Ներքաղաքական կնճիռների լուծումը դեռ չի երեւում
Հանկարծ ու պարզվեց, որ այս պահին Հայաստանում երեք նախագահ կա` առաջին, երկրորդ, երրորդ, ոչ ավել, ոչ պակաս: Ճիշտ է, գործող նախագահը երրորդն է, սակայն, հասկանում եք, այդ չի նշանակում, որ նախորդ երկուսը նախագահ չեն, թոշակառու են կամ թե ինչ. պարզվեց` ոչ միայն առաջին նախագահն է հավակնում գործող դառնալ, այլեւ երկրորդը (դատելով պահելաձեւից եւ ռեսուրսների գույքագրման նրա ջանքերից, դա կատարվում է ծածուկ, բայց քննազնին նայողի համար` առավել քան տեսանելի, գումարած առաջին, եւ մասամբ երրորդ նախագահին ուղղած երկրորդի ուղերձները տարբեր, այդ թվում` վերջին հարցազրույցի միջոցով):
Խեղճ Յորիկ...
Եվ գոնե լավ է` այդքան քիչ նախագահ ենք ունեցել, թե չէ հավակնությունների ի՜նչ փունջ կունենայինք, եթե, ասենք, մինչեւ այժմ 5 կամ 6 նախագահ ունեցած լինեինք:
Այս պահի թիվ 1 իրողությունն է վերը նկարագրվածը, եւ երրորդը` գործող նախագահն իր 100 օրվա մատույցներում եւ մոտակա ժամանակում, բոլոր ուրիշ խոչուխութերի հետ` այս հավակնությունները եւս պետք է հաղթահարի, ընդ որում` ընտրություն չկա, «կամ վահանով, կամ վահանին» ելքով. հումորի պակաս ունեցողների համար հատուկ ընդգծենք խոսքի փոխաբերական իմաստը , քանի որ ուղիղ իմաստ էլ ունի այս խոսքը ու կարող է այդպես կիրառվել-գործածել` իր բոլոր մարտիմեկյան հետեւանքներով:
Սերժ Սարգսյանի նախագահության 100 օրվա ժամկետն ամենադժվարին ժամանակներից էր, առհասարակ, հայ քաղաքական ժամ-միավորների մեջ:
Հենց թեկուզ երկու օր առաջ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպումը նույնպես ծանր կարելի է գնահատել, քանի որ սեպտեմբերի 11-ին մոնիտորինգի հանձնաժողովում նրա զեկույցի հետ կապված մեզ սպառնում է դեռ գոնե սխալներն ուղղելու պահանջ, ընդդիմությունն էլ դեռ «հույս ունի, որ սեպտեմբերին մեզ կզրկեն ձայնի իրավունքից», այսինքն` Հայաստանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի 1620-ը կատարելու ուղղությամբ: Նոր եւ աղմկալից բացահայտումներից խուսափել հնարավոր չի լինի, ինչպես որ հենց հիմա է միայն հասարակությանը հայտնի դառնում, թե արցունքաբեր «չերյոմուխա» գազային փամփուշտի` զոհվածներից 3-ի մարմնում հայտնվելն է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նրանց մահվան պատճառ դարձել (4 ոստիկան է հատուկ միջոց կիրառել): Ասել է թե` 4 ոստիկանից երեքը հատուկ ձեւով կրակելու եւ փամփուշտի արցունքաբեր գազը արտազատելու փոխարեն, կրակել են անկարգությունների մասնակիցներից երեքի վրա: Այս տեսակ բացահայտումներ առաջիկայում, մինչեւ սեպտեմբերի 11-ը սպասեք, բայց հազիվ թե որեւէ ոստիկան ինքնագլուխ կամ այլ ելք չլինելու պատճառով այսպիսի բան աներ: Գուցե հենց սխալներն ազնվորեն ընդունելն ու առաջ գնալն է ճիշտ, ու դրա քաջությունը երկրի նախագահը կարծես թե ունի (ի տարբերություն երկու նախորդների, որոնք ոչ մի սխալ չեն խոստովանում): Ասածս փոքրիկ դետալ է, թե որքան բարդ ու հոգեբանորեն դժվար իրավիճակներ պետք է երկրում դեռ հաղթահարվեն, եւ թիվ 1 հաղթահարողն էլ երկրի նախագահը պետք է լինի:
Այս 100 օրը տնտեսական արդյունքի տեսակետից գուցե հնարավոր էլ չէ գնահատել` տնտեսական վերլուծաբանների հայացքին թողնենք, սակայն քաղաքական եւ կազմակերպչական բնույթի հարցերի պակաս չկար, որոնք չէին թողնում նոր նախագահին շունչ քաշել, ու երեւում է, որ շատ որոշումներ նա առայժմ մենակ է կայացնում` մամուլն արդեն անգամ բնորոշումներ է տվել` մենության 100 օր եւ այլն:
Նախորդ երկու նախագահներն, այնուամենայնիվ, համեմատաբար ավելի հանգիստ ներքաղաքական պայմաններում են իրենց երկուական 100 օրն անցկացրել` գոնե հստակ լուծված է եղել սեփական քաղաքական ռեսուրսների խնդիրը, այս աստիճանի արտաքին ճնշումների չեն ենթարկվել նրանք (Ղարաբաղյան պատերազմը հստակ անելիք եւ գործելակերպ էր մատնանշում), դրսից եւ ներսից միաժամանակյա ճնշումներն այսքան համահունչ չեն եղել երբեք: Չէի՛ն բխում մարտյան իրադարձությունները նորընտիր նախագահի շահերից, նրան բացարձակապես պետք չէ՛ր զոհերով քաղաքական սրումների տարբերակը` որպես երկրի ներսում դրված ական, որի հեռակառավարող զույգ վահանակներից մեկը ներսի արմատական ընդդիմության ձեռքին է, մյուսը (դուբլիկատը)` միջազգային կառույցների: Հիմա սա առավել տեսանելի է, ու երբեմն այնպես է թվում, որ այս երկու հեռակառավարողներից ոչ մեկին մեր երկրում հանդարտ ընթացքը չի բավարարում, սրանց երկուսին էլ իրենց խնդիրները լուծելու համար խժդժություն է պետք: Իհարկե, դժվար է մի այսպիսի զսպանակված ժամանակի մեջ, տարբեր ուղղություններից եկող ազդակները հաշվի չառնելով` ներսի խնդիրներ լուծել: Մի ժամանակ, երբ տարածաշրջանային ներկայության իրենց վաղեմի հայտերն այսօր ավելի են թարմացնում գերտերությունները. Ռուսաստանը մի նոր անգամ պետք է ցուցադրեր իր մկանները եւ ցուցադրեց, ԱՄՆ-ը պետք է ստուգեր Ռուսաստանի դիրքերի ամրությունը կամ երերումը եւ ստուգեց, մյուսներից ամեն մեկն իր խաղն էր վերստին նորոգում, իսկ մենք տարածաշրջանի մյուս պետությունների հետ ակամա տեղատվությունների ու մակընթացությունների նոր ալիքին ենք դիմակայում, եւ մեր ուշադրության մի թեթեւ իսկ շեղումը մշտական օրակարգերիցՙ մեզ սարսափելի վնասում ու հարվածի տակ էր դնում: Սա էր պետք հաղթահարել եւ դեռ պե՛տք է հաղթահարել, որքան էլ բարդ լինի, որքան էլ մեր ընդդիմությունն, այնուամենայնիվ, օգնի այդպիսի հարվածների ուժգնացմանը եւ ոչ թե թուլացմանը:
Նախագահ Սարգսյանի ունեցած քաղաքական ռեսուրսն էլ չի կարելի ասել, թե 100 տոկոսանոց է. անգամ իշխանական քաղաքական ուժերի մեջ, եւ նրան սատարող Հանրապետականի ներսում եւս կան, ինչպես նախկին նախագահի, այնպես էլ Տեր-Պետրոսյանի բացահայտված եւ չբացահայտված կողմնակիցներ, որոնց վրա 100 տոկոսանոց հույս դնել Սարգսյանը չի կարող, հատկապես, Աստված մի արասցե, նոր ֆորսմաժորային իրավիճակում: Ահա եւ ողջ զսպանակը:
Նախագահն իր 100 օրվա մեջ չի ձերբազատվել դեռ ներքաղաքական լարումների ազդեցությունից, որոնք կապում են նրա ձեռքերը եւ չեն թողնում ողջ ուշադրությունն ուղղել տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Պատահական չէ, որ լրատվամիջոցները, անգամ Տեր-Պետրոսյանին ուղղված Ռ. Քոչարյանի պատասխանների համատեքստում նկատեցին, որ որոշ իմաստով առաջին եւ երկրորդ նախագահների շահերը կարող են մի ակնթարթային պահի համատեղվել` դա գործող նախագահի թուլացման համատեքստում. եւ պատահական չի կարելի համարել Քոչարյանի ոչ այնքան կոռեկտ հիշեցումը, թե Տեր-Պետրոսյանն իր հիմնական քաղաքական մրցակից ապագա քաղաքական մարտերում տեսնում է հենց Քոչարյանին: Իր լավ ու վատ բաներով հանդերձ (տե՛ս Քոչարյանի հրատարակած գիրքը), Քոչարյանի ժամանակաշրջանը փակվել է, լավ կլինի նա մի ուրիշ գործով զբաղվի եւ վերադառնալու հույսեր չփայփայի, քանի որ ուժեղ լինի-թույլ լինի, գործ արած լինի-գործ արած չլինի` 10 տարի կառավարած նախագահից, ամեն օր նրա դեմքը հեռուստացույցով տեսնելուց հոգնում են: Այնպես որ կոռեկտ չէ ո՛չ նրա վերադարձի անուղղակի հայտը, ո՛չ բոլոր մահացու մեղքերը (իրենն էլ հետը) Քոչարյանի վրա դուրս գրելու Տեր-Պետրոսյանի տգեղ պահվածքը. Հաագայի մասին խոսակցությունը պարզապես կռիվ անող տղայի` տղա բերելու տհաճ վարքագիծ է:
Իսկ Տեր-Պետրոսյանի մասով պետք է նկատել, «Ժառանգության» համագումարին նրա պահվածքն էլ բաղդատած, որ արմատական ընդդիմության առաջնորդը հիմա կաշվից դուրս է գալիս` նոր էքսկլյուզիվների առիթներ հորինելու եւ հասարակության հետաքրքրությունն իր հանդեպ չհանգցնելու համար, քանի որ բազմիցս նկատել ենք` մեր հասարակության հետաքրքրությունը միշտ ժամանակի տվյալ միավորի համար է, մի պահ անց նրան ցնցել այլեւս հնարավոր չէ, ու իմ ընդդիմադիր այն բարեկամների հետ, որոնք ասում են, թե օգոստոսի 1-ին հզոր հանրահավաք է լինելու, գրազ կգամ, որ նախորդներից քիչ մարդ է հավաքվելու, հակառակ դեպքում պատրաստ եմ հրապարակավ ընդունել, որ սխալվել եմ. ժողովրդի հոգեբանությունը դիտարկելու երկարատեւ փորձն, այնուամենայնիվ, հուշում է մեր դիտարկման օգտին:
Իսկ ներկա նախագահը ցայտնոտային կամ սալի եւ մուրճի արանքում (հասկանալ միջազգային կառույցների ճնշումներ եւ անհաշտ ընդդիմության շանտաժ) վիճակում, կարողացավ, այնուամենայնիվ, որոշ գործ անել, ունենալ կլաններից կարծես թե ազատ վարչապետ, կարծես թե փորձում է խորանալ առաջնահերթ լուծման սպասող խնդիրների մեջ: Նաեւ քաղաքական առումով, ի տարբերություն նախկին նախագահի, ուրվագծվում է, որ ընտրել է ոչ թե առճակատումների, այլ կոմպրոմիսի ու երկխոսության ուղին (վարչապետ Սարգսյանի ելույթը «Ժառանգության» համագումարում ձեզ օրինակ), ինչը հասարակական ընկալման առումով ողջունելի է, մնում է, որ ժողովուրդը հասկանա նրա ձգտումների եւ անհաշտ ընդդիմության ձգտումների տարբերությունը. վերջիններս ոչ թե իր (հասարակության) խնդիրներն են լուծելու, այլՙ միայն սեփական: Ուզի, թե չուզի` երկրի նախագահը ավարտին է հասցնելու մարտի 1-ի համար պատասխանատուներին անվանելու եւ պատժելու գործը, քաղաքական երեւույթ ունեցող կամ արտաքնապես գոնե այդպիսին թվացող ազատազրկվածներին ներելու է, պետք է արտասանի այն բառերը, թե հատկապես ո՞ր պահին եւ ո՞ր մասով է մեղավոր իշխանությունը մարտի 1-ին պատահածի համար (ԱԺ հանձնաժողովի հետաքննության արդյունքում կամ առանց դրա). այսինքն, որ ընդդիմության առաջնորդները պատասխանատու են եղել այդ օրը պատահածի համար` իրենց մասովՙ սա միանշանակ է, բայց որ իշխանությունը պետք է այնպես գործեր, որ իրավիճակը բախումների ու զոհերի չբերեր, դա եւս հաստատ է: Սխալն ընդունելը տրված է միայն ուժեղ եւ արդարամիտ կառավարողներին, ինչին նույնպես հասարակությունը սպասում է:
Գերդժվար է բարեփոխումների խնդիրը: Դրան դիմադրում են ե՛ւ բացահայտ, ե՛ւ քողարկված, քանի որ այն մենաշնորհային համակարգը, որ ստեղծվել է Հայաստանում 90-ականների սկզբից եւ որն առավել կատարելագործվել է հետագա տարիների ընթացքում, դժվար է սասանել, մեկի թանին թթու ես ասում` հազար կողմից եւ հազար ձեւի դիմադրություն է ցույց տալիս, եւ այդ մասին անգամ խոսել է նախագահ Սարգսյանի կառավարության ղեկավար Սարգսյանը: Եվ անգամ դիմադրության` երկրի համար աննպաստ ձեւն է կիրառվում հիմա. որոշ օլիգարխներ կապիտալն ու բիզնեսը դուրս են բերում երկրից:
Սակայն դասական առումով 100 օր գնահատել, հատկապես ներքաղաքական կնճիռները լուծելու առումով, չի ստացվի, քանի որ պրոբլեմների մի մասի առաջնահերթ լուծումները մոտակա օրերի, ամիսների եւ անգամ մինչեւ հունվարի խնդիր են, գոնե հասարակության երկփեղկվածությունը մեղմելու առումով, եւ այդ իմաստով մենք դեռ խնդիրները տարբեր կողմերից դիտարկելու ենք:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ