Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի եւս մեկ մրցակիցՙ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունեցավ: Հավաքականի ղեկը ստանձնել է անվանի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, որը ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», այնուհետեւ գլխավորել է թիմը:
Դել Բոսկեն ֆեդերացիայի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Նա փոխարինել է Լուիս Արագոնեսին, որի գլխավորությամբ իսպանացիները նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջինս ստանձնել է թուրքական «Ֆեներբահչեի» ղեկը եւ երկու տարվա համար 3 մլն եվրո կստանա:
Դել Բոսկեն «Ռեալի» խորհրդանիշներից մեկն է, որը մոտ 30 տարի կապված է եղել ակումբի հետ: «Ռեալում» նրա մարզչական գործունեությունը հատկապես բեղմնավոր է եղել 1999-2003-ին: Այդ ընթացքում թիմը երկու անգամ նվաճել է չեմպիոնների գավաթը: 2003-ին նա անսպասելիորեն հեռացավ «Ռեալից»ՙ տեղափոխվելով «Բեշիքթաշ», որտեղ երկու տարի աշխատելուց հետո պաշտոնանկ արվեց: Դրանից հետո նա այլեւս թիմ չի մարզել:
Դել Բոսկեն նորամուտը հավաքականում կնշի օգոստոսի 20-ին: Այդ օրն իսպանացիներն ընկերական մրցախաղ կանցկացնեն Դանիայի հավաքականի հետ: Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյոք Դել Բոսկեն այդ խաղին կհրավիրի՞ Ռաուլին, որին Լուիս Արագոնեսն այդպես էլ չընդգրկեց հավաքականում: Սեպտեմբերի 10-ին իսպանացիները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Հայաստանի հավաքականին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ