Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց սփյուռքահայ գրականագետ, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանին ու նրան հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալըՙ երիտասարդությանն ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած վաստակի, ինչպես նաեւ գրական-հասարակական գործունեության 50-ամյակի առթիվ: Շնորհավորելով պրն Ազատյանին, նախարարը մաղթեց, որ նույն կերպ շարունակվի ազգանպաստ գործունեությունն ի շահ մեր հայրենիքի: Երվանդ Ազատյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Մեծ պատիվ է նման պարգեւի արժանանալը հատկապես Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից եւ այն ինձ համար հատուկ նշանակություն ունի: Դարերով, որ մենք կորցրել ենք հայրենիք, ժողովուրդ, տարածքներ, պատմություն, ժառանգություն, նրանից է, որ չենք ունեցել ուժեղ զինվորական առաջնորդներ ու դրա համար Հայաստանը կտոր-կտոր է եղել: Եվ այսօր արդեն ունենք 21-րդ դարի արդիական բանակՙ Հայաստանի թիկունքին, այլեւս մեր ճակատագիրը դրված է ավելի տարբեր հունի վրա եւ այդ հունի վրա է, որ մենք ընթանում ենք մեր բոլոր հերոսներիՙ բաղրամյանների, նժդեհների, վազգեն սարգսյանների եւ մնացած մեր զորականների գծած ուղիով, մեր կողքին ունենալով այդ բանակը»:
Երվանդ Ազատյանին շնորհավորեցին նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: «Ազգը» նույնպես շնորհավորում է Երվանդ Ազատյանինՙ ստացած պարգեւների առիթով ու մաղթում նորանոր հաջողություններ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ