«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2008-07-17 | #137, 2008-07-18 | #138, 2008-07-19


ՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է

Օրերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի, որ մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: «Ազգի» հետ զրույցում դեսպանը կարեւորեց նման հանրաճանաչ ռեժիսորի մասնակցությունը հայկական միջազգային կինոփառատոնին, ընդգծելով, որ գերմանական երեք ֆիլմ է ներկայացվել փառատոնի շրջանակներում: Ըստ տիկին Վիկտորինի, ֆիլմերի գնահատականը կտա հայ հասարակությունն ու միջազգային հանրությունը, մինչդեռ իրենց մոտեցմամբ յուրօրինակ նշանակություն է ձեռք բերել «Ոսկե ծիրանը»:

Ռեժիսոր Վիմ Վենդերսի «Ներս եկեք առանց թակելու» ֆիլմին եւս արդեն փառատոնի մասնակիցները ծանոթացել են: 63-ամյա ռեժիսորը 70-ականներին «Ամառը քաղաքում» իր առաջին աշխատանքից մինչեւ «Իրերի վիճակը» կամ «ցանկության թեւերը» ֆիլմերը ու էլի շատ ստեղծագործություններով բազմաթիվ մրցանակների է արժանացել` համաշխարհային ֆիլմադարանը հարստացնելով նաեւ վավերագիր ֆիլմերով: Առավել հայտնի ֆիլմերից են «Բուենա վիստա ակումբը», «Մարդու հոգին», «Միլիոն դոլար հյուրանոցը» եւ այլն:

Ինքըՙ ռեժիսորն իր պատվին կազմակերպված ընդունելությանը «Ազգին» պատմեց, որ երբեւէ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանումՙ ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Իրանում չի եղել: «Փառատոնին մասնակցել եմ բացման օրվանից, ունեցա նաեւ մաստեր կլաս, իսկ վերջին այս օրերին ճանապարհորդել եմ Հայաստանի հյուսիս եւ շատ տպավորված եմ, եղել եմ շատ գեղեցիկ վայրերում»:

Փառատոնի առնչությամբ Վենդերսը նշեց, որ նախորդ տարիների մասին լավ տպավորություններ է լսել: Իր ընկերըՙ Ատոմ Էգոյանն էլ ամեն տարի հրավիրում էր իրեն, բայց չէր ստացվում գալ ու մասնակցել: Այս անգամ ստացվել է այցելությունը Հայաստան, եւ նա ուրախ է, որ այսօր Հայաստանում կդիմավորի Ատոմ Էգոյանին:

«Սա շատ ջերմ փառատոն է, կարծում եմ, այն ազատ է այլ փառատոների ազդեցությունից եւ յուրահատուկ հնարավորություն է տեսնելու ոչ միայն Երեւանը, այլեւ երկիրը: Եվ ես փորձում եմ իմանալ հնարավորը, ուստի կայցելեմ նաեւ երկրի հարավ, պիտի տեսնեմ Սիսիանը: Տպավորված էր Հաղպատի համալիրով, Սանահինով, Օձունով եւ այլն»: Վենդերսը բավականին հիշողություններ ունի կապված հանքարդյունաբերական քաղաքների հետ, ուստի նրան շատ դուր է եկել Ալավերդին:

Հետաքրքրական է, որ ռեժիսորը հատուկ ընդգծեց, որ դեռ չի հաջողվել պարզ եղանակի տեսնել Արարատը, ինչը հույս ունի կիրականանա մինչեւ մեկնելը: «Մինչեւ այստեղ գալը գիտեի Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին, գիտեմ, որ քրիստոնեության ընդունումից սկսած հայերը բազում տառապանքներ են տեսել, գիտեմ ցեղասպանության մասին ու մեծագույն համակրանք ունեմ հայ ժողովրդի նկատմամբ: Ապրում եմ Լոս Անջելեսում, որտեղ շատ հայերի գիտեմ, ու որտեղ մեծ հայկական համայնք կա: Շատ հայերի գիտեմ ու տեսել եմ աշխարհի տարբեր երկրներում, բայց նրանց հայրենիքում չէի եղել: «Հայերն ու Հայաստանը ուշագրավ, նշանավոր են` չնայած բոլոր փորձություններին, անսահման բախումներին, ավերումներին, սեփական լեզուն ու ինքնությունը պահպանելու խնդրին` մնացել են քաջ», պատմում է գերմանացի ռեժիսորը:

Վերջին փառատոնը, որ Վենդերսի տպավորությամբ նույնքան բարեկամական է եղել ու մտերմիկ, ինչպես Երեւանումՙ Երուսաղեմում էր. «Այն ունի բավականին նման մթնոլորտ: Եղել եմ շատ տարբեր փառատոների, դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ մթնոլորտը: Հետաքրքրական է, որ Երեւանում լինելով լուրջ միջազգային փառատոն` այն դժվար, ծանր չէ, չունի պարտադրող պահեր: Եվ ես վստահ եմ, որ իմ առաջին այցելությունը Հայաստան չի լինի վերջինը»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4