Իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիի «Մարգարտի երազը», «Ո՞ւր է իմ Աստվածը», «Պարսից ծոց» ֆիլմերում արտահայտված է իրանական կինեմատոգրաֆի ժամանակակից գիտակցությունն ու զգոնությունը: Ֆիլմերում Սաֆարին տալիս է հարցադրումներ, որոնց նպատակը մարդկային զգացումները, հույզերը շեշտելն ու ներկայացնելն է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված «Աշխարհի եզրին» ֆիլմը պարզ ճշմարտությունների մասին է: Հերոսըՙ Հոջջաթը, տարեց մարդ է: Նա Իրանի հյուսիսից ոտքով գալիս է հարավ, միայնակ ապրում ծովեզրին: Հոջջաթիին իրանական Ռոբինզոն Կրուզո են անվանում, ում այցելում են, կիսվում խնդիրներով ու բացում հոգու ամենանվիրական գաղտնիքները:
Չինացի ռեժիսոր Շանցզուն Վավցի «Կարմիր կոմբայն» ֆիլմն էլ ավանդույթների փոփոխման, հոր եւ որդու միջեւ ծագած հակամարտության ու հաշտության մասին է: Հայրըՙ Սունհայը, լքելով ընտանիքը, գնում է քաղաք եւ վերադառնում հինգ տարի անց: Նրա որդինՙ 17-ամյա Յոնթաոնը, հրաժարվում է հորը հետ ընդունել: Բայց բրնձի բերքը վարձու կոմբայնով միասին հավաքելու ընթացքում Յոնթաոն եւ Սունհայը մտերմանում են: Իսկ երբ հայրը ներկայացնում է տանից հեռանալու իսկական պատճառներըՙ որդին հասկանում ու ներում է նրան: Ռեժիսորի նպատակն էր ցույց տալ ժամանակի գործոնի ուժը, որը հարթում է մարդկային հարաբերությունները:
«Վերջին երեսուն տարվա ընթացքում Չինաստանը լուրջ փոփոխությունների ենթարկվեց եւ ձեւավորեց նոր արժեքային համակարգ: Շատերը բախվեցին ուրբանիզացիա երեւույթին: Ամեն տարի Չինաստանում գյուղից քաղաք է ժամանում մեկ տասնյակ միլիոն մարդ: Նրանք գյուղում այլեւս չեն կարող հողագործությամբ զբաղվել, սակայն քաղաքացի էլ չեն համարվում: Շատերն են կորցնում իրենց ինքնությունը, ավանդույթներն ու սովորույթներըՙ դառնալով ժամանակակից քաղաքակրթության կրողները», երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ցայ Շանցժուն:
Ճանապարհ ֆիլմարտադրությանը
«Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումը փառատոնի ամենափոքր, բայց ամենասիրելի ծրագիրն է, որի կարեւորությունը շատ մեծ է: Շատ դժվար է նախագծերի ֆինանսավորումը: Նպատակ ենք հետապնդում տարածաշրջանի ռեժիսորներով ստեղծագործական ճանապարհը հարթել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ», երեկ ԱԳՆ-ում տեղի ունեցած ՌԱՍ երկրորդ ֆորումին ասաց Հարություն Խաչատրյանը : Այս տարի ֆորումին մասնակցում էին Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ներկայացուցիչները: Այն նախագահում էին Համաշխարհային կինոյի հիմնադրամի, Գյոթեբուրգի միջազգային կինոփառատոնի հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք խոսեցին ռեժիսուրայի եւ ֆիլմարտադրության խնդիրներից:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ