Բաց բաժնետիրական ընկերություն դառնալը «Հայռուսգազարդի» համար իրատեսական է թվում
«Հայռուսգազարդ» ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ ընկերությունում, ներկա էին տնտեսական ոլորտը ներկայացնող նախարարներ, բանկերի ներկայացուցիչներ, գործարարներ: Բացելով շնորհանդեսը, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախ ներկայացրեց ընկերության գործունեության որոշ ցուցանիշներ եւ հեռանկարներ: Համաձայն դրանց, «Հայռուսգազարդը» 900 մլն դոլար կանոնադիր կապիտալ ունեցող ընկերություն է, մինչեւ տարեվերջ ընկերության կանոնադիր կապիտալը կկազմի 1 մլրդ 150 մլն դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիանՙ 1,5 - 2 մլրդ դոլար:
Անցած 2 տարում «Հայռուսգազարդը» կատարել է 110 մլն դոլարի ներդրում, իսկ հաջորդ երկու տարիների համար նախատեսվում են 700 մլն դոլարի ներդրումներ: Դրանք ուղղված են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շարունակությանը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցմանը, ստորգետնյա գազապահեստարանի հզորությունների մեծացմանը, յուրաքանչյուր բաժանորդի տանը տեղադրվող անվտանգության անջատիչների տեղադրմանը եւ այլն: Գլխավոր տնօրենի հավաստմամբ, այս տարի մոտ 20 մլն դոլար կներդրվի ռեժիմների ճնշումների ապահովման համար, հետագայում կկառուցվեն կոմպրեսորային կայաններ: Այսինքն, ըստ Կարեն Կարապետյանի, ներդրումների հիմնական մասն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգության եւ բաժանորդների որակյալ գազամատակարարման ապահովմանը: «Տարածաշրջանում «Հայռուսգազարդն» իր ուրույն տեղն ունի եւ հետագայում շատ ավելի մեծ կշիռ կունենա էներգետիկ համագործակցության ոլորտում», իր ելույթն այսպես եզրափակեց գլխավոր տնօրենը:
Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր հերթին ողջունեց «Հայռուսգազարդի» պարտատոմսերի թողարկումը, ասելով, որ այս պահին ընկերությունը ԿԲ-ից տրվող ամենաբարձր վարկանիշն ունի եւ նրա թողարկած պարտատոմսերն էլ ամենաշրջանառվող պարտատոմսերն են:
«Հայռուսգազարդի» պարտատոմսերի 2-րդ թողարկումն առավել հանգամանալից ներկայացրեց ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Վահագն Առաքելյանը : Նա մասնավորապես տեղեկացրեց, որ այս թողարկման գումարը, ինչպես եւ նախորդ թողարկմանը, ուղղված է գազաֆիկացման ավելացմանը: Անցյալ տարի դրանից ստացված գումարով 76 հազար նոր բաժանորդ է ավելացել, իսկ այս տարի նախատեսվում է եւս 70 հազար նոր բաժանորդ ավելացնել: Ըստ ընկերության փոխտնօրենի, այս անգամ թողարկվելու է 20 հազար պարտատոմսՙ 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով եւ 50 հազար դրամ 1 պարտատոմսի արժեքով: Շրջանառության ժամկետն է 3 տարի, տարեկան եկամտաբերությանըՙ 9,5 տոկոս: Սակայն ընկերությունը մտադիր է պարտատոմսերը տեղաբաշխել զեղչ գնով, որի արդյունքում տարեկան եկամտաբերությունը կկազմի 10 տոկոս:
Ըստ Վահագն Առաքելյանի, այս տարի նպատակ կա թողարկելու 5 մլրդ դրամի պարտատոմսեր, որից 1 մլրդ դրամն արդեն թողարկվեց, իսկ 4 մլրդ դրամը նախատեսվում է թողարկել ռուսական շուկայում: Ռուսական ֆինանսական շուկայում ի հայտ եկած խնդիրները որոշ ժամանակով հետաձգեցին այդ թողարկումը: «Հայռուսգազարդի» ներկայացուցիչը նշեց, որ հայկական կապիտալի շուկան ունի որոշ սահմանափակումներ, որը հնարավոր է հաղթահարել միայն ինստիտուցիոնալ ներդնողներով: Իսկ այդպիսիք կլինեն կենսաթոշակային բարեփոխումների իրագործման դեպքում: «Հայռուսգազարդը» իրատեսական է համարում, որ առաջիկայում կարող է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն, իսկ նրա բաժնետոմսերը դառնան ազատ շրջանառվողՙ Հայաստանի ֆոնդային բորսայում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ