Եվրոգավաթների մասնակից Հայաստանի երեք թիմերի մրցակիցներից թերեւս ամենաթույլը շվեյցարական «Բելինցոնան» էր, որն անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս առաջին խմբի առաջնությունում եւ միայն այս տարի է իրավունք ստացել մասնակցելու ինչպես ուժեղագույնների մրցավեճին, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Սակայն առաջնության երկրորդ շրջանում «Արարատի» անկայուն մրցելույթները մտահոգության խիստ տեղիք էին տվել եւ կասկածի տակ դրել հաջողության հասնելու հնարավորությունը: Գուցե հենց դա էլ բուքմեյքերներին առիթ էր տվել ավելի բարձր գնահատել «Բելինցոնայի» հաղթելու հնարավորություններըՙ հաղթանակը գնահատելով 2,45 գործակցով: «Արարատի» հաղթանակը գնահատվում էր 2,55 գործակցով, իսկ ոչ-ոքինՙ 3,10:
Երեկ Աբովյանում կայացած հանդիպումը պետք է պատկերացում տար հյուրերի իրական ուժի եւ հնարավորությունների մասին, ինչպես նաեւ պատասխան տար ֆուտբոլասերներին հուզող հարցինՙ որքանո՞վ էր արարատցիներին հաջողվել կարգավորել խաղն ու դրսեւորել խաղային ունակությունները: Հանդիպումը ցույց տվեց, որ «Արարատի» մրցակիցը թեեւ միջին մակարդակի թիմ է, սակայն խաղային ունակություններով, հաղթանակի հասնելու վճռականությամբ ու կամային որակներով հյուրերը գերազանցեցին արարատցիներին: Նրանք աչքի ընկան արագաշարժությամբ, եզրային սուր ճեղքումներովՙ գրոհների ժամանակ օգտագործելով դաշտի ողջ լայնությունը: Շվեյցարացիների կազմում հատկապես աչքի էր ընկնում բրազիլացի բարձրահասակ հարձակվող Ֆրանսիսկո Ներին: Իսկ արարատցիները հիմնականում հարձակումները կազմակերպում էին աջ եզրից, օգտագործելով դաշտի շատ փոքր հատվածը: Նրանք փորձում էին հյուրերի պաշտպանությունը ճեղքել կենտրոնով, ուր մրցակիցը մեծ ուժեր էր կենտրոնացրել: Հաճախակի արարատցիները տարվում էին անհատական խաղով եւ կորցնում գնդակը: Նման պայմաններում, բնական է, որ արարատցիներին չհաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել հյուրերի դարպասին: Առաջին խաղակեսում նրանց դարպասին ընդամենը 3 հարված կատարվեց, այն էլՙ տուգանայինից Մարկոսի կատարմամբ, որոնք, սակայն, շեղ էին:
Իսկ ահա «Բելինցոնան» շատ ակտիվ սկսեց հանդիպումը եւ արդեն 2-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն պաշտպանները վերջին պահին գնդակը հանեցին անկյունային: Հյուրերն իրենց արագաշարժության հաշվին հաճախակի էին շրջանցում «Արարատի» պաշտպաններին ու վտանգավոր պահեր ստեղծում դաշտի տերերի դարպասին: Դրանցից մեկի ժամանակ էլ 22-րդ րոպեին դաշտի կենտրոնից գնդակը հյուրերը փոխանցեցին տուգանային հրապարակ: Սերմետերի գլխի հարվածից հետո գնդակը դիպչելով դարպասի ձողին, հետ եկավ եւ վրա հասած Ալեսանդրո Մանջիարատին ընթացքից հուժկու հարվածով գրավեց «Արարատի» դարպասը:
Բաց թողած գոլից հետո էլ արարատցիներին ոչ մի կերպ չհաջողվեց կարգավորել խաղը: Գրոհները միօրինակ էին, կազմակերպվում էին փոքր ուժերով, հիմնականում գնդակը փոխանցվում էր Մարկոսին, որին հյուրերը աչալրջորեն էին հսկում: Իսկ ահա առաջին խաղակեսի վերջին րոպեին «Բելինցոնան» կարող էր երկրորդ անգամ գրավել «Արարատի» դարպասը: Կրկին օգտվելով պաշտպանների անվստահ խաղից, Սերմետերը քիչ էր մնացել գնդակն ուղարկեր անպաշտպան դարպասը:
Ընդմիջումից հետո արարատցիների գործողություններում որոշ աշխուժություն մտցրին խաղադաշտ մտած Սարգիս Մովսիսյանն ու Կարեն Նավոյանը: Հատկապես ակտիվ էր Մովսիսյանը, որն անընդհատ ձախ թեւում փորձում էր ճեղքել պաշտպանությունը: Իհարկե, արարատցիների ակտիվությանը նպաստեց նաեւ մրցակիցը, որը 2-րդ խաղակեսում հետ քաշվեց եւ գործում էր հակագրոհների ոճով: 57-րդ րոպեին Մարկոսը ձախ թեւից հարվածի դուրս բերեց Մովսիսյանին, սակայն մրցակցի դարպասապահը մի փոքր շուտ հասավ գնդակին: Քիչ անց փորձեց դարպասը հեռահար հարվածով գրավել Մարկոսը, սակայն մի փոքր շեղ ստացվեց: Այնուհետեւ արարատցիները կորցրին դարպասը գրավելու երկու իրական պահը: 66-րդ րոպեին մոտ տարածությունից վրիպեց Արթուր Մինասյանը, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ հսկողությունից դուրս մնացած Մովսիսյանը փոխանակ գրավելու դարպասը, փոխանցում կատարեց Մարկոսին եւ գոլային պահը ի չիք դարձավ:
Այսպիսով, արարատցիները չկարողացան սեփական հարկի տակ առավելության հասնել մի թիմի նկատմամբ, որն այս մրցաշրջանում առաջին անգամ է հանդես գալու Շվեյցարիայի բարձրագույն խմբի առաջնությունում: Մինչդեռ «Արարատը» ներկայում Հայաստանի առաջնության առաջատարն է: Խաղը պերճախոս ցույց տվեց երկու առաջնությունների իրական մակարդակը, նաեւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ «Արարատում» խաղային անկումը շարունակվում է, ֆուտբոլիստները կարծես հոգնած լինեն, ֆիզիկապես չեն դիմանում խաղի լարվածությանը: Հենց դրա հետեւանքներից մեկն էլ այն էր, որ խաղի ընթացքում որոշ ֆուտբոլիստներ ձգեցին մկանները:
Հուլիսի 31-ին կայանալիք պատասխան խաղից առաջ «Արարատը» հայտնվեց չափազանց ծանր իրավիճակում: Եթե հյուրընկալվելիս էլ արարատցիները նման դժգույն խաղ ցուցադրեն, ապա ոչ միայն չեն կարողանա ռեւանշի հասնել, այլեւ կրկին խաղադաշտը կթողնեն գլխիկոր: Վերջում ավելացնենք, որ «Բելինցոնան» Հայաստան էր ժամանել իր մոտ 100 երկրպագուներով, որոնք Աբովյանի մարզադաշտում բավական ակտիվորեն, վզնոցներն ու դրոշակները թափահարելով, զանազան երգերով ու բացականչություններով ոգեւորում էին իրենց սիրելի թիմին: Խաղից հետո էլ շվեյցարացի ֆուտբոլիստներն ամբողջ կազմով իրենց շնորհակալությունը հայտնեցին հավատարիմ երկրպագուներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ