Նոր ծրագրեր` գյուղատնտեսության զարգացման եւ պարենամթերքի ինքնաբավության բարձրացման համար
Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության հանձնարարությամբ մշակում է գյուղատնտեսության զարգացման եւ հիմնական պարենամթերքների գծով ինքնաբավության բարձրացման ազգային ծրագիր, որի նպատակն է գտնել ուղիներ, որոնք կարող են մոտեցնել Հայաստանի ինքնաբավության մակարդակը պարենային անվտանգութան օրենքով սահմանված նորմաներին: Իսկ այդ նորմաները, ըստ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանի , կազմում են 75 տոկոս:
Երեկ փոխնախարարը երկրագործության համակարգը անարդյունավետ որակեց: Այն բերքատվությունը, որ Հայաստանն ունի, բնավ չի բավարարում երկրի բնակչությանը: Ավետիսյանի ներկայացրած տնտեսագիտական հաշվարկներովՙ Հայաստանի ցանքատարածությունների 60-65 տոկոսը, որ դրված է հացահատիկային մշակաբույսերի տակ, չի արդարացնում: Երկրում ցորենի առավելագույն բերքատվությունը հեկտարից 26 ցենտներ է կազմել, նվազագույնըՙ 1,5 տոննա: «Եթե վերահաշվարկենք այս քանակը եւ միջին գինը 100 դրամով իրացնենք` հանելով 50 տոկոս ծախսերը, կտեսնենք, որ զուտ եկամուտ չնչին գումար է մնում»: Ավետիսյանի հաշվարկներով, նույն հողատարածքների վրա կարտոֆիլ աճեցնելն ավելի եկամտաբեր է: Գյուղատնտեսության աջակցման ծրագրով, Հայաստանի 8 մարզերի 257 համայնքներում, որտեղ շահառուների թիվը 31825 է, պայմանագիր է կնքվել եւ 51000 հեկտար ընդհանուր ցանքատարածքների համար մեկ հեկտարին հատկացվել 35000 դրամ: Ընդհանուր գումարն այս ծրագրի համար կազմել է 1 միլիարդ 645 միլիոն դրամ, որի շնորհիվ գյուղացին կարողանում է գարնանը աշխատանքներ իրականացնել:
Կառավարության ձեռնարկած հաջորդ կարեւոր ծրագիրը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն է: Առաջին փորձնական ծրագիրը 100 միլիոն դրամ է, որը կբավարարի 1 միլիարդ վարկային միջոցների տեղաբաշխմանը:
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության զարգացումը (FAO) որպես օգնություն 500 հազար դոլար աջակցություն է ցույց տալու գնաճի կանխմանը, որպեսզի առավել տուժած ֆերմերներին ցուցաբերվի օժանդակություն: 250 հազ. դոլար էլ կհատկացվի տեխնիկական աջակցության համար:
«Իսկ թե ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի գյուղացին հնարավորություն ունենա վաճառելու ցորենը», հարցին նախարարն այսպես պատասխանեց. «Էկոնոմիկայի նախարարության հետ մշակում ենք ինտերվենցիոն ծրագիր, եթե տեսնում ենք գինը ցածր է, առաջարկըՙ շատ, այդ ժամանակ պետությունը կարողանում է կատարել ինտերվենցիոն գնումներ: Գյուղացին պահեստավորում է ցորենը, պետությունը իր վրա է վերցնում պահեստավորման ծախսերը եւ տալիս է գյուղացուն ցորենի համաձայնեցված գինը: Եթե շուկայում գների բարձրացման միտում է նկատվում, անմիջապես ապրանքը ինտերվենցիա է արվում շուկա եւ առաջարկ-պահանջարկով կարգավորվում է գինը»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ