույցը հատուկ ուշադրություն է հատկացրել այսպես կոչված «առավել խոցելի» երկրներին, որոնց շարքին են դասվում մասնավորապես փոքր երկրները: Ըստ զեկույցի հեղինակների, ազգային տնտեսության փոքր ծավալը ծայրաստիճան բարդացնում է դրա բազմազանեցումը: Դա իր հերթին այդ կարգի երկրներին մեծ կախման մեջ է դնում արտաքին գործոններից եւ մասնավորապես տնտեսական շոկերից: Ադպիսի երկրներին խորհուրդ է տրվում հնարավորինս լայն կերպով ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ, ձեւավորել տարածաշրջանային ակումբներ եւ կառավարության որոշ գործառույթներ հանձնել մասնավոր հատվածին:

Զեկույցը, ենթակառույցների զարգացման կարեւորությունը հաստատելուց բացի, վերլուծություն եւ որոշ խորհրդատվություն է ներկայացրել նաեւ ենթակառույցների զարգացման համար տրամադրվող ծախսերի օպտիմալ ծավալների ընտրության առնչությամբ: Նշելով որեւէ համընդհանուր մեծություն սահմանելու բարդությունը, զեկույցը, այնուամենայնիվ, զարգացող երկրների համապատասխան ծախսերի վերլուծության հիման վրա ներկայացնում է որոշ վիճակագրական ընդհանրացումներ: Այսպես, առաջարկվում է ՀՆԱ-ի 4 տոկոսը նախատեսել ենթակառուցվածքների զարգացման ներդրումների եւ մոտավորապես այդքան էլ արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ կենսագործունեությունն ապահովելու նպատակի համար: Ի դեպ, ենթակառուցվածքի վերականգնողական արժեքը զգալի տարբերվում է ըստ ոլորտների:

Քանի որ ենթակառուցվածքի պահպանումն ու զարգացումը պահանջում են մշտական եւ զգալի ծախսեր, ապա մյուս կարեւոր հարցը դրանց ֆինանսավորման օպտիմալ աղբյուրների որոշումն է: Ինչպես վկայում է փորձը, հիմնական բեռն ընկնում է հանրային ֆինանսների վրա, որոնց հաշվին եւ իրականացվում են ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերը: Իսկ եթե տվյալ ոլորտը սեփականաշնորհված է, ապա այդ ծախսերը արտահայտվում են ծառայությունների գնի մեջ, ինչն ի վերջո որոշում է այդ ծառայությունների մատչելիությունը բնակչության եւ հատկապես նրա ամենաաղքատ շերտերի համար:

Ուշագրավ է, որ որոշ երկրներում տրանսպորտային հաղորդակցության բարելավումը հակասական հետեւանքներ է ունեցել ներքին շրջանների զարգացման վրա: Դա բացատրվում է տեղական արտադրությունը պաշտպանող եւ տեղի բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը նպաստող «բնական առեւտրային սահմանների» վերացմամբՙ տրանսպորտային հաղորդակցության բարելավմամբ: Այսպիսի պատճառահետեւանքային կապ նկատվել է հատկապես այն երկրներում, որտեղ բնակչության եկամուտների մակարդակը խիստ տարբերվում է ըստ շրջանների:

Զեկույցի հեղինակները խորհրդատվություն են ներկայացրել ընդհանուր եկամուտների այն չափաբաժնի վերաբերյալ, որը բնակչության աղքատ խավերն ի վիճակի են հատկացնել ենթակառուցվածքային համապատասխան ծառայություններից օգտվելու հնարավորությունն ունենալու համար: Այդ շեմը կազմում է 5 տոկոսՙ ջրամատակարարման ու կոյուղու ծառայությունների վճարման եւ 6 տոկոսՙ էլեկտրաէներգիայի ծախսերի համար: Համաձայն հաշվարկների, ենթակառուցվածքային ծառայությունների ծախսերը, ընդհանուր առմամբ, չպետք է գերազանցեն բնակչության աղքատ խավերի եկամուտների 15 տոկոսը:

Զեկույցը հատուկ ուշադրություն է հատկացրել տարադրամի փոխարժեքի մրցողունակության ապահովման խնդրին, որի բարեհաջող լուծումը, ըստ մի շարք տնտեսագետների, նախադրյալ էր Հարավ-արեւելյան Ասիայի տնտեսական հրաշքի կայացման համար: Միաժամանակ Լատինական Ամերիկայի երկրների փոխարժեքի անմրցողունակությունը պատճառ դարձավ ընթացիկ գործողությունների հաշվեկշռի մեծ դեֆիցիտի գոյացման, ինչն իր հերթին 1980-ականներին այդ երկրներում հանգեցրել էր ճգնաժամի: Տարադրամի փոխարժեքի անմրցողունակությունը վատթարացնում է իրավիճակը հատկապես այն երկրներում, որոնք հակված են այսպես կոչվածՙ «հոլանդական հիվանդության»: Հումքի բուռն արտահանումը հանգեցնում է ազգային արժույթի ամրապնդմանըՙ նպաստելով ներմուծման զարգացմանն ու ճնշելով արդյունաբերական արտադրությունն ու արտահանումը: Իրադարձությունների նման զարգացումն ի վերջո կործանարար ազդեցություն է թողնում ողջ տնտեսության վրա: Ինչպես վկայում են զեկույցի հեղինակները, տարադրամի մրցողունակ փոխարժեքի ապահովումը եւ համապատասխան արժութային քաղաքականության իրականացումը խիստ կարեւոր են այն երկրների համար, ուր հումքի արտահանումը հատկապես կարեւոր նշանակություն ունի:

Հետաքրքրական է, որ զեկույցի հեղինակները ներկայացրել են ոչ միայն այն միջոցառումները, որոնք հարկ է իրականացնել, այլեւ այն, ինչ չի կարելի անելՙ վնասակար գաղափարները: Վերջինիս թվում են էներգետիկայի սուբսիդավորումը, զբաղվածության խնդրի լուծումը պետական բյուրոկրատիայի ընդլայնման հաշվին, բյուջետային դեֆիցիտի ագրեսիվ կրճատումը, սղաճը սանձելու նպատակով գների վերահսկման մեխանիզմների ներդրումը, երկրի տնտեսության ճյուղերի երկարաձգված պաշտպանությունը միջազգային մրցակցությունից, բնապահպանական գործողությունների կարեւորության թերագնահատումը, պետական ծառայողների անբավարար վարձատրումը, բանկային կառավարման եւ վերահսկման թերությունների առկայությունը, ազգային արժույթի չափազանց ամրապնդումը, այն պարագայում, երբ տնտեսությունը պատրաստ չէ անցնելու ավելի բարձր արտադրողականության: Բնականաբար, զեկույցում ներկայացված սխալների ցանկն ամբողջական չէ: Ուստի սթափ վերլուծությունը նախադրյալ է օպտիմալ տնտեսական քաղաքականության մշակման համար:

Կարելի է ընդհանրացնել, որ զեկույցի եզրակացությունները հուսադրող են. զարգացող երկրները սկզբունքորեն ի վիճակի են ապահովելու կյանքի բավականին բարձր չափանիշներ: Միեւնույն ժամանակ, մեկ անգամ եւս հաստատվում է, որ այդ բարդ խնդրի լուծումը պահանջում է հասարակության բոլոր տարրերի ներդրումն ու ջանքերը:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4