«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2008-07-12 | #134, 2008-07-15 | #135, 2008-07-16


ԿԱԼԱՆՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԵՆ... ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ

Մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում ստեղծված աշխատանքային խմբերը պատմեցին քրեակատարողական հիմնարկներ` իրենց կալանված գործընկերներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին այցելության մասին եւ ներկայացրին իրենց առաջադրած հարցերի պատասխանների ընդհանուր նկարագիրը: Եթե զեկուցողներից մեկի` Արծվիկ Մինասյանի բառերով նկարագրենք` բոլոր երեք գործերում էլ խմբերն ընդհանուր ձեռագիր են նկատել. կալանքի երկար ժամանակահատված, ոչ բավարար քննչական գործողություններ, ապացույցների ոչ բավարար հետազոտություն եւ այլն:

Ըստ զեկուցող Գուրգեն Արսենյանի ` հուլիսի 11-ին «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ 1 ժամ տեւած հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ վերջինս 4 ամսում քննիչի դեմքը տեսել է 1-2 անգամ, գործը դատարան հասցնելու համար քննչական գործողություններ չեն կատարվում:

Նաեւ հանձնաժողովը խնդիր ուներ լսելու Հակոբյանին որպես մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների ականատեսի եւ մասնակցի, Արսենյանի խոսքով` «օպերային կից հրապարակում» ժամանակագրական կապը շարադրողի. վերջինս պնդել է, որ իր քաղաքական հայացքները չեն փոխվել, իսկ ընդդիմության հետ իր համագործակցությունը եւ իր ներկայությունը հանրահավաքներում բացատրել է իր մշտական կեցվածքով, այն է` երբ զգացել է, որ հնարավոր են որոշակի ընդհարումներ, ապա նա ձեռնարկել է գործողություններ, որպեսզի մաքսիմում քչացնի այդ ընդհարումների վտանգը: Երեկոյան Հակոբյանը գտնվել է Մյասնիկյան հրապարակին մոտիկ եւ շեշտել է, որ իր ջանքերի շնորհիվ ժողովրդի եւ ոստիկանության բախման հնարավորությունը քչացել է, մի ոստիկանական միավոր էլ դուրս է բերվել ցուցարարների մեջ բացված միջանցքով: Եվ ընդհանրապես` իր ջանքերն ուղղված են եղել ժողովրդին հանգստացնելուն, իսկ այն ժամերին, երբ մարդիկ են զոհվել, ինքն արդեն Մյասնիկյանի արձանի տարածքում չէր, այլ իր տանը: Հետաքրքրական է, որ Հակոբյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում, այլ ակնկալում է իրեն մեղսագրվող արարքների դատական եղանակով պարզումը:

Այս բոլորով հանդերձ` Գ. Արսենյանը հետեւություններ չարեց, այլ առաջարկեց հանձնաժողովին զրույցի ձայնագրությունը լսել:

Դիմեց լրագրողներին, թե ամեն մի նախադասություն կալանավայրում ուշադրությամբ ընթերցվում է եւ միշտ չէ, որ ճիշտ է հասկացվում` պետք չէ հանձնաժողովականների ասածներն այնպես խմբագրել, որ նրանք վիրավորվեն` չիմանալով թե ինչ են ասել իրականում հանձնաժողովում:

  Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ էր անցած շաբաթ օրը «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ. վերջինս իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում: Զրույցը իրավական եւ քաղաքական հարցեր է շոշափել. քաղաքական մասը Զոհրաբյանն անվանեց մասնավոր եւ անհրապարակելի (ինչո՞ւ նա հայտնվեց Տեր-Պետրոսյանի թիմում. ի դեպ, Սասուն Միքայելյանն իրեն շարունակում է համարել գործող նախագահի ընկերը, նրա բոլոր վերապահումներն ու խնդիրներն ուղղված էին հանրապետության երկրորդ նախագահին): Ս. Միքայելյանը եւս գտնում է, որ այն, ինչ արել է թե՛ «Ազատության» հրապարակում, թե՛ Մյասնիկյանի արձանի մոտ, նպատակ է ունեցել կանխել բախումների հնարավոր ավելի վատ ելքերը, նույն «Ազատության» հրապարակում, առավոտյան` լուսադեմին ինքը շատ բան է արել ժողովրդի եւ ոստիկանների բախումը հնարավորինս թուլացնելու համար, միջանցք է բացել ոստիկանների մի խմբի համար: Նրա հիմնական բողոքը եւս վերաբերում էր 4 ամսվա անազատության ընթացքում քննչական գործողությունների շատ քիչ լինելուն, վիրավորված էր իր ձերբակալության հեռուստակադրերի ցուցադրումից (ինչին Ն. Զոհրաբյանը եւս համաձայն էր): Իրավապահ մարմինների բացատրությունը, թե ԱԺ կալանված պատգամավորները չեն համագործակցում իրենց հետ` Զոհրաբյանի համար անընդունելի է, քանի որ մարդը պարտավոր չէ ինքն իր դեմ ցուցմունք տալ, մեղադրողն ինքը պետք է ապացուցի մեղադրանքը: Մինչ այդ Ս. Նիկոյանն առաջարկել էր լսել նաեւ մեղադրող կողմին, դրան համաձայն էր Զոհրաբյանը:

Արծվիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Գ. Արսենյանը, Սարգիս Մուրադխանյանը հուլիսի 14-ին այցելել էին Մյասնիկ Մալխասյանին` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկությունում: Մալխասյանը 2008 թվականի մարտի 2-ին է ձերբակալվել, իսկ «Երեւան- կենտրոնում» է գտնվել մարտի 6-ից, բերման ենթարկելու պահից մինչեւ հանձնաժողովի անդամների հետ զրույցը չի ընդունում բոլոր գործողությունները` որպես օրենքի դաշտում գործադրված եւ մատնանշել է մի քանի մտահոգիչ հարցեր. մարտի 2-ի լուսադեմին են բերման ենթարկել 6-րդ վարչություն, սկզբնական կասկածանքը նրա նկատմամբ եղել է թմրամիջոցներ օգտագործելը, փորձել են նրա նկատմամբ այդպիսի փորձաքննություն իրականացնել, որից սկզբում հրաժարվել է, հետագայում, երբ փորձաքննության է ենթարկվել` պարզվել է, որ նման բան չկա: Հետո շուրջ 10 ժամ նրան որեւէ մեղադրանք չեն առաջադրել, որեւէ գրավոր որոշում չեն ներկայացրել, եւ Մալխասյանը պնդում է, որ սահմանադրական համապատասխան նորմով չեն կարող անձին նման ձեւով բերման ենթարկել, առավել եւս` պատգամավորին, առանց ԱԺ նախագահի գիտության, առանց համապատասխան փաստաթղթերի: Հետո տեղափոխել են «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որ տվյալ պահին ԱԱԾ մեկուսարանն է, բայց այնտեղ չեն ընդունել` բավարար փաստաթղթային հիմքեր չունենալու պատճառով, հետո տեղափոխել են «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ, որոշ ժամանակ անց նոր անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացրել են «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Մալխասյանին մեղսագրվող արարքի ապացույց չի ներկայացվել, վկաների անուններ են տրվել, որոնք առ այս պահը չեն հարցաքննվել: Խախտվել է անմեղության կանխավարկածը` «Հայլուրով» հայտնել են, որ իր վարորդը 30 ձող է տեղափոխել իր ցուցումով, սա վրդովեցրել է. Մալխասյանը պնդում է, որ իր մոտ որեւէ ձող չի հայտնաբերվել. երբ նրան բերման են ենթարկել, պարտադրել են մի ձող գցել մեքենայի մեջ, հետո այդ ձողի նկարագրությունը փոխվել է` չգիտես ինչու դարձել է կանաչ:

Արծվիկ Մինասյանը կոչ արեց բոլորին` զերծ մնալ այնպիսի եզրակացություններ անելուց, որոնք իսկապես կխախտեն անմեղության կանխավարկածը, օրենքով անձի մեղավորությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, պետք է հաստատվի փոխկապակցված ապացույցների ամբողջությամբ. «Հատուկ քննչական ծառայությունից այս հարցերի պարզաբանումը պետք է ակնկալենք, որ իբրեւ հանձնաժողով օբյեկտիվ ճշմարտությունը հասանելի դարձնենք», ասաց նա:

Իսկ Մ. Մալխասյանը ողջություն է ցանկանում բոլորին, ընդդիմության եւ իշխանության երկխոսության կոչ անում...

Հաջորդ նիստում գուցե գործերի քննությունն իրականացրած քննիչներ ներկա լինեն եւ մեղադրող կողմից պատասխաններ հնչեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4