Բազմաբնույթ ծրագրեր իրականացնելիս «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը բացահայտել է մասնագիտական ուսուցման կարիքը որպես աղքատ եւ մեկուսացված ընտանիքների տնտեսական որոշակի կայունության երաշխիք: Այդ նպատակին ծառայելու է կոչված ԲՀԿ-ի հերթական` «Կարի ուսուցման կենտրոն կանանց համար» ծրագիրը, որի ընթացիկ տարվա առաջին խմբի շահառուների ավարտական աշխատանքների ցուցադրությունը տեղի ունեցավ այդ կենտրոնի սրահում: Իրենց իսկ` ուսուցում անցած կանանց եւ նրանց երեխաների ցուցադրված կանանց ու մանկական տարբեր տեսակի զգեստների բազմազանությունը ծրագրին մասնակցած կանանց ձեռք բերած մասնագիտական կարողության վկայությունն էր, որը նրանց ինքնադրսեւորման եւ աշխատաշուկա մտնելու հնարավորություն կարող է ընձեռել:
Կարի ուսուցման մի փորձնական ծրագիր այստեղ իրականացվել է դեռ 2005-2006 թթ. ընթացքում, ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար: Ներկաՙ արդեն եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է անցյալ տարվա մայիսից, նպատակ ունի կանանց միջոցով բարելավել Գյումրիում բնակվող 50 ընտանիքների կենսապայմանները: Այս փուլում դասընթացն ընդգրկել էր 11 մասնակիցների:
«Հայկական Կարիտասի» մեկ այլ` երեխաների ցերեկային հոգածության «Արեգակ» կենտրոնը բացվել է այս ամսվա սկզբին: Հաստատության խնդիրն է բարելավել Գյումրի քաղաքի բազմակի հաշմանդամություն ունեցող 20 երեխաների եւ նրանց ընտանիքների կենսակերպը: Ըստ ԲՀԿ-ի ուսումնասիրությունների` քաղաքում բազմակի հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են նորմալ կենսապայմաններից: Նրանք չեն ստանում նպատակային սոցիալական ծառայություններ ո՛չ պետական կառույցներից, ո՛չ այլ կազմակերպություններից եւ հատուկ պայմանների ու հնարավորությունների բացակայության պատճառով չեն կարողանում բնականոն հաղորդակցվել ու շփվել մարդկանց հետ: Կենտրոնը նպատակ ունի ոչ միայն լուծելու բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ժամանցի ճիշտ կազմակերպման խնդիրը, այլեւ հնարավորություն տալ հատուկ կարիքներով մարդկանց` ձեռք բերելու հիմնական գործունեության հմտություններ, որոնք կկարողանան օգտագործել առօրյա կյանքում: Կենտրոնում մատուցվում են բժշկական, հոգեբանական եւ գեղարվեստական թերապիայի, հիգիենիկ խնամքի, կրթական բնույթի ծառայություններ, տրամադրվում է նաեւ սնունդ: Այս ծրագիրն իրականացվելու է 2008-2010 թթ. ժամանակամիջոցում, «Կարիտաս Ավստրիա»-ի ֆինանսական աջակցությամբ:
Գ. Մ.