Նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայորդիներին` կոչ անելով ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել հայրենիքի շենացման նախաձեռնություններում եւ համատեղ ուժերով ծաղկեցնել հայրենիքը: Ըստ Արմենպրեսի, առաջին արձագանքն է ստացվել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանից, որը նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում գրում է. «Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ու անկախ աշխարհագրական հեռավորությունից յուրաքանչյուրիս հոգու ու սրտի մի մասը մշտապես հայրենիքում է, ապրում է մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր եղբայրների ու քույրերի ցավով ու մտահոգությամբ: Ինձ համարում եմ ձեր նախաձեռնության աջակիցը, որովհետեւ անկախ որեւէ մեկի ֆինանսական կարողության չափից, մեր միակ հարստությունը մեր հայրենիքն է, մեր միակ հպարտությունը մեր արմատներն են ու մենք բոլորս` ազգովին, հարուստ կլինենք միայն այն ժամանակ, երբ շեն ու ծաղկող տեսնենք մեր երկիրը: Արձագանքելով Ձեր կոչին` մոտ ապագայում պատրաստ եմ 200 միլիոն դոլար ներդնել գործարար ու սոցիալական նախագծերում ու եւս 50 միլիոն դոլար էլ նախատեսում եմ հատկացնել Հայաստանում որեւէ խորհրդանշական նախագծի իրականացման համար, որը, հուսով եմ, կօժանդակի մեր պետականությանն ու կծառայի գալիք սերունդներին»: «Ազգը» անդրադարձել էր Ս. Կարապետյանի գործունեությանը Խաչատուր Դադայանի «Առատաձեռն բիզնես կայսրը» հոդվածում: Նշենք, որ «ՄոնԱրխ» ընկերության նախագահ Սերգեյ Համբարձումյանը եւս, արձագանքելով ՀՀ նախագահի կոչին, խոստացել է նվիրաբերել 10 մլն դոլար: Համբարձումյանի գործունեության մասին «Ազգը» կանդրադառնա իր մոտակա համարներից մեկում: